Զորի Բալայան > Ալեքսանդր Գրիգորյան. "ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՏԼԵՏ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ"

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՏԼԵՏ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Փետրվարի 10-ին լրանում է Զորի Բալայանի 80-ամյակը

Պատանեկության տարիներին հայտնի գրող, բժիշկ և ճանապարհորդ Զորի Բալայանը կլանված ընթերցում էր Անտոն Չեխովին և Ջեկ Լոնդոնին։ Գուցե այդ պատճառով էլ բժիշկ դարձավ, որպեսզի Չեխովի պես ուղևորվի Հեռավոր Արևելք և բուժի մարդկանց։ Եվ ինչպես Լոնդոնը՝ ծառայի նավատորմում, որպեսզի ճեղքի անծայրածիր ծովերն ու օվկիանոսները։ Թե՛ Ջեկ Լոնդոնին, թե՛՛ Զորի Բայայանին ձգում էին Հյուսիսը, ձյունածածկ լայնարձակ տարածքները. նրանք շնասահնակներով անցան դրանք լայնքով ու երկայնքով։ Ամերիկացին՝ Ալյասկայում, հայը՝ Կամչատկայում։ Պարզապես նրանց բաժանում էին ժամանակը և…Բերինգի նեղուցը։
Երկուսն էլ երազում էին շուրջերկրյա ճամփորդության մասին։ Հայտնի է, որ Լոնդոնին չհաջողվեց այն իրագործել, թեև բավական հաճախ նավարկում էր տարբեր մեծ ու փոքր նավերով։ Զորի Բալայանին հաջողվեց՝ "Արմենիա" առագաստանավով, 76 տարեկան հասակում։
Տարիքի վերաբերյալ վերջին ճշգրտումը բոլորովին էլ պատահական չէ։ Դա շատ բան է հասկանալի դարձնում նրանց համար, ովքեր 36 տարեկանում էլ չեն համարձակվի հեռավոր նավարկություն սկսել օվկիանոսներով, մի զբաղմունք, որն ուղղակի ասած՝ ոչ միայն հյուծիչ է, այլև վտանգավոր։ Ճիշտ է, հայտնի է, որ Ֆրենսիս Չիչեստերը նույնպես իր օվկիանոսային ճամփորդություններից մեկը կատարեց, երբ 70 տարեկան էր։ Չգիտեմ, ինչն էր սատարում անգլիացի ծովագնացին իր ճանապարհին, փոխարենը՝ գիտեմ, որ Զորի Բալայանին օգնում էր իր մարզական անցյալը, ֆիզիկական պատրաստվածությունը։ Այստեղից էլ՝ իմ հետաքրքրությունը Զորի Հայկովիչի հանդեպ արդեն ոչ թե որպես գրողի, բժշկի և ճանապարհորդի, այլ մի մարդու, որի համար սպորտը նույնպես մասնագիտություն է։ Չէ՞ որ Զորի Բալայանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է երկու մարզաձևերում, Համամիութենական կարգի մրցավար և Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (N-o1 կրծքանշանով). այդ կոչմանը նա արժանացավ միջնադարյան հայկական նավերի գծագրերի և նկարագրությունների հիման վրա կառուցված "Կիլիկիա" առագաստանավով յոթ ծովերով ճամփորդելուց հետո։
Ավելին, նա նաև մարզական գործիչ է, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական ռեզերվի Երևանի մարզադպրոցի հիմնադիրներից մեկը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի առաջին նախագահը (սկսած 1979 թվականից, իսկ 1991-ից հետո՝ պատվավոր նախագահը), պարգևատրված է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի մի քանի մեդալներով։ Բավական է հիշեցնել, որ մեր բոլոր սպորտային ֆեդերացիաներից աշխարհի և Եվրոպայի ամենից շատ չեմպիոններ ու մրցանակակիրներ է պատրաստել սամբոյի ֆեդերացիան, որը գլխավորում էին Զորի Բալայանը և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Լևոն Հայրապետյանը։ Սակայն ինքը՝ Զորի Բալայանը երբեք այդ մասին չի գրել և չի խոսել։
