Զորի Բալայան > Նորություններ > ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ
ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ
Հիսունվեց րոպե շարունակվեց դրամատիզմով լի այդ թռիչքը, որում հայ օդաչուները՝ Յակ-40-ի հրամանատար Վարդան Սարգսյանը, օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը, մեխանիկ Աշոտ Այվազյանը, ցուցաբերելով բացառիկ արիություն և հնարամտություն, խափանեցին ինքնաթիռի առևանգման փորձը։ Հիսունվեց րոպե ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը, գործնականում միայնակ, հոգեբանական (և ոչ միայն) մարտի մեջ էր ահաբեկչի հետ, որը սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը, եթե չկատարվեն իր բոլոր պայմանները։ Մեր օդաչուների սխրանքի մասին խորհրդային ժամանակներում բազմիցս է փորձել մամուլով բարձրաձայնել Զորի Բալայանը։ Սակայն միայն ԽՍՀՄ փլուզումից հետո հաջողվեց այդ մասին պատմել «Երևան» ամսագրում և այլ հրատարակություններում։ Ընթերցողի ուշադրությունն ենք ներկայացնում նյութեր այն մասին, թե ինչպես է դա եղել։




Վերջերս, երբ աչքի էի անցկացնում իմ արխիվները, ձեռքս ընկավ մոտ երեսուն տարվա վաղեմության մի չբացված ծրար։ Իր համառոտ նամակում "Սովետսկայա ժենշչինա" ամսագրի աշխատակցուհի Լյուդմիլա Կիրիլյուկը ճշտել էր բոլոր շեշտադրումները իմ հանելուկային հրապարակման մեջ, ավելի ճիշտ՝ իմ ակնարկի չտպագրման մեջ։ Ինտրիգը կայանում էր նրանում, որ "մեր ժամանակակցուհու կերպարը բացահայտող" այդ հոդվածը պատվիրել էր խմբագրությունը։ Իմ ակնարկի հիմքում ընկած սյուժեն հեշտությամբ կարող էր ամերիկյան ֆիլմի սցենար դառնալ։ Բայց քանի որ այն վերցված էր իրական կյանքից, ապա այդ "հանցապատումը" այն լճացած շրջանում ուղղակի գյուտ էր ամսագրի համար։ Պետք է ասել, որ խմբագրության կողմից ոչ մի դժգոհություն չէի ստացել, ավելին, հայտնել էին, որ իմ հերոսուհու դիմանկարը զարդարելու էր շապիկը։ Հատվածական խմբագրման գործընթացը հաջողությամբ առաջ էր գնում, և ես անհամբերությամբ կանխավայելում էի այն երջանիկ պահը, երբ համարը լույս կտեսներ։ Կարելի էր ինձ հասկանալ. "Սովետսկայա ժենշինա"-ն այն պարբերականների շարքում էր, որոնց տպաքանակն անցնում էր մեկ միլիոնից։ Սակայն որքա՜ն մեծ էր հուսախաբությունս, երբ բառացիորեն տպարան ուղարկվելուց առաջ նյութը հանվեց համարից։ Երբ իմացա այդ մասին, համակվեցի վրդովմունքով։ Առաջին հերթին ցավալի էր, որ մեր հայրենակցուհու սխրանքի մասին չեն իմանալու "ցամաքի մեկ վեցերորդի" ընթերցողները, ինչպես այն ժամանակ էին հպարտորեն կոչում ԽՍՀՄ-ը։ Եվ երկրորդ՝ ես չէի խնդրել-աղաչել, ի՛նձ էին խնդրել։ Սակայն աշխատակիցների միջոցով պատճառները պարզելու բոլոր փորձերը արդյունք չտվեցին։ Թերևս միայն զգացի, որ իրենք էլ անհարմար վիճակում են։ Ճիշտ է, վերջիվերջո ինձ ասացին, որ հոդվածի ճանապարհը փակել են Հայաստանում, ինչն ինձ շատ զարմացրեց, քանի որ, որքան ես էի տեղյակ, հանրապետության քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը