Զորի Բալայան > Նորություններ > "ՍՈՒՄԳԱՅԻԹԸ" ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
“ՍՈՒՄԳԱՅԻԹԸ” ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը.սպանված հայը,
թե՞ մարդասպան ադրբեջանցին։
Ակադեմիկոս Ա.Դ.Սախարով


Դա եղել է քսանհինգ տարի առաջ։ Գուցե ամենաանհավատալի բանը, որ կատարվել է ԽՍՀՄ-ում Ստալինի մահից հետո։ Երկրում, որտեղ ապրող սերունդը միայն պատմության դասերից կամ էլ լսելով գիտեր ջարդերի, օրը ցերեկով զանգվածային կոտորածի մասին, հանկարծ հայտնի է դառնում, որ անմիջապես Ադրբեջանի մայրաքաղաքի քթի տակ, Սումգայիթ փոքր քաղաքում գազազած վայրենիները ներխուժել են հայերի տները (ձեռքներին ունենալով ոչ միայն հասցեները, այլև նախապես պատրաստած ամրանային ձողեր) և անպատիժ վառել են, սպանել, բռնաբարել… Դա սկսվել է 1988 թվականի փետրվարի 26-ի երեկոյան, շարունակվել 27-ին, 28-ին՝ գիշեր-ցերեկ, ձգվել մինչև փետրվարի 29-ի լուսային օրվա ավարտը։ Եվ այդ ամենը՝ միլիցիայի քողարկման տակ, քաղաքի ողջ բնակչության աչքի առջև։
Խորհրդային Միության համար իրոք անսպասելի էր։ Ակադեմիկոս Սախարովը հետո խոստովանելու էր.»Այդ մասին տեղեկանալով, մենք ա՜խ քաշեցինք"։ Անդրեյ Դմիտրիևիչը թերևս առաջինը կանխավ և մարգարեաբար գնահատեց իրավիճակի ողջ վտանգավորությունը, որը կարող էր ահռելի երկրում սկիզբ դնել հրդեհների ու ջարդերի շղթայական ռեակցիայի։ Նա առաջինը դատապարտեց "սումգայիթը", ինչպես այն ժամանակ ասվեց կենտրոնական մամուլում, "Մոսկովյան նորություններում"։ Նաև առաջինն արտահայտեց այն տեսակետը, որ եթե Կրեմլը "սումգայիթին" չտա ոչ միայն իրավաբանական, այլև քաղաքական գնահատական, ապա անհնար կլինի կանխել անդառնալի համընդհանուր դժբախտությունը, որն անխուսափելիորեն կհանգեցնի ԽՍՀՄ-ի փլուզմանը։
Ավաղ, Անդրեյ Դմիտրիևիչի բառերը մարգարեական դուրս եկան։ Աճել էր մի սերունդ, որը գործնականում ոչինչ չգիտեր մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին, որոնք մնացել էին անպատիժ։ Չէ՞ որ հենց "սումգայիթի" անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց ավելի հրեշավոր ողբերգության, այս անգամ Բաքվում, իսկ հետագայում՝ դաժան, լայնածավալ պատերազմի Ադրբեջանի և Ղարաբաղի միջև։ Մեզանից յուրաքանչյուրի հոգում մնաց միայն հուշը անմեղ զոհերի մասին և հայ ժողովրդի անսպառ ողբերգությունը։ Ի հավելումն ամենի, "սումգայիթի" և "բաքվի" դահիճներին դասելով սրբերի շարքը, այսօր գլխիվայր են շրջում պատմական փաստերը, ազգային հերոսի աստիճանի բարձրացնելով երիտասարդ սպային, որը Բուդապեշտում կացինը ձեռքին, գիշերով ներխուժելով քնած գործընկերոջ սենյակ կտրեց նրա գլուխը։ Կացնով կտրեց քնած մարդու գլուխը միայն այն պատճառով, որ նա հայ էր։ Հոգեբանները գտնում են, որ մարդասպանի ձեռքը կացին դնողը չպատժված "սումգայիթն" էր։ Եվ նման բաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք գործուն կերպով չենք գիտակցել, որ "սումգայիթի" զոհերը ծարավի են ոչ թե վրիժառության, այլ օրենքի հաղթանակի։

* * *