Սպորտի, դրա ժամանակակից խնդիրների իմացությունը չափազանց մոտ են Զորի Բալայանին որպես հասարակական գործչի։ Որպես գրողի՝ նույնպես։ Սպորտային նոտաներն ու թեմաները հաճախ են հնչում նրա ստեղծագործություններում։ Կամչատկայի շարքի նրա պատմվածքներից մեկը՝ "Մեխիկոյի ազդականչերը", որ ես ընթերցել եմ բազմաթիվ անգամներ, եղջերվապահի մասին է, ազգությամբ կորյակ Իվան Կավավայի՝ մոլի մարզասերի, որն օժտված էր համաշխարհային սպորտի մասին էնցիկլոպեդիկ գիտելիքներով։
Դրանք այն ժամանակներն էին, երբ չէինք էլ երազում ինտերնետի մասին, երբ տունդրայում հազվադեպ կարելի էր հեռուստացույց գտնել, իսկ աշխարհի անցուդարձին տեղեկանում էին տրանզիստորային ռադիոընդունիչի միջոցով, ինչպես և անում էր Կավավան։ Եվ չնայած դրան, կամչատկացի եղջերվապահը ամենայն մանրամասնությամբ գիտեր ծանրամարտիկներ Վլասովի և Ժաբոտինսկու, հեռացատկորդներ Բիմոնի և Տեր-Հովհաննիսյանի դրամատիկ մենամարտերի պատմությունը։
-Ի՞նչ է ձեզ համար սպորտը,-հարցնում եմ Զորի Հայկովիչին։
-Խոստովանեմ, դա ինձ համար սովորական հարց չէ։ Մոտ կես դար առաջ, անցած հարյուրամյակի վաթսունական թվականների սկզբին Կամչատկայում ես դարձա "Կամչատսկի կոմսոմոլեց" երիտասարդական թերթի "Էստաֆետա" ամենամսյա մարզական հավելվածի հիմնադիրն ու խմբագիրը՝ հասարակական հիմունքներով։ Այնտեղ հոդվածներ կային և՛ անտիկ օլիմպիական խաղերի պատմության մասին, և՛ մարզական բժշկական խորհուրդներ ու նույնիսկ՝ փիլիսոփայական մտորումներ ֆիզկուլտուրայի և սպորտի մասին։
Օգտվելով առիթից, կարծում եմ, իմաստ ունի երկար տասնամյակներ անց վերադառնալ սպորտի փիլիսոփայության թեմային։ Իհարկե, ճիշտ կլինենք, եթե ասենք, որ սպորտը ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչն է, ֆիզիկական դաստիարակության միջոցն ու մեթոդը, դա համակարգ է՝ կազմակերպելու, նախապատրաստելու, անցկացնելու մրցումներ և այլ, և այլն։ Բայց սպորտը, իմ խորին համոզմամբ, նաև կենսակերպ է, գործուն փիլիսոփայություն է, "ինքնահաղթահարման" դպրոց։ Սպորտը տաճար է, որտեղ խստիվ պահպանվում են օրենքներն ու կանոնները, որտեղ հարգում են հակառակորդին։ Դա, թե կուզեք՝ մտորումների, վեճերի առարկա է։ Եվ վերջապես, իհարկե, սպորտը մեծագույն արվեստ է՝ իսկական շաքսպիրյան կրքերով, դիտարժանությամբ։ Երկար տարիներ սպորտը եղել է իմ կյանքի իմաստն ու էությունը, և ահա արդեն ավելի քան յոթանասուն տարի ամեն առավոտ զբաղվում եմ մարմնամարզությամբ։
-Նույնիսկ ծովո՞ւմ։
-Հարցրեք "Վուլկանի", "Հեյզերի", "Կիլիկիայի" և "Արմենիայի" իմ ընկերներին, և կհաստատեն։ Երևի պետք է ասել և այն մասին, որ ինքնաշեն նավակներով մեր ճամփորդությունը գովերգել եմ բանաստեղծությամբ։ Իսկ հայտնի կոմպոզիտոր Բելա Վոլոդինան գրեց երաժշտությունը, և մենք հաճախ երգում էինք այդ երգը։ Բերեմ ընդամենը մեկ քառատող.

"Наш "Вулкан" и "Гейзер" по порядку,
Ленты рек по глобусу прошли.
Ближе, чем далекая Камчатка,
На Земле не знали мы земли!"

