Զորի Բալայան > Նորություններ > ԿՅԱՆՔ՝ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
ԿՅԱՆՔ՝ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ
Կառավարական մահախոսականում նշվում էր, որ Ջոն Սահակի Կիրակոսյանը՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, հանրապետության արտաքին գործերի մինիստր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վախճանվեց հիսունյոթ տարեկան հասակում։ Կարծում եմ, այստեղ մի անճշտություն կա։ Ճիշտ է, ոչ էական, բայց համենայնդեպս անճշտություն։ Մի խոսքով, ես ակամայից ինքս ինձ հարցրեցի՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն փաստը, որ Ջոնը մահացել է հիսունյոթ տարեկանում։ Պաշտոնական փաստաթղթերով թերևս ամեն ինչ ճիշտ է։ Ծնվել է նա 1929 թվականի մայիսի 6-ին։ Մահացել է 1985 թվականի հունիսի 20-ին։ Սակայն ես, գուցե ավելի քան ոչ այլ ոք գիտեմ, որ կլինիկական, եթե չասենք՝ բուն ֆիզիկական մահը վրա հասավ նրա ծննդյան օրվանից տասներեք օր առաջ, այն օրվանից, երբ նա դառնալու էր հիսունվեց տարեկան։ Վերջին երկու ամիսը Ջոնն ապրեց այսպես ասած՝ մահից հետո։
Ջոնի վախճանից որոշ ժամանակ անց ընկերոջս մասին գիրք գրելու այրող պահանջ ծնվեց իմ մեջ։ Հարաբերականորեն կարճ կյանքի ընթացքում այդ մարդն ապրեց բավական ծանր ու երկարատև…մահ, որի ընթացքում կարողացավ սխրանք գործել։ Հենց այդ մասին ես գրեցի գիրք, այն անվանելով "Կրակ"։ Վերնագիրը պատահական չէր, քանզի նա վառվեց կրակի պես, իրենից հետո թողնելով և՛ ջերմություն, և՛ լույս։ Վիպակը, որն ըստ էության Ջոնի կյանքի վերջին երկու ամիսների մասին էր, երկու լեզվով ամսագրում տպագրվեց դեռևս խորհրդային ժամանակներում։ "Գլավլիտը" (պետական գրաքննությունը) տպագրման համաձայնությունը տվեց միայն այն պայմանով, որ հեղինակը փոխի վիպակի բոլոր հերոսների անունները առանց բացառության։ Չափից ավելի վտանգավոր էր գլխավոր հերոսի՝ գիտնական պատմաբանի աշխատանքի թեմատիկան. հայոց ցեղասպանություն, երիտթուրքերը պատմության դատի առջև, և այլն, և նման բաներ։ Եվ հանկարծ այդ ամենով կենդանության օրոք զբաղվել է ոչ այլ ոք, քան Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամը։
Անունները ես փոխեցի։ Այդ հարցում առանձնակի դժվարություն չկար։ Բոլոր գործող անձինք ստացան իրենց պապերի անունները։ Ջոնի հորը կոչում էին Սահակ Ղուկասովիչ, և Ջոնը մեխանիկորեն դարձավ Ղուկաս Սահակովիչ։ Եվ այդպես վարվեցի համարյա բոլոր հերոսների հետ։ Իսկ ոմանց ազգանուններում էլ ընդամենը մի որևէ տառ փոխեցի։