Սումգայիթում հայկական ջարդերի բացեիբաց կոչերը, ինչպես արդեն ասվեց, սկսվեցին 1988 թվականի փետրվար 26-ի ուրբաթ օրվա երեկոյան։ Միայն հետո էինք իմանալու, որ Ադրբեջանում հայերի դեմ բոլոր արյունոտ գործողությունները ծրագրվում էին բացառապես շաբաթվա ամենավերջի վրա։ Դա պետք էր նրա համար, որ չկարողանայինք զանգել երկրի ղեկավարներին, որոնք որպես կանոն՝ ուրբաթ երեկոյան արդեն մեկնում էին իրենց ամառանոցներ։ Հիշեցնենք, որ հետագայում իր բոլոր խոշորածավալ գործողությունները Ադրբեջանի ղեկավարությունը, ելնելով "սումգայիթի" փորձից, ծրագրում և իրականացնում էր միայն և միայն կուսակցական ու խորհրդային իշխանությունների գիտությամբ։ Հենց ողբերգական իրադարձությունների նախօրեին էր, որ նոր ցեղասպանության կազմակերպիչներն ու գաղափափարախոսները, բացի այլ, լենինյան ազգային քաղաքականության "սկզբունքներով" դաստիարակված սերնդի համար անսովոր, զուտ նացիստական կարգախոսներից, բացեիբաց գոռգոռում էին. "Հայե՛ր, կորե՛ք ձեր ողորմելի Հայաստան", "Մաքրե՛նք Սումգայիթը հայերից"։ Հռետորները հայտարարում էին այն մասին, որ ադրբեջանցիները քաղաքը կառուցել են ադրբեջանցիների համար, իսկ այսօր նրա շինարարներն ապրում են խղճուկ բարաքներում։ Ջարդերի կազմակերպիչներն ու կատարողներն այդպես էին խոսում նրանց մասին, ովքեր քառասունական թվականների վերջին և հիսունականների սկզբին ղարաբաղյան գյուղերից եկել էին Բաքվից երեսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող, Սումգայիթ գետի գետաբերանի մոտ տեղադրված փոքրիկ ավան։
Հայրենական մեծ պատերազմից առաջ Սումգայիթում ապրում էր հինգ հազար մարդ։ Եվ քչերի մտքով կանցներ, թե տասը տարի անց այդ բնակավայրը ներառվելու է "Կոմունիզմի մեծ կառույցների" ցանկում։ Նախքան մենք Արցախում (Ղարաբաղում) առաջին անգամ կլսեինք Սումգայիթի մասին, ամենահայտնի "մեծ կառույցը" Մինգեչաուրի ՀԷԿ-ն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Արցախում սկսեցին հաճախ հայնվել Բաքվի բանագնացները, կոչ անելով երիտասարդությանը նետվել նոր աշխատանքային ճակատ՝ "մարտական մեդալներին ավելացնելու աշխատանքային մեդալներ"։ 150 հազարանոց հայկական ինքնավար մարզից 45 հազարը մեկնել էին ռազմաճակատ, որոնց կեսը քաջի մահով ընկել էին մարտադաշտում։ Եվ ղարաբաղյան գյուղերում փեսացուների անհավատալի պակաս կար։ Այդ ողբերգական ժողովրդագրական խորապատկերին, և դեռ լավ հայտնի հետպատերազմյան սովի պայմաններում շատ տղամարդիկ, այդ թվում նաև զորացրված ռազմաճակատայիններ ու անբեղ-անմորուս պատանիներ, մեկնեցին ապրուստ վաստակելու Մինգեչաուրում և ապա Սումգայիթում։
1959 թվականի հերթական մարդահամարը ցույց տվեց, որ բանավանը վերաճել է քաղաքի, որտեղ արդեն բնակվում էր 50 հազար մարդ, իսկ 1970 թվականի հաջորդ մարդահամարի տվյալներով՝ 125 հազար։ Թերթերում գրում էին, թե "Սումգայիթի շինարարների աշխատանքային լեզուն հայերենն է"։ Հանրապետական "Օրվա նորություններով" մշտապես ցուցադրում էին սյուժեներ՝ հայ ընտանիքների ուրախ և աղմկոտ բնակարանամուտների մասին։ Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարները երկու նպատակ էին հետապնդում. առաջին՝ շարունակել կառուցել բուռն զարգացող քաղաքը, որն իր արդյունաբերական նշանակությամբ շուտով երկրորդ տեղը գրավեց Բաքվից հետո, երկրորդ՝ քողարկված կերպով իրագործել Լեռնային Ղարաբաղի մարզի բնիկ հայ բնակչության տիպական էթնիկական զտում։
