Զորի Բալայան > Նորություններ > "ԿԻԼԻԿԻԱ"-Ի ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆԱԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆՆ Է |
"ԿԻԼԻԿԻԱ"-Ի ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆԱԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆՆ Է |
Ծովային հետազոտությունների "Այաս" ակումբի նախագահ, "Կիլիկիա" առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը դիմել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝՝ Հայաստանի ծովային թանգարան ստեղծելու հարցով։ Այդ մասին տեղեկանալով վարչապետի աշխատակազմից, ես իմ պարտքը համարեցի արտահայտել վերաբերմունքս այդ արդիական թեմայի հանդեպ։ Առաջին հերթին հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից "Այաս" ակումբին առաջարկվել է մոտ 4000 խորանարդ մետր մակերեսով տարածք՝ Երևանյան լճի հյուսիս-արևելյան ափին։ Հաշվի առնելով թանգարանի պետական նշանակությունը, նամակում շարադրվել էր խնդրանք՝ նշված տարածքը հանձնել "Այաս" ակումբին պայմանագրով, որպես սեփականության անհատույց նվիրաբերում (նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով նշված տարածքը տրամադրել "Այաս" ակումբին)։ (Այսպիսի ձևակերպում է առաջակվել քաղաքապետարանում)։ Նամակում նշվում է և այն, որ կան մարդիկ, ովքեր կզբաղվեն թանգարանի նախագծմամբ և շինարարությամբ։ Դա նշանակում է, որ շոշափելիորեն մոտ է երազանքի իրագործումը, որի մասին մեր ժողովրդին պատմել էինք դեռևս տասը տարի առաջ, գտնվելով "Կիլիկիա" առագաստանավում, յոթ ծովերով ճամփորդելով Եվրոպայի շուրջ։ Այն ժամանակ, եռափուլ նավարկության ավարտին մենք երազում էինք նաև մեր ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը կատարելու մասին մի առագաստանավով, որն անպայման պետք է կրեր "Արմենիա" անվանումը, ինչպեսև Հայաստանի Ծովային թանգարան ստեղծելու մասին։ Թանգարան ստեղծելու գաղափարը, ինչպեսև դրանից առաջ "Կիլիկիա" նավը կառուցելու գաղափարը, պատկանում էր Կարենին։ Առագաստանավը՝ XI-XIV դարերի կիլիկյան նավերի կրկնօրինակը, որ կառուցեցին նա և իր ընկերները, անցավ յոթ ծովերով առաջին անգամ, բացի ամենայնից, Հայաստանի պետական դրոշի ներքո։ Այդ ամենի մասին և, մասնավորապես, թանգարան ստեղծելու մասին ես պատմել եմ մեր ոդիսականին նվիրված եռհատորյակի երրորդ գրքում։ Առաջարկում եմ հատվածներ "Կիլիկիա". վերադարձ" գրքից՝ թանգարան ստեղծելու մեր երազանքի մասին։ * * * Անցյալ տարի տղաներից մեկը մի բան ասաց. "Կարենը հոբի ունի։ Նա հավաքում է աշխարհի ծովային թանգարանների տնօրեններ" և գտնվում է նրանց հետ նամակագրական կապի մեջ։ Չեմ հիշում՝ ո՞վ էր։ Երևի Հայկ Բադալյանն էր, որի խոսքի մարգարիտները ժամանակի հետ նավի վրա դառնում էին ժողստեղծագործություն։ Բայց ճշգրիտ էր ասված։ Այդ առումով բացառություն չկազմեց նաև Ստոկհոլմը։ Կարենի հերթական ընկերը Ֆրեդ Հոկերն էր՝ խորտակված "Վազա" (որոշ տեղերում՝ "Վասա") նավի թանգարանի տնօրենը։ Իհարկե, ինքնատիպ թանգարան է, որտեղ ներկայացված է ընդամենը մեկ ցուցանմուշ։ Դա խորտակվելուց 330 տարի անց ծովի հատակից վեր բարձրացված "Վազա" ռազմանավն է։ Մնացյալը վերցված է բուն նավից՝ մարդկային գանգեր, մետաղադրամներ, մուշկետ հրացանի գնդակներ, խոհանոցային պիտույքներ։ 1625 թվականին Շվեդիայի ամենահռչակավոր թագավոր Գուստավ-Ադոլֆ Երկրորդը որոշեց զարմացնել աշխարհը։ Եվ զարմացրեց։ "Վազան" կառուցելու համար հատվեց 1000 դարավոր կաղնի, ավելի ճիշտ՝ ընտրվեց 100 "սիգար" հատված ծառերի անհամար քանակից։ Մինչ այդ աշխարհում նման բան չէր եղել։ Այն ժամանակներում ընդունված չէր նավի վրա դրոշմել դրա անունը։ Ի դեպ, հենց այդ պատճառով "Կիլիկիա"-ի վրա ոչինչ չկա գրված։ Այն ճանաչելի է Հայաստանի և Արցախի, պատմական Կիլիկիայի դրոշներով Բայց դա չի նշանակում, թե հնադարում և միջնադարում միայն կտավե խորհրդանիշեր էին օգտագործվում։ …Կցանկանայի համեմատել "Վազա"-ի և "Կիլիկիա"-ի հիմնական բնութագրերը։ Թող այդ համեմատությունը ոչ մեկի մոտ չնույնանա փղի և շնիկի առակային կերպարների հետ։ Բանն այն է, որ երկու նավերն էլ պատրաստված են կաղնուց։ "Կիլիկիա"-ի երկարությունը 20 մետր է, "Վազա"-ինը՝ երեք անգամ ավելի։ Մեր նավի լայնությունը հինգ մետր է, "Վազա"-ինը՝ երկու անգամ ավելի։ Մեր մեկուկես մետր նստվածքի համեմատ էլ երեք անգամ է շատ։ Եվ ամենակարևորը՝ ջրատարողությունը, որ "Կիլիկիա"-ի հիսուն տոննայի համեմատ (ընդամենը մաքուր 20 տոննա քաշի դեպքում) մեծ է 24 անգամ։ "Կիլիկիա"-ի մեծ առագաստի մակերեսը մոտ 120 մ2 է, իսկ "Վազա"-ի երեք կայմերի բոլոր բաց առագաստներինը՝ 1274 մ2։ Ուժգին ծովահողմի ժամանակ մենք մի քանի րոպեում իջեցնում ենք և բացում երկու ստակսելները (միջին չափի)։ Հակառակ դեպքում քամուց փքված մեծ առագաստը կամ կպատռվի, ինչպես եղավ Փոթիի փոթորկի ժամանակ, կամ կշրջի նավը, կամ էլ արմատահան կանի կայմը։ Դրանք բոլորը ֆիզիկայի օրենքներ են։ "Վազա"-ի վրա, բացի սեփական ահռելի քաշից, կային նաև 64 ծանրագույն թնդանոթներ, չհաշված անձնակազմի մոտ հարյուր անդամներին և դեռ մի այդքան էլ պատվավոր ուղևորների՝ երեխաների հետ։ 1628 թվականի օգոստոսի 10-ին "Վազա"-ն պոկվեց նավամատույցից։ Ինչպես նշված է տասնյակ փաստաթղթերում (այդ թվում՝ նաև դատական), քամին թույլ էր, բայց պոռթկուն։ Ես հասցնում էի միայն մանրազնին գրի առնել թանգարանի տնօրեն Ֆրեդ Հոկերի պատմածը։ Նա դարձել էր Կարեն Բալայանի մտերիմ ընկերը։ Նավն անցավ ընդամենը 1300 մետր։ Մեկ մղոնից էլ պակաս։ Շվեդիայի պետական խորհրդի (կառավարության) կողմից թագավորին ուղղված նամակում նշված է, որ հենց ծովախորշում նավի բոլոր առագաստները փքվեցին ուժգին և պոռթկուն քամուց, նավն սկսեց ընկնել կողքի, և հազարավոր ու հազարավոր ստոկհոլմցիների աչքի առաջ մի քանի րոպեի ընթացքում սուզվեց իր բոլոր բաց առագաստներով