Շատ ավելի մեծ բարդություն էր ներկայացնում բուն տեքստը։ Միայն "Գարուն" ամսագրում գրաքննությունը "Կրակը" կրճատեց մեկ երրորդով։ Վիպակը տպագրվեց ամսագրի երկու համարներում՝ ահավոր մկրատումներով։ Մինչդեռ պետք է ավելացնել, որ վիպակի վրա աշխատելու ընթացքում գործում էր նաև իմ ներքին գրաքննությունը։ Ես հո գիտեի, որ, օրինակ, անօգուտ է ասենք՝ Գուրգեն Յանիկյանի ընդամենը միայն անվան հիշատակումը, որը Ջոնին նամակ էր ուղարկել ամերիկյան բանտից։ Իսկ հասցեատիրոջ ընտրությունը բոլորովին էլ պատահական չէր։ Այդ մեծ հայրենասերն իր նամակն ուղարկել էր հենց Ջոն Կիրակոսյանին։ Եվ նախքան այսօր առաջին անգամ այդ եզակի փաստաթղթի ամբողջական տեքստը հրապարակելը, ես կցանկանայի նախապես մի քանի բառով պատմել Ջոնին հասցեագրված նամակի բուն հեղինակի մասին։
Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թվականին Խոտորջուրում (Արևմտյան Հայաստան)։ 1894-1895 թվականների հայկական ջարդերի ժամանակ Յանիկյանների ընտանիքը փախել է Կարե, որը գտնվում էր Ռուսական կայսրության կազմում (ռուսական եկեղեցիով, ռուսական դպրոցով և ռուսական գերեզմանոցով)։ Հետագայում Գուրգենն ապրեց 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայոց ցեղասպանության սարսափները։
Նրա ճակատագիրն այնքան էլ չի տարբերվում իր շատ հայրենակիցների կյանքից։ Ունենալով ահռելի ձգտում դեպի գիտելիքները, նա սովորեց Ժնևում, Նոր Նախիջևանում, Պետերբուրգում, Թիֆլիսում, ավարտեց Մոսկվայի համալսարանի ճարտարապետական դասընթացները։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվեց Կովկասյան ռազմաճակատում։ Աշխատեց Թիֆլիսում, Իրանում։ Տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ զբաղվեց ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուտարարությամբ։ Երկար տարիներ ապրեց Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա)։ Ամերիկյան խոշոր գրադարանների կատալոգներում հայ հեղինակների մեջ նրա անունը երկրորդն էր Վիլյամ Սարոյանից հետո՝ գրական և փիլիսոփայական աշխատությունների քանակի գծով։
Կյանքի մայրամուտին Գուրգեն Յանիկյանին, ինչպես ինքն է գրել, ավելի ու ավելի հաճախ էր տանջում այն միտքը, թե "աշխարհում կատարվում է չլսված անարդարություն։ Աշխարհը շարունակում է լռել, իսպառ մոռանալով, թե ինչ է կատարվել հայերի հետ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Աշխարհը մոռացել է նույնիսկ 1915 թվականը, երբ Թուրքիան, ցեղասպանությունը բարձրացնելով իր պետական քաղաքականության աստիճանի, կոտորեց ավելի քան 1,5 միլիոն հայերի և ոչնչացրեց մեր ժողովրդի ավելի քան 10 հազար պատմական հուշարձաններ։ Ես ևս մեղավոր եմ այն բանում, որ աշխարհը մոռացել է մի ամբողջ ժողովրդի ողբերգության մասին"։ Եվ հայ փախստականը, լինելով զինվոր և փիլիսոփա, գտնվելով ծեր տարիքում, եկավ այն վերջնական համոզման, որ համամարդկային մոռացումը հանցագործություն է, որ հարկավոր է արթնացնել մարդկության հիշողությունը։ Իսկ դրա համար հարկավոր է նյարդերին խփող մի ինչ-որ հարված։ Չի կարելի թույլ տալ, որ դահիճն անպատիժ մնա։ Գուրգենը գտնում էր, որ ժամանակակից թուրքերը, որոնք կտրուկ հրաժարվում են ընդունել իրենց հայրերի հանցագործությունները, ինքնստինքյան և տրամաբանորեն իրենք են դառնում հանցագործներ։ Իսկ հանցագործը պետք է պատժվի։ Այսպիսով, հենվելով կյանքի տրամաբանության, նույնիսկ իրավագիտության տրամաբանության վրա, իր պատմական հիշողության վրա, որը և՛ մեղադրող է, և՛ դատավոր, և՛ պատժող, նա որոշեց գործել։