1988 թվականի փետրվարին Սումգայիթում ապրում էր ավելի քան քսան հազար հայ։ Գործնականում նրանք բոլորը ծնունդով Արցախից էին։ Հավատալով շռայլ խոստումներին և այն հեքիաթին, թե իրենց համար կառուցելու են "արևի քաղաք", հայերն իրենց նվիրաբերեցին Սումգայիթին։ Այդ իսկ պատճառով էլ 1988 թվականի փետրվարի 26-ին չէին հավատում իրենց աչքերին ու ականջներին, թե հայերի ջարդերը կարող են բարձրացվել պետական քաղաքականության աստիճանի, քանզի ցույցերում նրանք տեսնում էին քաղաքի կուսակցական ու խորհրդային ղեկավարներին։ Եվ, առավելևս, նրանց մտքով էլ չէր կարող անցնել, թե սկսվող կոտորածի մասին, ելնելով տրամաբանությունից, տեղեկացված չէր Գորբաչովը։
…Հենց փետրվարի 26-ին, առավոտյան ուղիղ ժամը 10-ին Մոսկվայում, Հին հրապարակում գտնվող իր աշխատասենյակում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Միխայիլ Գորբաչովն ընդունեց բանաստաղծուհի Սիլվա Կապուտիկյանին և ինձ, ղարաբաղյան իրադարձությունների առիթով։ Արդեն ինքնին միութենական հանրապետության գրողների ընդունելությունն այդպիսի բարձր մակարդակով աննախադեպ երևույթ էր։ Դա տեղի ունեցավ, իհարկե, այն պատճառով, որ աննախադեպ էին նաև թե՛ առիթը, թե՛ պատճառը։ Կատակ բան չէր. արդեն երկու շաբաթ անընդմեջ բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում ԼՂԻՄ-ում և Հայաստանում։ Իսկ Երևանում ցուցարարների թիվը հասել էր կես միլիոնի, եթե չասենք՝ ավելի։ Քանզի հրապարակներն ու պողոտաները լցրել էր ոչ թե ամբոխը, այլ ժողովուրդը։ Բարձրախոսները տեղադրված էին շենքերի տանիքներին և ծառերին։ Թվում էր, թե աշխարհի հզորագույն կայսրություններից մեկի ղեկավարը պետք է լսեր մեզ։ ինքն իրեն հարց տար, թե ինչ անել, որպեսզի չճնշեն հուսահատության հասցված հայերին։ Բայց դրա փոխարեն նա արտաբերեց. "Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվում ապրող երկու հարյուր յոթ հազար հայերի ճակատագրի մասին"։ Ես մտածեցի, որ աշխատասենյակի տերը բոլորովին էլ պատահական չտվեց մի որևէ խոշոր թիվ, ասենք՝ "երկու հարյուր հազար", այլ հենց "երկու հարյուր յոթ հազար"։ Այդ թիվը մտապահվում է տեսողական հիշողությամբ, երբ նիշերի աղյուսակ ես կարդում։ Տվյալ դեպքում "207"։ Անկասկած, Բաքվից հասած հաղորդումներում, բացի ամենայնից, ընդգծվել էր շանտաժային միտքն այն մասին, որ Ադրբեջանի մայրաքաղաքում ապրում են 207 հազար հայեր, որոնց ադրբեջանցիները կմորթեն։ Ես ուշադրություն դարձրի, թե որքան սարսափելիորեն ապշած էր Գորբաչովը, որ ես Նախիջևանի մասին ավելի քիչ չէի խոսում, քան Բաքվի։ Առաջ անցնելով ասեմ, որ երեք օր անց Քաղբյուրոյի նիստին նա համարյա բառ առ բառ կրկնեց այն, ինչ ես էի պատմել։
1988 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան Կուսակցության Հայաստանի Կենտկոմ հրավիրեցին մի քանի "մտավորականության ներկայացուցիչների"։ Հեռախոսով հայտնեցին, որ մեզ հետ ցանկանում են հանդիպել իր՝ Գորբաչովի կողմից գործուղված Վ.Ի.Դոլգիխը և Ա.Ի.Լուկյանովը։ Հանդիպումը տեղի ունեցավ Կենտկոմի առաջին քարտուղար Կ.Ս.Դեմիրճյանի աշխատասենյակում։ Առույգ, առանց որևէ նախաբանի սկսեց Վլադիմիր Իվանովիչ Դոլգիխը. "Դե ինչ, ստացա՞ք"։ Մենք երևի առաջիններն էինք, ովքեր իմացան "սումգայիթի" մասին։ Դոլգիխն ահավոր թվեր նշեց։ Իսկ ես ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ տեղեկատվության իմաստն ու էությունը ոչ մի կերպ չի տեղավորվում գլխումս։