իր համաձայնությունը տվել էր։ Ակնարկի վրա դրված արգելանքը այդպես էլ ինձ համար կմնար որպես յոթ կողպեքով փակված գաղտնիք, եթե անցյալից ինձ չհասներ Լյուդմիլա Կիրիլյուկի նամակը, 1986 թվականի տարեթվով։ Իսկ այն չէի բացել միայն մի պատճառով. երբ այն տեղ էր հասել, ես գործուղման մեջ էի։ Փոստս կուտակվել էր, և հավանաբար, ժամանակ չէի ունեցել և հետաձգել էի նամակի ընթերցումը, որը տասնամյակներ շարունակ թղթերի տակ սպասել էր իր ժամին։ Նամակից հետևում էր, որ ակնարկը "մկրատել" էր ոչ թե քաղավիացիան, այլ ՊԱԿ-ը։ Ողղակի ուզում ես գրել՝ "ինչը և պետք էր սպասել"։ Թեպետ, հենց այս դեպքում թվում էր՝ ինչո՞ւ։ Չէ՞ որ երջանիկ հանգուցալուծումը լիովին խորհրդային ոգով էր։ Բայց հավանաբար դա այն շրջանն էր, երբ վերևներում ինչ-որ մեկը գտնում էր, թե Խորհրդային Միությունում ընդհանրապես չպետք է տեղի ունենան պատմություններ, որոնք նման էին իմ նկարագրածին, եթե նույնիսկ դրանք կատարվում էին։
Ավելի, քան այն ժամանակ, հիմա էլ, արդեն հետին թվով, դժվար է փորձել հասկանալ կգբականների տրամաբանությունը։ Գլխավորն այն է, որ գոնե մեր ժամանակներում կարելի է պատմել Դոլորես ոչ հայկական անունն ունեցող ուղեկցորդուհու հիրավի զարմանալի սխրանքի մասին։

* * *


Լինում են օրեր, որոնք էությամբ ճիշտ և ճիշտ հիշեցնում են երկուշաբթին, երբ ամեն ինչ թարս է գնում։ Երևանում ձյան առատ տեղումների պատճառով Յակ-40-ի թռիչքը երեք անգամ հետաձգվել էր տեղական ավիագծերից մեկում։ Վերջապես նստեցում հայտարարվեց։ Ուղևորներն արագ շտապեցին դեպի սանդուղք, ասես վախենալով, թե եղանակը կարող է նորից կամակորություններ անել։ Ուշացման համար անձնակազմի անունից ուղեկցորդուհու քաղաքավարի ներողություններին նրանք ավելի շուտ անտարբեր մնացին։ Միակ բանը, որ հուզում էր մարդկանց՝ հնարավորինս արագ հասնել "Էրեբունի" օդանավակայան։ Թերևս կար նրանց մեջ նաև մի տատիկ՝ այն տեսակից, որը գրողի համար կարող է նախատիպ հանդիսանալ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հերոսուհու՝ անդադրում ծեր տիկին Մարփլի կերպարի համար, թեև իրական կյանքում նրանց համարում են չափից ավելի հետաքրքրասեր։ Եվ իզուր։ Առաջինը հենց "միսս Մարփլն" էր, որ ուշադրություն դարձրեց համակրելի երիտասարդի տարօրինակ պահվածքին։ Ավելի ճիշտ, նա դեռ դեպի ինքնաթիռ "վազքուղում" էր գրավել նրա ուշադրությունը։ Երիտասարդը, տեսնելով, որ տատիկը գերբեռնված է, սիրահոժար օգնեց նրան և իհարկե, արժանացավ համակրանքի։ Բայց սրահում, երբ վերջապես բոլորը տեղավորվեցին և ընկղմվեցին թռիչքային կիսաթմբիրի մեջ, երիտասարդը բոլորովին այլ առիթով սկսեց աչքի զարնվել։ Նախկին հանգստությունից և բարեմտությունից հետք անգամ չէր մնացել նրա մեջ։ Տղան նյարդայնանում էր, թվում էր չափազանց լարված, իրեն կորցրած։ Վերջապես սրտացավ տատիկը, չտանելով այդ ամենը, մոտ կանչեց ուղեկցորդուհուն և կամացուկ խնդրեց օգնել երիտասարդին։ Աղջիկը գլխով դրական նշան արեց և մոտեցավ տարօրինակ ուղևորին, որի դեմքը համարյա սուզված էր բարձրացված օձիքի մեջ։ Նրա քաղաքավարի "Լավ չե՞ք զգում" հարցը մնաց անպատասխան։ Նա այնքան անշարժ էր, որ Դոլորեսն անհանգստություն զգաց ու նորից հարցրեց. "Ձեզ օգնե՞մ"։ Պատասխանը, որին վերջապես արժանացավ աղջիկը, կարող էր հիմար կատակ թվալ, եթե չուղեկցվեր "իրեղեն ցուցադրանքով". "Եթե հենց հիմա ուղղությունը չփոխեք դեպի Թուրքիա, ես կպայթեցնեմ ինքնաթիռը։ Կորցնելու բան չունեմ"։ Նա արձակեց վերարկուն, և Դոլորեսը դժվարությամբ զսպեց "Ա՜խ" կանացի բնական բացականչությունը։ Երիտասարդի կրծքին ահավոր կախազարդի պես երևում էր պայթուցիչ սարքը, իսկ ձախ ձեռքով նա ցուցադրաբար խաղում էր դրա հետ։ Տեսարանը համարյա հիպնոսող էր, ինչի վրա էլ առևանգիչը հավանաբար կառուցել էր իր հաշվարկը։ Վերջապես, կամքը ժողովելով, Դոլորեսն իրեն ստիպեց ոտքի ելնել և ուղղվեց երկրորդ օդաչուի կողմը, որը հենց այդ ժամանակ դուրս եկավ անձնակազմի խցիկից։ Ուղևորներին չանհանգստացնելու համար, դեմքին մասնագիտական ժպիտով, աղջիկը շշուկով նրան ներկայացրեց իրավիճակը։ Միքայել Եփրեմյանը գլխով արեց և հանգիստ շարժվեց դեպի երիտասարդի զբաղեցրած նստատեղը։ Կռանալով ականջին, փորձեց համոզել երիտասարդին հրաժարվել իր հիմար մտադրությունից, վկայակոչելով, որ վառելիքը չի բավականացնի մինչև Թուրքիա և չվերթն էլ անձնակազմին անծանոթ է։ Ի պատասխան՝ վերջինս մի թուղթ գցեց հատակին, գլխով նշան անելով, որ այն բարձրացնեն։ Գրության տեքստը հետևյալն էր. "Պահանջում եմ թռչել Թուրքիա։ Որպեսզի համոզվեք իմ մտադրությունների լրջությանը, առաջարկում եմ ծանոթանալ ռումբի կառուցվածքի ներկայացվող սխեմային։ Բավական է մատով ձգեմ, և կհնչի պայթյունը"։ Ուղերձը կտրական էր, և առևանգիչի հենց տեսքն էլ կասկածանքի տեղ չէր թողնում նրա վճռականության վերաբերյալ։ Սակայն երիտասարդի նյարդայնությունն սկսեց աճել այն պահից սկսած, երբ երկրորդ օդաչուն քայլերն ուղղեց դեպի հրամանատարը, նրան զեկուցելու արտակարգ իրավիճակի մասին։ Նրա կարծիքով ավելի քան բավարար ժամանակ էր անցել պատասխան ստանալու համար։ Կորցնելով ինքնավերահսկումը, նա զայրույթը թափեց ուղեկցորդուհու վրա. այնպիսի ուժով հարվածեց նրա որովայնին, որ աղջիկը ճչալով կծկվեց։ Ուղևորներից երկուսը բնազդաբար վեր ցատկեցին, ցանկանալով կարգի հրավիրել սանձարձակին, բայց Դոլորեսը նրանց խստորեն խնդրեց չմիջամտել։
Հասկանալով, որ հիմա ամենագլխավորն է անձնակազմին ժամանակ տալ կապվելու երկրի հետ և որոշում ընդունելու, աղջիկը նորից նստեց երիտասարդի հետևում և փորձելով դիմել նրա մարդկային զգացմունքներին, հետ կանգնեցնել հանցավոր մտադրությունից։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Ահաբեկիչը, կում անելով տափաշշից, նրան էլ առաջարկեց։ Ի պատասխան մերժման, հարվածեց նրա դեմքին։ Դոլորեսն ստիպված էր ոչ միայն հանդուրժել դա, այլև նորից ու նորից հանգստացնել տղամարդկանց, որոնք նետվում էին նրան օգնության։ Ապա, հաղթահարելով ցավը, նա դիմեց երիտասարդին.