ու դրոշներով։ Դա տեղի ունեցավ ցերեկվա ժամը հինգին։ Այդ աղետի և անմեղ զոհերի համար Շվեդիան սգացել է սերնդեսերունդ, 333 տարի անընդհատ։ Սգացել են թագավորները, սկսած Գուստավ Երկրորդից, որին պատկանում է այն հայտնի միտքը, թե՝"Շվեդիայի թագավորության բարգավաճումը կախված է Աստծուց և մեր նավատորմից", վերջացրած Կառլ-Գուստավ 16-րդով, որն էլ 1990 թվականի հունիսի 15-ին հիմնեց թանգարանը։ "Վազա"-ն ծովի հատակից բարձրացվեց 1961 թվականի ապրիլի 24-ին։ Եվ տեղնուտեղն էլ սկսվեց նրա բժշկական հետազոտումն ու բուժումը (բառիս բուն իմաստով)։ Եղածի ավելի քան ութսուն տոկոսը պահպանված էր։ Անկրկնելի ցուցանմուշն արդեն դիտել է մոտ 25 միլիոն այցելու։ Շվեդիան կարողացավ ազգային երբեմնի ողբերգությունը հաղթահարել, այն վերածելով ազգային հպարտության խորհրդանիշի։ Եվ Ֆրեդ Հոկերը, Կարենի ձեռքը բռնած, սկսեց խոսել այնպիսի պատրաստակամությամբ, ասես սպասել էր այդ խոսակցությանը. "Այդ գաղափարն ամրապնդված է շվեդների գլխում։ Ի դեպ, այ ես ուշադիր նայում էի "Կիլիկիա"-ի նավաստիների արևախանձ դեմքերին, որոնք մի ամբողջ ժամ ուշադիր լսում էին պատմածս և ինքս էլ այդ մասին էի մտածում։ Չէ՞ որ դուք կարողացաք կառուցել ձեր նախնիների նավի կրկնօրինակը։ Եվ այստեղ խոսքը 800, նույնիսկ 900 տարվա վաղեմության նավի մասին է։ Բայց ստացվե՛ց։ Երեկ, երբ իմ ընկեր Կարենը ծանոթացնում էր ինձ "Կիլիկիա"-ին, մտածեցի, որ դա պարզապես պատմական ռեպլիկ չէ։ Դա ձեր ազգային պարծանքն է։ Շատերն են փորձում ստեղծել իրենց նախնիների նավերի կրկնօրինակները, բայց հազվադեպ է հաջողվում նման նավարկություն իրագործել։ Չէ՞ որ ամենագլխավորը դա է։ Այնպես որ, կգա ժամանակը, կամ ինչպես դուք ասացիք, կգա մի նոր Ալֆրեդ Նոբել, և մենք կհետևենք ձեր օրինակին, կառուցելով նոր "Վազա"։ Այդ բարի մարդը չգիտեր, որ անկանխամտածված կերպով խփեց հենց թիրախին։ Անձնակազմի անդամների հետ իմ ավանդական զրույցների ընթացքում ես բազմիցս խոսքն ուղղել եմ մեր "Կիլիկիա"-ի հետագա ճակատագրի վրա։ Տղաներն առաջարկում էին բազմազան տարբերակներ, ավելի շատ խոսում էին Սևանի մասին, բայց էական վերապահությամբ. "Ճիշտ է, Սևանի քաղցրահամ ջրում դժվար կլինի պահպանել փայտաշեն նավը։ Ամեն օր, 24 ժամ անընդմեջ մշտական խնամք կպահանջվի, հակառակ դեպքում մի տխուր օր նավը կարող է սուզվել"։ Ես այլ գաղափար ունեմ. "Կիլիկիա"-ն տեղադրել մի ոչ բարձր պատվանդանի վրա, ինչպես վարվեց Թուր Հեյերդալը՝ հեռավոր Չիլիից իր լեգենդար "Կոն-Թիկի"-ն Օսլո տեղափոխելուց հետո։ Եվ այսօր նորվեգացիները խելահեղ հպարտությամբ են վերաբերվում իրենց անօրինակ թանգարանին։ Ես չեմ ցանկանում "Կիլիկիա"-ն համեմատել ո՛չ "Վազա"-ի, ո՛չ "Կոն-Թիկի"-ի հետ (թեև ինչո՞ւ ոչ), բայց համոզված եմ, որ մեզ վաղուց էր պետք Հայաստանում ունենալ մի թանգարան՝ "Հայերը և ծովը" պայմանական անվանումով։ Նմանօրինակ թանգարանի համար անգին ցուցանմուշների պակաս