-Իսկ ինչպե՞ս եկաք սպորտ։
-Ստեփանակերտում չգիտեի ոչ մի տղայի, որ չզբաղվեր սպորտով։
Մեզանից մեծամասնության կուրծքը զարդարում էին տարբեր մարզաձևերում հանրապետական առաջնությունների մրցանակիրների և կարգայինների կրծքանշանները։ Ինձ մոտ պահպանվել են շատ պատվոգրեր և դիպլոմներ ծանրաքարային սպորտում, ծանրամարտում, թեթև ատլետիկայում (նիզակի և սկավառակի նետում) հաղթանակների համար։
-Ունեի՞ք պատանեկան տարիների ձեր սպորտային կուռքերը։ Եվ կա՞ն այդպիսիք հիմա։
-Առ այսօր հիշում եմ այն ժամանակվա լեգենդար շատ սպորտսմենների, քառասնական, հիսունական, վաթսունական թվականնների ԽՍՀՄ չեմպիոնների և ռեկորդակիրների անուններ։ Մի՞թե կարելի է մոռանալ այնպիսի մարդկանց, ինչպես օրինակ, Գրիգորի Նովակը և Հրանտ Շահինյանը, Յուրի Վլասովն ու Ալբերտ Ազարյանը, Վալերի Բրումելը և Վլադիմիր Ենգիբարյանը, Պաուլ Անդերսոնը և Լասլո Պապպը։ Բայց անձամբ ինձ համար հիրավի հավերժական լեգենդ են եղել և մնում Սերգո Համբարձումյանը և Յուրի Վարդանյանը։
Ես շատ եմ գրել մարզական ռեկորդների սահմանների մասին։ Դրանք ամբողջ հետազոտություններ էին։ Երկրում առաջիններից մեկն եմ կանխատեսել ծանրամարտում Վասիլի Ալեքսեևի ռեկորդը՝ եռամարտում 615 կիլոգրամի հաղթահարումը։ "Սովետսկի սպորտ" թերթում իմ հրապարակումն այդպես էլ վերնագրված էր՝ "615-ը իրականություն է"։ Մարզական հնարավորությունների սահմանների մասին իմ հոդվածը՝ "Անհավատալին՝ ակնհայտ" վերտառությամբ, տեղադրված է Մոսկվայում հրատարակված իմ երկերի ժողովածուի ութհատորյակի երրորդ գրքում։ Մի խոսքով, ես պարզապես ապրում էի և նույնիսկ հիմա էլ ապրում եմ սպորտով։
-Իսկ ինչպիսի՞ն էր այն տարիների մարզական Ստեփանակերտը։
-Ստեփանակերտը հիրավի սպորտային քաղաք էր։ Պատահում էր, որ մի ինչ-որ սպարտակիադայի ավարտ անցկացվեր, և ողջ քաղաքը՝ իր բոլոր փողոցներով, հրապարակներով, զբոսուղիներով հատկացվում էր սպորտին։ Ստեփանակերտցի աղջիկները սիրահարվում էին միայն սպորտսմեններին։
-Իսկ այսօր ո՞ւմ են սիրահարվում։ Սա՝ իմիջիայլոց։
-Զուր եք կարծում, թե ասելու եմ՝ հաստաքսակներին։ Այդ ամենը գռեհիկ հեքիաթներ են։ Աղջիկները, ինչպես իմ Ստեփանակերտում, իմ Երևանում, ինչպեսև ամենուր, առաջվա պես սիրահարվում են սպորտային, խելացի, մաքուր և ազնիվ պատանիներին։
-Ուզում եմ հավատալ, բայց դա այլ թեմա է։ Պատմեք ձեր սպորտային ժամանակների մասին, երբ ծառայում էիք նավատորմում, սովորում Ռյազանի բժշկական ինստիտուտում, որպես բժիշկ աշխատում Կամչատկայում։
-Տեսնում եմ, դուք լավ ուսումնասիրել եք իմ աշխարհագրությունը։
-Ձեր ողջ աշխարհագրությունը, ինչպես նաև կենսագրությունը ձեր գրքերում է։
-Կրկնեմ, ես արդեն ասել եմ, որ, բարեբախտաբար, պահպանվել են իմ շատ սպորտային պատվոգրեր՝ ցուցանիշների և մեդալների արժողության նշումներով։ Հիմա մինչև կյանքիս վերջ հիշելու եմ, որ ծովայինի համազգեստը հագիս 62 անգամ բարձրացրել եմ երկու փթանոց ծանրաքարը։ Հաջորդաբար յոթ անընդմեջ պտույտ եմ գործել մարզաձողի վրա՝ "արև" վարժությամբ։ Ծանրամարտում եռամարտի հանրագումարում հաղթահարել եմ 335 կիլոգրամ։ Անձնական ռեկորդս հրում վարժությունում