Վերջին անգամ Գուրգենը Հայաստան այցելեց 1972 թվականի վերջին։ Հյուրընկալվել էր իր ազգական ու համերկրացի, նույնպես խոտորջուրցի Էդվարդ Գուլունյանի տանը, որին ասաց հրաժեշտի ժամանակ. "Այսպես ապրել չի կարելի։ Շուտով ութսուն տարեկան կդառնամ և չեմ կարող չմտածել մահվան մասին։ Մարդը պետք է մահից հետո այն աշխարհում էլ մարդավարի ապրի։ Մարդը մարդ է մնում Աստծո այնպիսի պարգևի շնորհիվ, ինչպիսին է հիշողությունը, որը պետք է գործուն լինի։ Եթե ես լռեմ, Աստված ինձ չի ների։ Շուտով, շատ շուտով կլսեք իմ մասին"։ եվ մշուշապատ ու խրթին հավելեց. "Ինձ պետք է դատի միայն օրենքը, որի առջև միայն ես մեղավոր կլինեմ։ Այսօրվա թուրքերը նույնպես մեղավոր են արդեն նրանով, որ ժխտում են հայերի ցեղասպանությունը։ Ես վկա եմ եղել ցեղասպանությանը, ամեն ինչ կատարվել է իմ աչքի առաջ"։
Էդվարդը գիտեր, որ Յանիկյանը Ամերիկայից մեր թանգարանների, մասնավորապես Մատենադարանի համար բերել է մի քանի ազգային մասունքներ. հին ձեռագրեր, մանրանկարներ, նկարներ, այդ թվում և վաղ Սարյանի կտավներից։ Յանիկյանը նրան ասել էր նաև, որ ԱՄՆ-ից մեկնելու նախօրեին ինքը զանգել էր Կալիֆոռնիայի Սակրամենտո մայրաքաղաքում գտնվող թուրքական հյուպատոսին և առաջարկել էր հանդիպել, որպեսզի պաշտոնապես Թուրքիային հանձնի այդ նույն պատմական մասունքները։ Իր մտադրությունը պատճառաբանել էր նրանով, թե իր հայրենիքն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում և ոչ թե Խորհրդային Հայաստանում։ Թուրքական հյուպատոսը խոստացել էր, որ կկապվի իր կառավարության հետ և արդյունքների մասին կտեղեկացնի։ Այնինչ Գուրգենն իր այդ բոլոր, արդեն կարելի է ասել՝ թանգարանային նմուշները բերել էր Հայաստան։
Վերադառնալուց հետո նա սեղմեց հեռախոսի ինքնապատասխանիչի կոճակը և իմացավ, որ թուրք հյուպատոսը համաձայն է հանդիպել իր հետ։
1973 թվականի հունվարի 27-ին Յանիկյանը Սանտա Բարբարայի ծայրամասային փոքրիկ ռեստորաններից մեկում սեղան պատվիրեց երկու անձի համար։ Թուրքը մենակ չէր եկել։ Նրա հետ էր իր գործընկեր դիվանագետը։ Նման դեպքերում պարտադիր մի քանի ավանդական արտահայտություններից հետո Յանիկյանը հյուրընկալողի իրավունքով վերցրեց նախաձեռնությունը։ Նրա մենախոսությունն ավելի շուտ նման էր մեղադրական ճառի։ Շուտով հնչեցին տասներկու կրակոցներ։ Դատավճիռն ի կատար ածվեց։ Երկու թուրք դիվանագետները սպանված էին տեղում։ Յանիկյանը հանգիստ մոտեցավ հեռախոսին և զանգեց ոստիկանություն։ "Ազգային վրիժառուի" տասներկու կրակոցները (այդպես էին գրելու Յանիկյանի մասին հանրագիտական հրատարակություններում) հռչակեցին նոր, հզոր համահայկական շարժման սկիզբը։