-Ինչո՞ւ եք այդպես վարվում։ Ի դեպ, գուցե կասե՞ք ձեր անունը։
-Որտե՞ղ են քո տականքները,-արհամարհելով հարցը պոռթկաց նա։-Ինչո՞ւ չեն գալիս։ Ես հիմա ամեն ինչ կպայթեցնեմ։
-Հանգստացեք, նրանք շուտով կգան։ Չէ՞ որ պետք է ամեն ինչ հաշվարկել։ Ի՞նչ է ձեր անունը,-նորից հարցրեց Դոլորեսը։
-Քեզ ի՞նչ,- չարացած նետեց նա։
-Գոնե երեխային խղճա,-հոգոց հանեց աղջիկը, գլխով ցույց տալով զգոն տատիկի թոռնիկին, որը ողջ կոկորդով գոռում էր։
-Ես դրանց բոլորին կգնդակահարեի,-նա կում արեց շշից և նորից մեկնեց նրա կողմը,- խմի՛ր, թե չէ կձգեմ օղակը և ամեն ինչ հօդս կցնդի։
Աղջիկը մի կում արեց, և տղան անսպասելիորեն հարցրեց.
-Քո անունն ի՞նչ է։
-Դոլորես։
-Դե ուրեմն, լսիր, Դոլորե՛ս։ Ես հիմա կսկսեմ հաշվել…Մինչև հարյուրը։ Եթե չհայտնվեն քո տականքները, կհնչի պայթյունը։
Նա սկսեց հաշվել։ Որքան ավելի էր հաշվում, այնքան բարձր էր լալիս երեխան։ Նրան խլացնելու համար երիտասարդը ձայնը բարձրացրեց. "Իննսուն…իննսունհինգ…իննսունութ…"։ Երբ ընդամենը երկու նիշ էր մնացել մինչև վերջնական թիվը, բացվեց խցիկի դուռը՝ ճիշտ ինչպես ֆիլմում։ Երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանը մոտեցավ ահաբեկչին. -Հանուն ուղևորների կյանքի փրկության մենք որոշեցինք փոխել ուղղությունը։ Ղարս քաղաքը ձեռք տալի՞ս է ձեզ։
-Ինձ ձեռք է տալիս ցանկացած բնակելի կետ Թուրքիայի տարածքում,-պատասխանեց բանդիտը։
Օդաչուն վերադարձավ խցիկ, իսկ Դոլորեսը նորից դիմեց երիտասարդին.
-Նստենք վերջին շարքում,-առաջարկեց նա։
-Էդ ինչո՞ւ որ,-փնթփնթաց նա։
-Այնտեղից ավելի հեշտ և արագ դուրս կգաս, որպեսզի հանձնվես թուրքական իշխանություններին։
…Դոլորեսին այնուամենայնիվ հաջողվեց համոզել առևանգիչին։ Բնականաբար, տեղյակ չլինելով թիմի իրական մտադրություններին, նա ընդամենը հոգեբանական ճնշում էր գործադրում։ Աղջիկը հետապնդում էր երկու նպատակ. ահաբեկչին հնարավորինս հեռու նստեցնել մյուս ուղևորներից և շեղել նրա ուշադրությունը, հանգիստ գործելու հնարավորություն տալով անձնակազմին։ Նա փորձում էր մտովի վերծանել օդաչուների տրամաբանությունը. "Հավանաբար վայրէջքից անմիջապես առաջ նրանք կթափահարեն ինքնաթիռը, որպեսզի բանդիտը ոչինչ չտեսնի իլյումինատորից։ Բետոնե թռիչքուղին էլ դժվար թե ուղիղ գծով անցնենք. տղաները մեքենան զիգզագներով կտանեն"։ Զուգահեռաբար նա շարունակում էր երկխոսությունն առևանգիչի հետ.