կազմել է 152,5 կիլոգրամ։ Կրծքիս վերցել էի 157,5 կիլոգրամ, բայց չկարողացա հրել, ավելի ճիշտ՝ պահել գլխավերևում։ Փոխարենը, այդ մասին միշտ հիշում եմ։ Դա արդեն Կամչատկայում էր։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում չեմպիոն էի երկու փթանոց ծանրաքարի գծով։ Ինչ վերաբերվում է նիզակի և սկավառակի նետմանը, դա արդեն Բաքվի սպարտակիադայում էր, Ստալինի անվան մարզադաշտում։ Եղել եմ ծանրաձողի չեմպիոն ռազմածովային ուսումնական հաստատությունների կուրսանտների, ինչպեսև բալթիական նավատորմի, Ռյազանի ուսանողական խաղերի առաջնություններում։ Մի խոսքով, բավական է պարծենամ։ Թեև պետք է լրացնեմ, որ ծանր ատլետիկայի սպորտի վարպետ եմ դարձել Ուզբեկստանում։
-Կարծեմ, դուք ԽՍՀՄ սպորտի վարպետ եք դարձել և այլ մարզաձևում։ -Դա եզակի մարզաձև է։ Այն հիմնադրվել է ԴՕՍԱԱՖ համամիութենական կազմակերպության կողմից։ Հիշո՞ւմ եք, կար մի այդպիսի կարևոր ու լուրջ կազմակերպություն՝ Բանակի, ավիացիայի և նավատորմի աջակցության կամավոր միություն։ իսկ նոր մարզաձևն անվանվում էր այսպես. հեռավոր մարզական նավարկություն՝ մարզանավակներով։ Խոսքն ավելի քան հազար կիլոմետր տարածահատվածի մասին էր։ Իսկ ես Կամչատկայի իմ ընկերներ Գավրիլինի և Սալնիկովի հետ "Վուլկան" և "Հեյզեր" ինքնաշեն նավակներով հաղթահարեցի ավելի քան երեսուն հազար կիլոմետր։ Սպորտի վարպետի երկրորդ կրծքանշանը ստացել եմ ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, Խորհրդային Միության եռակի հերոս Ալեքսանդր Պոկրիշկինի ձեռքից։
-Կրծքանշանները պահպանո՞ւմ եք։
-Ցավոք, երկուսն էլ կորցրել եմ։ Բայց պահպանել եմ վկայականները։
-Ըստ իս, դուք նաև մրցավար եք եղել, այն էլ՝ համամիութենական կարգի։
-Դա արդեն Կամչատկայում էր։
-Մոտ քառասուն տարի դուք Լևոն Հայրապետյանի հետ գլխավորում եք Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Ի՞նչ կասեք Հայաստանում սամբոյի և ընդհանուր առմամբ սպորտի վիճակի մասին։
-Այստեղ արդեն գլուխ չես պրծացնի սովորական, կարճ պատասխաններով։ Մեր, ցավոք, պառակտված հասարակության մեջ ի պատասխան նման հարցի, ոմանք կարող են գովերգեր հնչեցնել, մյուսները՝ ամենավերջին խոսքերով պախարակել սպորտի կազմակերպումը։ Մինչդեռ, մի կողմ թողած ցանկացած հարցի, այդ թվում նաև սպորտի վերաբերյալ ծայրաստիճան քաղաքականացված հասարակական կարծիքը, կուզենայի ասել, իմ կարծիքով, ամենակարևորի մասին։ Արդեն նշել եմ, որ սպորտը ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչն է։ Դա նշանակում է, որ խոսքը ողջ ժողովրդի ընդհանուր առողջության մասին է։ Մեծից փոքր։ Միաժամանակ մենք մոռացել ենք ֆիզիկական կուլտուրայի բուն էության, բուն իմաստի մասին, որը սպորտի նախահիմքն է հանդիսանում։ Ոչ մի կերպ չի կարելի պետական ֆիզիկական կուլտուրայի զարգացման ասպարեզի արդյունքները չափել ընդամենը մեդալների և գավաթների քանակով։ Իհարկե, մարզական ցուցանիշները ահռելի նշանակություն ունեն մեզ համար։ Չխոսենք արդեն օլիմպիադաներում և համաշխարհային առաջնություններում տարվող հաղթանակների մասին։ Խոսքն այստեղ ազգային արժանապատվության, ազգային արժեքի մասին է։ Բայց մենք խոսում ենք այլ բանի մասին։ Մենք մոռանում ենք, որ մարզական հաղթանակների քանակը ուղղակիորեն կախված է ողջ երկրի, ողջ բնակչության ընդհանուր ֆիզիկական կուլտուրայի վիճակից։
