Զորի Բալայան > Նորություններ > ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ |
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ |
Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին առաջին իսկ տողերն արդեն, եթե չասենք՝ առաջին իսկ բառերը, բացարձակ կեղծիքով են պատված. "…ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ նա (Լևոնը - Զ.Բ.) թռել էր Մոնակոյից"։ Բայց սա նույնիսկ չափից ավելի կարևոր բան է այնպիսի լուրջ հաստատության տեղեկացվածության որակի առումով, ինչպիսին է Անվտանգության Դաշնային Ծառայությունը (ՖՍԲ)։ Որովհետև չես կարող չհարցնել. որտե՞ղ Մոնակոն, որտե՞ղ՝ Ղարաբաղը։ Քանզի Լևոն Հայրապետյանը Դոմոդեդովո էր թռել…Ղարաբաղից։ Ահա նմանատիպ, մեղմ արտահայտված՝անհեթեթությունները շատ են այն տեղեկատվության մեջ, թե "ՖՍԲ-ն ձերբակալել է ամենահարուստ հայերից մեկին (ընդգծումն իմն է - Զ.Բ.)։ Ահա միայն մեկ օրինակ։ Տեքստում սևով սպիտակի վրա գրված է. "Հանցախմբի գործունեությանը Հայրապետյանի հնարավոր (!? - Զ.Բ.) առնչվածության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հիմա գտնվում է ցմահ բանտարկության մեջ"։ Ես ևս մեկ անգամ ցանկանում ես ընդգծել "հնարավոր" բառը, որը հաստատում է, թե կասկածներ կան։ Սա՝ մի կողմից։ Սակայն մյուս կողմից էլ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են այդ նույն "կինգիսեպյան" խմբավորման գործունեության հրեշավոր, սարսափազդու պատմությունը։ Թվում է, թե խոսքն ընդամենը այն մասին է, թե "ինչպես են իրագործել սպանություններ՝ ի շահ խոշոր գործարարների"։ Այստեղ ցանկանում եմ կրկնել բառերը "Հայրապետյանի հնարավոր առնչության" մասին։ Քանզի ակնհայտ տպավորություն է ստեղծվում, թե նա այնուամենայնիվ մեղավոր է։ Բայց ո՞ւր մնաց իրավագիտության սրբություն սրբոցը՝ անմեղության կանխավարկածը, որն անվերապահորեն համարվում է դատավարման հիմնական դեմոկրատական, իրավական սկզբունքներից մեկը։ Իսկ դա նշանակում է, որ մեղադրյալը անմեղ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով։ Բայց չէ՞ որ այդ սրբազան սկզբունքն է օրինականության լուրջ երաշխիք հանդիսանում քրեական գործերի լուծման ժամանակ։ Նախնական տեղեկատվության մեջ չգիտես ինչու ընդգծված է Լևոն Հայրապետյանի ազգային պատկանելության փաստը, նկատի ունենալով, թե "նա աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է"։ Այո, նա հայ է։ Հայրական գծով սերում է Մելիք-Ջալալյանների հայտնի տոհմից, մայրական գծով՝ հայ ականավոր զորահրամանատար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի։ Լևոնի կենսագրությունը ինձ լավ հայտնի է։ Ես առաջինն էի, որ դեռևս նախորդ դարում նրա մասին ծավալուն ակնարկ էի գրել, որը տպագրվել էր "Ուրարտու" շաբաթաթերթում։ Եվ զարմանալի չէ, որ լավ գիտեմ նրա կյանքի բոլոր մանրամասները։ Թերևս, իրավաբանական տեսակետից նա Ռուսաստանի քաղաքացի է, հետևաբար նաև ռուսաստանյան գործարար։ Համարյա կես դար առաջ նա տեղափոխվել է Մոսկվա, եղել է կոմերիտական ակտիվ առաջնորդներից մեկը (խոսքը ՀամԼԿԵՄ Կենտկոմի մասին է)։ Եվ լիովին բնական է , որ Ղարաբաղյան խառնակ տարիներին Լևոնն առաջիններից մեկը ձեռք զարկեց հայկական տաճարների ու եկեղեցիների վերականգնմանը։ Նա վերականգնեց ադրբեջանական ռմբակոծություններից և "Գրադ" կայանքի հրթիռակոծություններից տուժած Գանձասար անօրինակ տաճարը, որը ութ դար առաջ կառուցել էր նրա նախապապը։ Մեկ այլ փլատակների տեղում կառուցեց ժամանակակից տեսակի մի դպրոց, որը կրում է նրա հոր՝ Գուրգեն Հայրապետյանի անունը։ Սակայն դա չի նշանակում, թե Լևոնը