Յոթանասունութամյա Գուրգեն Յանիկյանը դատապարտվեց ցմահ բանտարկության։
Աշխարհը ցնցված էր մարդու, փիլիսոփայի և հումանիստի ինքնազոհ գործողությունից, որը դիմել էր այդպիսի, թվում է, թե անմարդասիրական քայլի։ Աշխարհը մտաբերեց մեկ այլ ազգային վրիժառուի՝ Սողոմոն Թեհլերյանին, որը 1921 թվականին մահապատժի ենթարկեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության կազմակերպիչներից մեկին և արդարացվեց գերմանական դատարանի կողմից։ Երկարատև լռությունից հետո աշխարհը խոսեց հայերի ողբերգության մասին և ինքն իրեն հարց տվեց. ի՞նչը մղեց սթափ մտքի տեր, համարյա ութսունամյա մտավորականին օրը ցերեկով պարզապես սպանել երկու մարդու և ինքնակամ հանձնվել իշխանություններին։ Աշխարհը շուտով ականատեսը եղավ այն բանի, թե ինչպես, ասես տագնապի կոչնակից, հայությունն արթնացավ համընդհանուր լեթարգիական քնից, որը դանդաղ, բայց հաստատուն մեռցնում էր մի ողջ ազգի հոգին և մարմինը։ Յանիկյանական կրակոցների արձագանքը շուտով տարածվեց մոլորակի բոլոր մայրցամաքներում։ Մենք Ջոնի հետ հաճախ էինք խոսում Յանիկյանի մասին։
1978 թվականի աշնանը Ջոն Կիրակոսյանը ԽՍՀՄ Արտաքին գործերի մինիստրության կողմից գործուղվեց Նյու Յորք, որտեղ ավելի քան երեք ամիս աշխատեց ՄԱԿ-ում։ Հենց Նյու Յորքում, ՄԱԿ-ի շենքի իր աշխատասենյակում Ջոնը նամակ ստացավ ամերիկյան Չինո բանտի թիվ 6-50399 կալանավոր Գուրգեն Յանիկյանից, որը ինչպեսև ողջ հայկական սփյուռքը, այն ժամանակ լավ գիտեր հայ դիվանագետի նշանակալիությամբ աննախադեպ առաքելության մասին։ Ջոն Կիրակոսյանի աշխատանքի, նրա ելույթների և հարցազրույցների մասին այն ժամանակ գրում էին ոչ միայն ամերիկյան թերթերը։
Ջոնին հասցեագրված նամակին կցված էր բաց-դարչնագույն, բանտային փափուկ խալաթով մի ծերունու գունավոր լուսանկարը։ Գլխին բաց գույնի բերետ էր։ Երևան վերադառնալուց հետո Ջոնը բազմաթիվ անգամներ պատմեց նամակի մասին, որն այնքան հուզել էր նրան։ Այն ժամանակ մենք երազել անգամ չէինք կարող, թե պոլարոիդային այդ լուսանկարը հնարավոր կլինի տպագրել թերթերում։ Ջոնն այդ նամակը անգիր գիտեր։ Եվ այսօր ես ուզում եմ Յանիկյանի նամակի ամբողջական տեքստը տեղադրել հենց այստեղ՝ Ջոնին նվիրված գրքի նախաբանում։

"Նյու Յորք, ՄԱԿ
Չափազանց սիրելի և անգին պարոն Ջոն Կիրակոսյան
Երբ ես իմացա, որ պաշտելի Հայրենիքիս լավագույն որդիներից մեկը Ամերիկա է գալու մասնակցելու համար միջազգային կազմակերպության աշխատանքներին, շատ ուրախացա։ Բանտախուցը լցվեց ջերմությամբ։