բոլորովին չունենք, այստեղ արդեն Կարենն է ջանացել։ Ի՜նչ արժեն հենց միայն այնպիսի պատմական փաստաթղթեր, ինչպիսիք են դեռևս Կիլիկյան թագավորության ժամանակներում ընդունված ծովային օրենքների տեքստերը։ Այնպես որ՝ կարելի է Երևանում, ըստ էության, վտանգավոր մի բարձրահարկ պակաս կառուցել, այդ տեղը հատկացնելով "Կիլիկիա"-ին, որն իր վրա յոթ ծովերով ծածանեց Հայաստանի և Արցախի պետական դրոշները, պատմական Կիլիկիայի, Երևանի, Էջմիածնի դրոշները, ինչպեսև Եվրոպայի, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի քսանվեց երկրների խորհրդանիշեր, երբ մտնում էինք նրանց տարածքային ջրեր։ Ահա այդպիսին է իմ և բոլորիս երազանքը։ Իսկ մենք գիտենք, որ եթե այն իրագործվում է, ապա երազանքից վերածվում է ծրագրերի։ Գուցե այն կիրագործեն ուրիշները, մեր ժառանգները։ Միևնույնն է, ինչ-որ ժամանակ մենք նման թանգարան կունենանք։ Եվ սակայն հավատում եմ, որ ինքներս ենք իրագործելու մեր երազանքը։ Պետք չէ այդ բեռը դնել սերունդների ուսերին, որոնք իրենց ծրագրերն ու երազանքները կունենան։ Ընդհանրապես չկա ավելի քաղցր բան, քան իրագործված երազանքը։ Այդ զգացումն ինձ ծանոթ է։ Երազում էի Ծայր Հյուսիսում շնասահնակներով իմ դժվարին և վտանգավոր արշավանքներից մեկն անվանել "Ղարաբաղ"։ Եվ հասա ուզածիս։ Այդ մասին կարելի է կարդալ իմ "Սպիտակ մարաթոն" գրքում, որը հրատարակվել է Մոսկվայում։ Երազում էի "Վուլկան" և "Հեյզեր" նավակների վրա գրել "Ստեփանակերտ"։ Գրեցի և այդ սիրտ ջերմացնող անունով տասնյակ հազարավոր կիլոմետրեր անցա գետերով ու ծովերով…Չէ՞ որ, բացի ամենայնից, կա նաև սքանչացնող մի գիտակցություն, թե բուն երազանքն ավելի վեհ է, քան իրականությունը։ Անատոլ Ֆրանսն ասում էր, որ երազանքն ինքնին արդեն բարձրագույն իրողություն է, այն գոյի հոգին է։ Եվ ես մեկ անգամ չէ, որ համոզվել եմ դրանում. երազելով բոլորովին էլ չես հեռանում իրականությունից, այլ ընդհակառակը, մոտենում ես։ Ահա թե ինչու եմ սիրում "գործուն" բառը։ Պետք է սիրել գործուն կերպով, հայրենիքին ծառայել գործուն կերպով, երազել գործուն կերպով։ Եվ կուզենայի ընթերցողներիս հետ միասին գործուն կերպով երազել Երևանում (հենց Երևանում) "Կիլիկիա" առագաստանավի հիմքի վրա ծովային թանգարան ստեղծելու մասին։ …Բայց դեռ հազարավոր ու հազարավոր մղոններ ունենք անցնելու… * * * Հ.Գ. Ցանկանում եմ հավատալ, որ մեզ մոտ, Հայաստանում, որն աշխարհագրորեն (բառացի իմաստով) ծովից ծով էր ձգվում, անպայման կստեղծենք Ծովային թանգարան, որով կհպարտանան ներկայիս և գալիք սերունդները։ Մնում է հիշեցնել, որ "Այաս" ակումբը հպարտությամբ է կրում հայկական հզոր տորմիղի (ավելի քան քսան նավից բաղկացած) ամենաամուր նավահանգստի անունը, որն ստեղծել է Կիլիկիայի առաջին թագավոր Լևոն Երկրորդը, որի հուշարձանը մենք ապագայում կկանգնեցնենք Հայաստանի Ծովային թանգարանի կողքին։ Զորի ԲԱԼԱՅԱՆ |
![]() ![]() ![]() |