դադարում է լինել Ռուսաստանի քաղաքացի։ Այդ մարդու մեջ ամփոփված է մի ինչ-որ անսպառ գթասրտություն։ Եվ հաստատ, Լևոնի նմաններին չեն վերաբերվում հայ անվան գործարար և բարեգործ Ալեք Մանուկյանի բառերը, թե "Բոլոր հարուստներից ոչ միայն ամենադժբախտը, այլև ամենաաղքատն է նա, ում մեջ ոչ մի կաթիլ գթություն չկա"։ Իհարկե, Լևոն Հայրապետյանը միայնակ չէր։ Ղարաբաղյան ավերիչ պատերազմից անմիջապես հետո մեզ մոտ շատ բարեգործներ հայտնվեցին։ Հենց այդ ողբերգական շրջանում մենք շոշափելիորեն գիտակցեցինք, որ վրա են հասնում դժվարին ժամանակներ, երբ շատ ավելի օգտակար կարող են լինել բարերարները, քան բարեմիտները։ Բնականաբար, Լևոնը հանդիսանում է այդպիսին։ Այնպես որ կարելի է գիտակցված կերպով հասկանալ Հայաստանում և Արցախում սկիզբ առած հասարակական արձագանքը՝ Հայրապետյանի ձերբակալությունից անմիջապես հետո։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ տրամաբանությունից ու սթափությունից զուրկ վեճերի մեջ մտնել նախքան դատավարությունը։ Սակայն չեմ կարող լռել որպես բժիշկ, առավելևս, որ շատ լավ գիտեմ Լևոնի հիվանդության ողջ, այսպես ասած, հարուստ պատմությունը, մի մարդու, որի կյանքը հենց այս օրերին գտնվում է անդունդի եզրին։ Վերջին տասնհինգ տարիներին Լևոնը, ինչպես ասում են, հիվանդանոցներից դուրս չէր գալիս։ Նա տառապում է զարգացող խրոնիկական հիվանդությամբ, կապված լյարդի բոլոր կառուցվածքային տարրերի ախտահարման հետ։ Բուժում է անցել Գերմանիայում։ Եվ դա բարդագույն շաքարային դիաբետի խորապատկերին, աղետալի "20" նիշով։ Հավելած երկու ինսուլտ, ուղեղի արյունազեղություն, բազմաթիվ վիրահատություններ՝ ոչ պակաս վտանգավոր ախտորոշումների առիթով։ Գերազանց իմանալով հիվանդ Լևոն Հայրապետյանի առողջական ծանր վիճակը և հիշելով տխրահռչակ "Մագնիցկու գործը", ես համոզված եմ, որ ստեղծված իրավիճակում չի կարելի բանտախցում կամ բանտային հիվանդանոցում պահել ծանր հիվանդին։ Նրան անհրաժեշտ է տեղափոխել մասնագիտացված կլինիկա։ Կա նաև ծայր անհրաժեշտություն ներգրավելու Գերմանիայում հիվանդին բուժած բժիշկներին, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր ուրոլոգ, նրան վիրահատած պրոֆեսոր Արամայիս Կամալովին, ինչպես նաև "Նաիրի" կլինիկական հիվանդանոցի անգիոնևրոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հենրիխ Բակունցին։ Ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի ֆեդերացիայի քաղաքացի Ռոման Սելեզնյովի (հաքերի) դրամատիկական ճակատագրի մասին, որին ձերբակալել են ԱՄՆ-ում։ Ես չեմ ուզում այստեղ զուգահեռներ անցկացնել, անդրադառնալ բուն ձերբակալության հիմքի և փաստարկման վիճելիության թեմային։ Նմանությունը նրանում է, որ նա էլ ծանր հիվանդ է։ Եվ ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հերթական տեղեկատվությունը Ռոման Սելեզնյովի խնդրի մասին, ուշադրություն եմ դարձնում, որ պաշտոնական, ըստ էության՝ կառավարական տեքստն ավարտվում է ցայտուն զարմանքով. "…հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների, բարոյականության, փաստերի վրա, ինչպե՞ս կարելի է ծանր հիվանդ մարդուն պահել3x3 մետրանոց բանտախցում, այլ ոչ թե կլինիկայում"… Ես հասկանում եմ, որ Սելեզնյովի դեպքում խոսքը Ռուսաստանի քաղաքացու ճակատագրի մասին է։ Բայց չէ՞ որ Լևոն Գուրգենի Հայրապետյանը նույնպես Ռուսաստանի քաղաքացի է։ Ստացվում է երկակի չափանիշ։ Մենք լավ գիտենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը պատերազմ է հայտարարել այնպիսի վտանգավոր պատուհասի, ինչպիսին է "Երկակի չափանիշը"։ Զորի ԲԱԼԱՅԱՆ |
![]() ![]() ![]() |