Ամեն անգամ, երբ թերթերում կարդում էի մեր սիրելի Հայրենիքի նվաճումների մասին, սիրտս ուռչում էր հպարտությունից նրա համար, որ աշխարհը տեսնելու է, թե ինչպիսին են Հայրենիքիս զավակների ձգտումները, որոնք քայլում են դեպի առաջադիմության գագաթներ։
Ես հնարավորություն չունեմ ըստ արժանվույն ողջունել Ձեզ։ Եվ այս նամակն էլ ընդունեք բարեմաղթանքների փոխարեն։
Մի՛ զարմացեք, ես արդեն 84 տարեկան եմ, և առողջական վիճակս դժվար թե թույլ տա մեկ անգամ ևս տեսնել սիրելի Հայրենիքս և մեր Արարատի ճերմակ գագաթը։ Երեք օր առաջ (1978 թվականի հոկտեմբերի 21-ին.-Զ.Բ.) ես լուսանկարվեցի բանտի բակում։ Եվ եթե ես չտեսնեմ Արարարտը, թող իմ լուսանկարը այն տեսնի։
Նկարը դնելով ծրարի մեջ, հույս ունեմ, թանկագին հայրենակից, որ Դուք չեք մերժի մի բանտարկյալի խնդրանքը՝ լուսանկարը կտանեք և նրան ցույց կտաք մեր Արարատի ճերմակ գագաթը։
Պատանի տարիքից որոշել եմ զոհել ինձ հանուն սիրելի Հայրենիքի։ Եվ այդ ցանկությամբ էլ կփակեմ աչքերս։ Այդ մասին դուք դեռ կլսեք։
Լավագույն ցանկություններս Զեզ և Ձեր միջոցով՝ մեր սիրելի Հայրենիքին։
Առողջ եղեք, ընդունք անկեղծ հարգանքիս հավաստիքը։
Գուրգեն Յանիկյան
24.10.1978 թ. "


1986 թվականի գարնանը, տուն վերադառնալով ամերիկյան բազմամսյա ճամփորդությունից, որտեղ աշխատում էի "Ճանապարհ" գրքիս վրա, փոքրիկ ծրարով ինձ հետ բերեցի երկու բուռ հող, որ վերցրել էի Սողոմոն Թեհլերյանի և Գուրգեն Յանիկյանի գերեզմաններից։ Վաղ առավոտյան Ջոնի ընկերների հետ իմ տանը դիտեցինք տեսաժապավենը, որ նվիրել էր Յանիկյանի ընկեր Լևոն Երկաթը Լոս Անջելեսից։ Իր կրքոտ խոսքը հեռուստացույցի էկրանից Գուրգեն Յանիկյանը ուղղում է ժողովրդին հենց բանտախցից։ Գտնվելով տեսածի և լսածի տպավորության տակ, մենք գնացինք Ջոնի մոտ երևանյան գերեզմանատուն և նրա շիրիմին ցրեցինք երկու բուռ հողը մեր Հայրենիքի այն երկու մեծ զավակների գերեզմաններից, որոնք մահից հետո էլ շարունակում են ապրել։ Այն ժամանակ էլ միտք ծագեց Ջոնի մասին գիրքը վերնագրել "Կյանք՝ մահից հետո"։ Սակայն այստեղ էլ հակառակվեց գրաքննությունը։ Կասկած չունեմ, որ ինչպես էլ քողարկեմ իմ հերոսի անունը, միևնույնն է, ընթերցողը կգուշակի, թե ով է թաքնված մտացածին անվան տակ։ Եվ հիմա, երբ իմ հերոսներին վերադարձնում եմ նրանց իրական անունները, որոշել եմ վերականգնել և գրքի անունը։
Հաճախ եմ ինձ հարց տալիս՝ ինչպե՞ս կվարվեր Ջոնը, եթե նրան վիճակված լիներ ապրել այսօր, մեր բարդ ժամանակներում։ Համահայկական նավից փեղկված մակույկներից ո՞րը կընտրեր նա։ Վստահ եմ, Ջոնը չէր ընտրի մակույկը՝ պառակտման խորհրդանիշը, նա կընտրեր դրոշը՝ միասնության և պետական պատկանելության խորհրդանիշը։
"Երբ դրոշակակիրը մարտում ընկնում է, ապա դրոշը չի դիպչում գետնին։ Այն հասցնում են բարձրացնել հետքից գնացողները"։ Այս բառերը պատկանում են Ջոն Կիրակոսյանին, որը մեր շատ դրոշակակիրների նման, ինքն էլ շարունակում է ապրել մահից հետո։

Զորի ԲԱԼԱՅԱՆ