Զորի Բալայան > Նորություններ > ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՇԱՐԺԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՊՈՍՏԻՑ |
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՇԱՐԺԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՊՈՍՏԻՑ |
Սկսեմ նրանից, որ համացանցից չեմ օգտվում, ճիշտ ինչպես որ չեմ օգտվում համակարգչից։ Իմ բոլոր գրքերը, հոդվածները, "Կիլիկիա" և "Արմենիա" նավերից ուղարկված ռեպորտաժները տպված են գրամեքենայով, որին վաղուց փաղաքշանքով կոչում եմ "Երկաթե լեդի"։ Սա ասում եմ, հասկանալի դարձնելու համար, որ պատկերացում չունեմ, թե ինչ են գրում այնտեղ՝ համացանցում, որն ինչ-որ մեկն անվանել է "համաշխարհային աղբացանց"։ Սակայն ինձ հաճախ հեռախոսով հայտնում են իմ մասին տեղադրված այս կամ այն տեղեկատվության մասին։ Որպես կանոն, չեմ արձագանքում։ Բայց ահա վերջերս ինձ ասացին, թե համացանցի պղտոր ջրերում տեղեկատվություն է լողում այն մասին, թե ես իբր առաջարկում եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նշանակել վարչապետ։ Ընդ որում հավելում են նաև, իբր, "ինչի՞ս է պետք վարչապետը, եթե ես նախագահ ունեմ"։ Այ այսպե՛ս։ Շա՜տ հետաքրքիր է։ Հենց այդ պատճառով էլ որոշեցի բացառության կարգով այս անգամ արձագանքել։ Եվ այսպես, Սեյրան Օհանյանի մասին։ Ահա արդեն համարյա քառորդ դար է, ինչ Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ինձ անվանում են մեր բանակի կոմիսար։ Ես հասկանում եմ, որ դա իմ զինակիցների բարի կատակն է։ Ոչինչ ավելի։ Սակայն ես իրոք ինձ համարում եմ եթե ոչ կոմիսար, ապա հավերժական շարքային՝ մշտական ծառայության մեջ։ Իսկ եթե դա այդպես է, և դա իրոք այդպես է, ապա ինյո՞ւ պետք է վնաս հասցնեմ մեր բանակին։ Ինչո՞ւ պետք է ցանկանամ փոխել պրոֆեսիոնալ զինվորականին, որն ավարտել է ռազմական ուսումնարանը(ճակատագրի հեգնանքով՝ Բաքվում), դարձել պրոֆեսիոնալ կադրային ռազմական մասնագետ։ Ծառայել է(ճակատագրի երջանիկ բերումով) Ստեփանակերտի 366-րդ մոտոհրաձգային գնդում։ Եվ որպես վաշտի հրամանատար է դիմավորել Ղարաբաղյան շարժման մեկնարկը։ Նրա սխրանքների մասին ես շատ եմ գրել իմ "Դժոխք և դրախտ" գրքում։ Գրել եմ նաև այն մասին, որ պատերազմի թեժ պահին՝ Ֆիզուլիի ուղղությամբ Սեյրանը Արցախի զինված ուժերի շտաբի պետն էր։ Եվ կռվում էր այն ժամանակ արդեն անդամահատված ոտքով։ Արցախի պաշտպանության նախարար։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Հայաստանի պաշտպանության նախարար։ Եվ ուրեմն ինչո՞ւ պետք է ես, կրկնում եմ, վնաս հասցնեմ մեր բանակին։ Ինչո՞ւ այդպիսի զինվորին, սպային, ընդհանրապես Աստծո տված զինվորականին, վերջիջերջո՝ գեներալ-գնդապետին այսքան լուրջ, եթե չասենք՝ ռազմավարական առումով վտանգավոր մի ժամանակ, այսպես ասած, պոկել մարտական պոստից։ Ինչո՞ւ։ Եվ որտեղի՞ց վերցրին ու ինձ վերագրեցին այդ միտքը, այդ անհեթեթ գաղափարը։ Ո՞վ է իրավունք տվել ինձ վերագրել այն, ինչի մասին ես երբեք չեմ խոսել և չէի կարող խոսել։ Ինչ վերաբերվում է նրան, թե "ի՞նչ վարչապետ, երբ ես նախագահ ունեմ", ապա դա արդեն ճիշտ է։ Եվ իրոք, ինչի՞ս է պետք։ Չէ՞ որ ըստ էության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե օգտվենք զազրախոսների տերմինաբանությունից, նույնպես "իմն էր"։ Չկիսելով նրա, այսպես ասենք՝ գաղափարախոսությունը(թեև նա դեմ էր այդ տերմինի իմաստին ու էությանը), ես ծառայում էի նրան, չնայած նախագահական ընտրություններին նրան դեմ էի քվեարկել։ Եվ այլ կերպ էլ չէր կարող լինել մանավանդ պատերազմի տարիներին, որն ինձ համար, ճիշտն ասած, դեռ չի ավարտվել։ Այն տարիներին և հիմա էլ ես բացեիբաց գրում եմ, որ գործող նախագահը մեր ամեն ինչն է։ Ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանին, բացի այդ ամենից, նա մեր առաջին նախագահն էր։ Իսկ դա արդեն պատմություն է, որն, ինչպես հայտնի է, սիրում է առաջիններին։ Նա արդեն ոտք է դրել պատմության անմահ էջեր։ Առիթից օգտվելով կասեմ, որ բոլորովին համաձայն չեմ, երբ պինդ փակում են նորագույն պատմության էջերը և լռում առաջին նախագահի թիմի մասին։ Ասենք Բաբկեն Արարքցյանի մասին, որը բարձր պաշտոնյաների մեջ առաջիններից մեկն էր, որ մասնակցեց մարտերին Երասխի տարածքում, Արմաշում, Կամոյում, Ազատում, Հաթերքում։ Նույնը կարող եմ ասել Աշոտ Մանուչարյանի մասին, Արա Սահակյանի մասին, չմոռանալով նաև Վանո Սիրադեղյանի դերը Ֆիզուլիի ուղղությամբ։ Պատմության էջերից չես պոկի։ Ցանկը կարող եմ շարունակել։ Բայց դա արդեն ուրիշ, շատ կարևոր թեմա է։ Շարունակելով օգտվել համացանցային զրպարտիչների տերմինաբանությունից, կասեմ նաև, որ, բնականաբար, "իմ նախագահն էր" Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես։ Չէ՞ որ դա էլ այնքան բնական է. ամբողջ Շարժումը, ամբողջ Պայքարը, ամբողջ Պատերազմն անցան իմ օրոք, մեր բոլորիս օրոք։ Եվ դրանից զատ, ես նաև տհարեգիր էի, որքան էլ դա բարձրագոչ չհնչի։ Այո, այսօր "իմ նախագահը" Սերժ Սարգսյանն է։ Վաղը կլինի նա, ում կընտրի մեր ժողովուրդը։ Ես չեմ կարծում, թե վաղը պատերազմը կվերջանա։ Իսկ քանի դեռ այն չի վերջացել, պետք չէ գեներալ- գնդապետ Սեյրան Օհանյանին ընդհանրապես շարժել մարտական պոստից։ Զորի ԲԱԼԱՅԱՆ |
![]() ![]() ![]() |