Սակայն շփոթմունքս վայրկյանից էլ քիչ տևեց։ Չէ՞ որ ոչ այլ ոք, այլ ինքը՝ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարը, քաղբյուրոյի անդամության թեկնածուն էր խոսում. "Երեկ չէ առաջին օրը Բաքվին մերձակա Սումգայիթում սկսվել են անկարգություններ, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր։ Մոտ քսան հոգի սպանվել է, տասներկուսը՝ բռնաբարվել։ Հրդեհված, կողոպտված ու թալանված են ավելի քան երկու հարյուր բնակարաններ։ Հրկիզված են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ"։
Հանդիպմանը ներկա, ղարաբաղյան շարժման ամենահեղինակավոր և ակտիվ անդամներից մեկը՝ Իգոր Մուրադյանը թեթևակի կակազելով ասաց (Իգորն ի բնե կակազում է). "Հենց այդ է, որ կա, չի կարելի ժողովուրդների բախտը հանձնել անսանձ ու վայրի տարերքին, գազաններին, որոնք ընդունակ են միայն կոտորածների ու ցեղասպանության և ոչ թե խաղաղ ցույցերի՝ Գորբաչովի դիմանկարներով և վերակառուցման կարգախոսներով։ Ստեղծված իրավիճակում ստիպված եք լինելու Ղարաբաղը վերցնել Մոսկվայի պաշտպանության տակ"։
Նույն օրը Երևանում սկսեցին վայրէջք կատարել Սումգայիթի փախստականները։ Երեկոյան մենք շատ մանրամասներ գիտեինք XXդարի հերթական ցեղասպանությունից։ 72 ժամ անընդմեջ, երեք լրիվ օր, գիշեր ու ցերեկ իրագործվել էր հայերի կազմակերպված ցեղասպանություն, ինչպես որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում։ Ոչնչացրել էին, ողջ-ողջ այրել, բռնաբարել, թալանել բացառապես ազգային սկզբունքով։ Իսկ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում ողջ երկրով մեկ հայտարարեց, թե "Սումգայիթի ողբերգությունը՝ կազմակերպված խուլիգանների կողմից, չէր լինի, եթե զորքը չուշանար երեք ժամով"։ Հետաքրքիր է, ինչ՞ վրա էր հույսը դրել Գորբաչովը, երբ այդքան բաց ու բացահայտ ստեց։ Ես ունեմ մի այսպիսի փաստաթղթի քսերոպատճենը. "ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի 1988 թվականի փետրվարի 29-ի նիստի ելույթների աշխատանքային գրառում"։ Կնիք-մակագիրը՝ "Հույժ գաղտնի։ Միակ օրինակ"։ Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի խնդիրը։ Միաժամանակ, այսպես ասած՝ ձեռքի հետ, խոսակցություն է գնում նաև Սումգայիթի մասին։ Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են ջարդերը, սակայն, դատելով ըստ ամենայնի, քաղբյուրոյի անդամները, քաղբյուրոյի անդամության թեկնածուները, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարները, որոնք իհարկե, տեղյակ են սումգայիթյան սպանդին, դեռևս այնքան էլ չեն վերահսկում իրավիճակը։ Եվ այնժամ գլխավոր քարտուղարը, որպես իրավաբան՝ լավ իմանալով, որ "Աստված մանրուքների մեջ է", դիմում է մարշալ Յազովին. "Պատմի՛ր, Դմիտրի Տիմոֆեևիչ, թե ինչպես են սպանում"։ "Երկու կանանց կուրծքն են կտրել,-պատասխանում է Յազովը,- մեկի գլուխն են կտրել, իսկ աղջկա կաշին են հանել։ Այ, այդպիսի վայրենություն։ Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում։