Խորհրդային Միության փլուզումից հետո մենք, ինչպես ռուսական ասացվածքում՝ "ջրի հետ երեխային էլ թափեցինք"։ Այդպես էր ոչ միայն ֆիզիկական կուլտուրայի հարցում։ Նույնը կարելի ասել կրթության և առողջապահության ոլորտների վերաբերյալ։ Ես խոսում եմ ընդամենը այն կազմակերպությունների մասին, որոնք կապված են ժողովրդի առողջության հետ։ Հիշենք, թե քանի մասնագիտացված մարզադպրոցներ ունեինք, քանի-քանի անվճար մարզադահլիճներ։ Չէ՞ որ, ըստ էության, համարյա բոլոր երեխաներն էին այցելում դրանք։ Այդ որքա՜ն պետք է չսիրես մարդկանց, որ վերացնես Երևանի՝ հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում գտնվող լողավազանը և բռնցքամարտի դահլիճը։ Ի դեպ, հենց այդ դահլիճում են աճել հայտնի բռնցքամարտիկներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։ Այսօր երեխան կալանավորի պես բանտված է չորս պատերի ներսում։ Դա ոչ միայն տխուր է ու թախծալի։ Դա նաև վտանգավոր է։
Կրնկի վրա բաց, պետական մարզադահլիճներ չկան, փողոց չես կարող դուրս գալ, քանզի մեքենաների հրեշավոր հոսքը թույլ չի տալիս երեխաներին առանց ծնողների փողոցն անցնել։ Բոլոր բակերը կառուցապատված են նույնիսկ ոչ այնքան ավտոտնակներով, որքան նորանոր շենքերով, որոնք Թամանյանի հանճարը չէր նախատեսել։ Մեր բժիշկները, հատկապես մանկաբույժները լավ գիտեն, որ փոքրիկների վրա վերջին տարիներին ուղղակի ինչ-որ ժանտախտի պես թափվել է ադինամիան։ Չեմ ցանկանում համատարած տխրություն սերմանել, ավելին, հավատում եմ, որ իրավիճակը կարելի է շտկել։ Բայց պետք է ֆիզիկական կուլտուրայի արմատական բարեփոխում՝ պետական մակարդակով, հիշելով, որ այդ պատասխանատու, ես կասեի՝ ռազմավական գործով պետք է զբաղվեն բացառապես բարոյական, բարձրակիրթ մասնագետներ, աստվածատուր վարպետ-ուսուցիչներ, որոնք անկեղծորեն անհանգստացած են մեր հայրենիքի ապագայով։
Ինչ վերաբերվում է ինձ հարազատ սամբոյին, ապա այդ մարզաձևը, շնորհիվ ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Լևոն Հայրապետյանի և իր զինակիցների, շարունակում է զարգանալ։ Սկսած 1980 թվականից, երբ նրա սան Գառնիկ Հովհաննիսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, Հայաստանի փահլևաններից առաջինը նվաճելով ոսկե մեդալ՝ ըմբիշական բոլոր ոճերում (!), մեր սամբիստները աշխարհի և Եվրոպայի առաջնություններից չեն վերադառնում առանց պարգևների։ Չորս տասնամյակ շարունակ հայ սամբիստները ԿԱՅՈՒՆՈՐԵՆ հասնում են բարձր արդյունքների։ Վերջին տարիներին հաղթանակների էստաֆետը հաջողությամբ իրենց ձեռքն են վերցրել Արցախի սամբիստները, մեր սամբոյի և ձյուդոյի դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաները։ Դպրոց, որ Լևոն Հայրապետյանի հետ կարողացանք ստեղծել 1989 թվականին, ղարաբաղյան շարժման արշալույսին։ Աշխարհի չեմպիոններ դարձան Աշոտ Դանիելյանը (կրկնակի) և Մավրիկ Նասիբյանը, կանանց մեջ բրոնզե մեդալակիր՝ Սոսե Բալասանյանը