-Իսկ դուք չե՞ք վախենում, որ թուրքերը ձեզ կհանձնեն խորհրդային իշխանություններին։
-Չեմ վախենում,-չարախնդաց նա,-Թուրքիան միակ երկիրն է, որը չի ստորագրել համաձայնագիր առևանգիչների վերաբերյալ։ Եվ, ի դեպ, համենայն դեպս դու կմնաս ինձ հետ։
-Ո՛չ,-դուրս թռավ նրա շուրթերից։
-Իսկ եթե ես քեզ ստիպե՞մ։
-Չես կարող։
-Բավական է միայն, որ մատս շարժեմ…
-Ես դա արդեն լսել եմ,-ընդհատեց Դոլորեսը։-Ինձ կարող ես սպանել, բայց Թուրքիայում թողնել չես կարող։
-Ինչ-որ շատ երկար ենք թռչում,-անսպասելիորեն թեման փոխելով անհանգստացավ բանդիտը։-Իմ հաշվարկներով մենք արդեն պետք է Ղարսում լինենք։
Նա դեմքով հպվեց իլյումինատորին։ Դոլորեսն իրեն չկորցրեց.
-Բայց չէ՞ որ մենք շրջան գործեցինք, երբ փոխեցինք չվերթը։
Այդ պահին ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և Դոլորեսը, ասես պատահաբար կառչեց բանդիտի ձախ քեռքից, նրա արմունկը սեղմելով թիկնակին։
Իլյումինատորում հերթով երևում էին մեկ ինքնաթիռի թևը, մեկ ամպեր, որոնց միջով հազիվ տեսանելի էին սև կետեր՝ հեռավոր ձյուների վրա։
-Ինչո՞ւ է այսպես թափահարում,-կասկածամտորեն հարցրեց առևանգիչը։
-Այս վայրերում միշտ այսպես է,- վստահ տոնով պատասխանեց Դոլորեսը։
-Որտեղի՞ց գիտես, թե այստեղ միշտ այդպես է։
-Հանգստացիր, ես նկատի ունեմ՝ լեռներում։ Թափահարումն առաջանում է մակերեսների…
Նա չհասցրեց խոսքն ավարտել։ Ինքնաթիռը կտրուկ թեքվեց մի կողքի, և Դոլորեսն ընկավ հարևանի վրա, ջանալով բաց չթողնել նրա ձեռքը։ Հենց այդ ժամանակ պայթուցիկ համակարգն էլ թեքվեց կողքի, և նրա միջից դուրս հոսեց թթվուտը։ Ի դեպ, ո՛չ ուղեկցորդուհին, ո՛չ էլ առևանգիչը դեռ չգիտեին այդ մասին։ Հաջորդ րոպեին, երբ ինքնաթիռի անիվները դիպան բետոնե ծածկույթին, նրանք այնպես ցնցվեցին, որ երկուսով հայտնվեցին հատակին։ Դոլորեսը հասցրեց գոռալ ուղևորներին. "Անմիջապես փախեք"։ Տղամարդկանցից մեկը վազեց դռան մոտ և բացեց այն։ Ինքնաթիռը դեռևս շարժման մեջ էր, երբ սանդուղքն իջեցվեց։ Ուղևորները նետվեցին դեպի ելքը։ Բանդիտը մի քանի անգամ ձգեց պայթուցիչ սարքին կապված օղակը և հասկացավ, որ համակարգը չի գործում։ Համոզվելով, որ բոլոր ուղևորներն իջել են ինքնաթիռից, Դոլորեսն առևանգչին առաջարկեց.
