Զորի Բալայան > ՀԻԱՆԱԼԻ ՏԱՐԻՔ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՐ |
ՀԻԱՆԱԼԻ ՏԱՐԻՔ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
Թանկագին Զորիկ Կներես, որ հոբելյանիդ այս հանդիսավոր օրը քեզ դիմում եմ այսքան ազատ։ Բանն այն է, որ մեր բարեկամության տասնամյակների ընթացքում(արդեն չեմ հիշում, թե քանիսն էին այդ տասնամյակները՝ չորս, թե հինգ) ես այդպես էլ չվարժվեցի, որ դու Զորի Հայկի Բալայանն ես, պատվարժան մարդ, հայտնի ժուռնալիստ, հանրահայտ գրող, ճանաչված քաղաքական գործիչ, երևելի հասարակական գործիչ և ընդհանրապես հայ ժողովրդի ականավոր զավակ։ Երբ մենք ծանոթացանք Կամչատկայում, դու այնտեղ և՛ թերապևտ էիր, և՛ սպորտային բժիշկ ու տեղացի թոշակառուներին բուժում էիր բոլոր հիվանդություններից ֆիզիկական վարժություններով. որքան էլ տարօրինակ է, ապաքինվում էին։ Դու այն ժամանակ սպորտի վարպետ էիր ծանրամարտի գծով, կարծեմ, նաև ըմբշամարտի, և ներիր ճշմարտության համար, խենթ բախտախնդիր՝ միշտ պատրաստ ցանկացած արկածի։ Քո հետագա կենսագրությունը նման էր լեռնային ճանապարհի՝ իր բոլոր ոլորաններով, զառիթափ պտույտներով, վտանգավոր վիրաժային անցումներով։ Եղար բժիշկ։ Եղար կենտրոնական թերթի թղթակից։ Եղար բազմաթիվ զանգվածային շարժումների նախաձեռնող։ Եղար (և մնում ես) գրող, յոթանասուն գրքերի հեղինակ։ Եղար քաղաքական գործիչ, նույնիսկ առաջադրվեցիր Հանյաստանի նախագահ։ Բարեբախտաբար չհաղթեցիր. չեմ կարող պատկերացնել քեզ առանձնասենյակում, քարտուղարուհիների հետ և մինչև փորի կեսը հասնող փողկապով։ Եղար բազմաթիվ պարգևների ու մրցանակների դափնեկիր, կարծում եմ, ինքդ էլ չես հիշում, թե ինչպիսի. վառ կետերը պետք են գորշ խորապատկերին, իսկ քո բնույթի մեջ այդ գույնը երբեք չի եղել։ Բայց չի փոխվել քո գլխավոր էությունը՝ ցանկացած իրավիճակում մնացել ես իմ հավատարիմ ընկեր Զորիկ Բալայանը։ Պաշտոններից ու պարտականությունների շատ ավելի հետաքրքիր է քո արկածների ցանկը։ Երկու ընկերներիդ հետ փոքրիկ մոտորանավակներով լողացիր Ռուսաստանի գետերով՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտիկ (ուրախ եմ, որ ամենաբարդ հատվածում՝ Մոսկվայից մինչև Տվեր, ես ընկերակցեցի քեզ)։ Շնասահնակներով հաղթահարեցիր սառցաշունչ տունդրան ՝ Կամչատկա թերակղզու հարավից մինչևՀյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափեր։ Մինչև վերջին գյուղը, ոտքի տակ առար ողջ Հայաստանը, ապա և ողջ Ամերիկան և մեկական գիրք գրեցիր յուրաքանչյուր ճամփորդության մասին։ Դու Լիբանանում եղար ահավոր պատերազմի ժամանակ։ Թեև ո՜ւր միայն չեղար։ Մի անգամ քո անձնական "շարժիչը" չդիմացավ մշտական ծանրաբեռնումներին, Բժիշկ-գործընկերներդ սիրտդ վիրահատեցին, արդեն չեմ հիշում որտեղ, կարծեմ՝ ԱՄՆ-ում։ Ապաքինումդ նշեցիր հերթական արկածախնդրությամբ։ Վերջին թե նախավերջին անգամ ինձ զանգեցիր մի ինչ-որ աներևակայելի հեռվից՝ Ատլանտիկ թե՞ արդեն Խաղաղ օվկիանոսի հարավային մասից, երբ ղեկավարում էիր շուրջերկրյա նավարկություն կատարող առագաստանավը։ Ճիշտ այդ ժամանակ նախաբան էի գրում երկերիդ ժողովածուի նոր հատորի համար և հետաքրքրվեցի, թե ինչպես նշեմ մասնագիտությունդ, քեզ ուղղելով անմոռանալի Պանիկովսկու հայտնի հարցը. "Իսկ դու ո՞վ ես"։ Քիչ մտածելով, ծիծաղեցիր. "Գրիր՝ ճանապարհորդ"։ Ես այդպես էլ գրեցի… Դե, ի՞նչ կարելի է մաղթել լավ մարդուն հոբելյանի կապակցությամբ։ Ինչ-որ ժամանակ իմ և քո մեծ նախորդ Նիկոլայ Ալեքսեևիչ Նեկրասովը կազմեց երկարակեցության դեղատոմսը. "Կապրես այնքան, քանի դեռ ոտքի վրա ես"։ Այնպես որ, Զորիկ, շարունակիր ճամփորդել։ Ութսուն տարին հիանալի հասակ է արկածների համար, հենց թեկուզ այն պատճառով, որ արդեն կորցնելու բան չունես։ Եկ համարենք, թե կյանքը նոր միայն սկսվում է, առավելևս, որ Հայաստանի լեռներում նույնիսկ ինսուն տարեկանները ծերունիներ չեն համարվում։ Եվ խնդրում եմ, չմոռանաս, որ Մոսկվայում ընկեր ունես՝ մշտապես պատրաստ միանալու քո ցանկացած խենթ ձեռնարկմանը։ Քո Լեոնիդ Ժուխովիցկի "Լիտերատուրնայա գազետա" թերթը ութսունամյակի կապակցությամբ սրտանց շնորհավորում է հայտնի ժուռնալիստ և գրող Զորի Հայկովիչ Բալայանին, որի կյանքի կեսը կապված է "ԼԳ"-ի հետ. ճիշտ քառասուն տարի առաջ նա դարձավ թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, քառորդ դար բեղմնավոր աշխատեց այդ պաշտոնում և մինչև օրս էլ մնում է մեր մշտական հեղինակը։ |
![]() ![]() ![]() |