1979 թվականին ինձ ընտրեցին Հայաստանի սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, ինչին համաձայնություն տվեցի առաջին հերթին այն պատճառով, որ անսահման հավատ ունեի Լևոնի ու իր սաների կազմակերպչական և վարպետական տաղանդի հանդեպ։ Եվ, բարեբախտաբար, չսխալվեցի։ Իսկ երբ ժամանակի հետ ինձ համար ծանր դարձավ կրել այդ բեռը, հրաժարվեցի ղեկավարել ֆեդերացիան, բայց մնացի դրա պատվավոր նախագահը։ Շարունակեցի ծառայել այդ ուժեղ ու քաջ տղաներին, որոնց շնորհիվ տասնյակ անգամներ աշխարհի տարբեր անկյուններում, սկզբում ի պատիվ ԽՍՀՄ-ի, իսկ ապա անկախ Հայաստանի և անկախ Արցախի հնչեց օրհներգը և բարձրացվեց Հայրենիքի դրոշը։
Ափսոս, իհարկե, որ այդ հիրավի առնական մարզաձևը մինչև հիմա ընդգրկված չէ համաշխարհային Օլիմպիական խաղերի ծրագրում։ Բոլորովին չեմ կասկածում, որ կգա օրը, երբ Լևոն Հայրապետյանի սաները կդառնան "օլիմպիականներ"։
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ժամանակակից ֆուտբոլը. սպորտ, շոու, թե՞ քաղաքականություն։
-Ֆուտբոլը մարդկության սիրելի խաղն է, միլիոնավորների խաղը, ինչպես հիմա ընդունված է ասել։ Ֆուտբոլը մտածելակերպ է, կենսակերպ։ Ցավոք, այն քաղաքականացրել են, գռեհկացրել, դարձրել բիզնես։ Սարսափում ես, երբ երիտասարդության կուռքեր են դառնում թմրամոլ-ֆուտբոլիստները։ Չէ՞ որ ֆուտբոլը կարող է միավորել ժողովուրդների, լուծել բարոյականության հարցեր։ Նկատված փաստ է, որ կարևորագույն մրցումների օրերին դադարում են գողությունները։ Ֆուտբոլում ավելի մեծ չափով է արտահայտվում պետականության, օրհներգի, դրոշի, համազգային հաղթանակի զգացումը։
-Ո՞վ է ձեր սիրելի ֆուտբոլիստը, բոլոր ժամանակների լավագույն հայ խաղացողը։ Ներկայացրեք Հայաստանի հավաքականի ձեր խորհրդանշական կազմը։
-Սիրված խաղացողը իմ ընկերն է, Ստեփանակերտի "Ղարաբաղ" և Երևանի "Սպարտակ" թիմերի առաջատար, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանը։ Ֆուտբոլը թողնելուց հետո նա ղեկավարեց Մանվածքային կոմբինատը, աշխատեց որպես Հայաստանի Պետստանդարտի նախագահի տեղակալ։ Այսօր դասախոսում է ուսանողներին։
Լավագույն հայ ֆուտբոլիստ եմ համարում Էդվարդ Մարգարովին, թեև գավաթային խաղի երկու լեգենդար գոլերի հեղինակը Լևոն Իշտոյանն էր։ Խորհրդանշական հավաքականը ինձ համար "Արարատ-73"-ի ողջ կազմն է՝ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ՝ հայերի մեջ ֆուտբոլի գծով միակ օլիմպիական չեմպիոնը։ Գումարած այն աստղերը, որոնք խաղացել են նրանցից առաջ, ինչպիսիք էին Սերգեյ Զատիկյանը, Մանուկ Սեմերջյանը, Սարգիս Հովիվյանը և, իհարկե, Խորեն Հովհաննիսյանը՝ 80-ականներից։ Առանց նրանց, առանց "Արարատ-73"-ի գոյություն չէր ունենա համաժողովրդական սերը Հայաստանի այսօրվա հավաքականի նկատմամբ։
-Թանկագին Զորի Հայկովիչ, թույլ տվեք "Նոյյան տապան" թերթի և նրա բազմաթիվ ընթերցողների անունից շնորհավորել ձեզ հոբելյանի կապակցությամբ, մաղթել առողջություն, ղարաբաղյան երկարակեցություն, ստեղծագործական նոր հաջողություններ, իսկ մեր Արցախին՝ Խաղաղություն և Անկախություն։

Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