-Դուրս եկ և ինքդ հանձնվիր։ Գուցե մեղքդ թեթևացնես…
-Շո՛ւն,-ատամների արանքից նետեց բանդիտը, փորձելով ելնել հատակից։
Դոլորեսը նրանից առաջ անցավ և վազեց դեպի ելքը։ Արդեն ինքնաթիռից դուրս ցատկելիս հիշեց, որ խցիկում գտնվում են օդաչուները։ Վերադարձավ։ Հենց դռան մոտ նրան դիմավորեց կատաղած առևանգիչը։ Ձեռքին թթվածնի բալոնն էր, որ պոկել էր պատից։ Հատակին, ոտքերի մոտ ընկած էր պայթուցիչը։ Հանցագործը նշան էր բռնում, թե ինչպես ավելի ճշգրիտ հարվածի դրան ծանր բալոնով։ Մի ինչ-որ պահ նա հայացքը տեղափոխեց աղջկա վրա։ Տեսնելով այդ խելահեղ աչքերը նա առաջին անգամ իրոք վախեցավ։ Դոլորեսը հասկանում էր, որ մտորելու համար ընդամենը մեկ վայրկյան ունի։ Ճիշտ այնքան, որպեսզի ցատկի ինքնաթիռից, թռչելով սանդուղքի վրայով։ Բայց հասկանում էր մեկ ուրիշ բան ևս. այդ վայրկյանը կարող էր բավականացնել խցիկում գտնվող օդաչուներին և ինքնաթիռը փրկելու համար… Եվ մի անհավատալի թռիչքով Դոլորեսը տապալեց ապշահար հակառակորդին։ Երբ արդեն ընկած էր հատակին, թևերը ոլորեցին օդաչուները, որոնց հենց այդ ճակատագրական վայրկյանն էր պետք դա անելու համար։
Միայն հետո էին մասնագետները որոշելու, որ եթե ռումբը գործեր, ապա պայթյունն ամեն ինչ շուրջը ոչնչացնելու էր։ Եվ միայն հետո էին զարմանալու, թե ինչպես աղջկան հաջողվեց այդ ցատկը։ Իսկ հաջորդ առավոտ Դոլորեսը հայելու մեջ տեսնելու էր իր առաջին ճերմակ մազերը, որոնք բոլորովին էլ չէին խաթարում նրա գեղեցկությունը։

Զորի ԲԱԼԱՅԱՆ

Տեղեկանք
Հայտնի գրող Զորի Բալայանից քիչ ջանքեր չպահանջվեցին, որպեսզի "պարգևը գտնի հերոսներին"։ Նա գործի դրեց բառացիորեն իր բոլոր կապերը, գրելով մոտ երկու հարյուր նամակ։ Հասցեատերերի մեջ էին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի Առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարգսյանը, "Լիտերատուրնայա գազետա" թերթի, "Սովետսկայա ժենշչինա " ամսագրի և այլ պարբերականների գլխավոր խմբագիրներ։
Վերջապես, հերթական տոնի կապակցությամբ պարգևների արժանացած հարյուրավորների մեջ հայտնվեցին նաև Յակ-40-ի անձնակազմի անդամները։ Հատկանշական է այն, որ մի տեսակ վերացականորեն հանձնվեցին նրանց պարգևները "Ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի համար"։ Ակնհայտորեն ուժի մեջ էր "ԽՍՀՄ-ում չեն լինում արտակարգ իրավիճակներ" դիրեկտիվը։ Արդյունքում միլիոնավոր քաղաքացիներ այդպես էլ չիմացան հերոսական անձնակազմի սխրանքի մասին։ Եվ սակայն հանրապետության ղեկավարությունը հնարավոր գտավ ինքնաթիռի հրամանատար Վարդան Սարգսյանին և օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանին ներկայացնելու պարգևատրման "Պատվո նշան" շքանշանով, երկրորդ օդաչու Միքայել Եփրեմյանին և մեխանիկ Աշոտ Այվազյանին՝ "Աշխատանքային արիության" մեդալով։ Ուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանը պարգևատրվեց Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով։ Եվ ոչ մի բառ չասվեց Դոլորես Ղազարյանի և այն լեգենդար Յակ-40-ի օդաչուների անօրինակ սխրանքի մասին։