Ես պատկերացրեցի, թե ինպես, հանգիստ ու հարմարավետ տեղավորված փափուկ բազկաթոռներում, մարդիկ, որոնց խոր կնճիռներից ու աչքատակերի պարկերից ռետուշված դիմանկարները կախված են ահռելի երկրի աշխատասենյակներում և ակումբներում, հրապարակներում և շենքերի պատերին, արծաթե գավաթակալներով բյուրեղապակե բաժակներից թեյ են խմում։ Եվ իմանալով, թե ինչպես են կուրսանտներն ուշաթափվում տեսածից, թոթվում են ուսերը, իբր թե՝ ի՜նչ թույլիկ է ներկայիս երիտասարդությունը։ Համենայն դեպս նրանցից ոչ մեկը զայրույթ չարտահայտեց։ Չէ՞ որ ճեպագիրն "աշխատանքային" է, այսինքն, ոչ մեկը չի հասցրել այն մաքրագրել, խմբագրել, ինչ-որ ռեպլիկներ հանել։
Այնինչ կարող էին գոնե մարշալ Յազովից հետաքրքրվել, թե ո՞վ էր այդ կինը, որի կուրծքը կտրել են, այն մյուսը, որի գլուխն են հատել, այն աղջիկը, որին մաշկահան են արել։ Չէ՞ որ դրանք կոնկրետ մարդիկ էին, իրենց հայրենակիցները։ Ես համոզված եմ, որ դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարի մոտ կային տվյալներ այն մասին, որ Սումգայիթի 45-րդ թաղամասի 10/13 շենքի 37-րդ բնակարանի 27-ամյա բնակչուհի Լոլա Պավելի Ավագյանը դուրս է բերվել փողոց։ Նրան լրիվ մերկացրել են, ստիպել են պարել, բռնաբարել են, ծակծկել են դանակներով, կտրել են կուրծքը։ Այդ նիստի ժամանակ քաղբյուրոյի անդամները կարող էին իմանալ, որ մաշկահան էին արվել մի քանի հոգի, այդ թվում 86-ամյա Երսիլիա Բախշիի Մովսեսովան, որ 27-ամյա Իրինա Սողոմոնի Մելքումյանի դիակը ածխացած էր ու գլխատված։ Աստվա՜ծ իմ, որքան ծանր է շարադրել այդ ողջ սարսափը…
Սումգայիթի ողբերգության մասին բազմաթիվ գրքեր ու գրքույկներ, ժողովածուներ ու փաստաթղթեր, հարյուրավոր հոդվածներ կան։ Սամվել Շահմուրադյանի "Սումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններում" երկհատորյակի մեջ ցավալիորեն քիչ բան կա Մելքումյանների ընտանիքի մասին։ Եվ մեղքը հեղինակինը չէ։ Ողջ ընտանիքը զոհվել էր փետրվարի 29-ին։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը սումգայիթյան ջարդերի մասին տեղեկություններն ստանում էր փետրվարի 27-ից սկսած։ Եվ չնայած դրան, բարձր ամբիոնից հայտարարեց, թե զորքերն ուշացել են երեք ժամով, իսկ Մելքումյանների ընտանիքը ոչնչացվել է փետրվարի 29-ին։
Մեկ այլ հետազոտող՝ Հրայր Ուլուբաբյանը հրատարակել է երեսուն փաստաթղթեր մահվան մասին։ Դրանց մի մասը լրացված է ռուսերեն տեքստով՝ "Բժշկական տեղեկանք մահվան մասին" վերնագրով բլանկների վրա, մյուս մասը՝ ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով "Մահվան վկայականների"։ Բոլորի ախտորոշումը համարյա թե միանման է. "Գանգոսկրի բեկորային կոտրվածքներ, որովայնի ներթափանցիկ կտրված-ծակված վերք, այրվածքներ"։ Այդ ախտորոշումներն ունեին Մելքումյանների ընտանիքի բոլոր հինգ անդամները, որոնք ապրում էին Սումգայիթի 42ա թաղամասի 26 շենքի 21-րդ բնակարանում։ Հայրը՝ Սողոմոն Մարգարի Մելքումյանը, ծնված 1931 թվականին, մայրը՝ Ռաիսա Արսենի Մելքումյանը, ծնված 1934 թվականին, որդիները՝ Իգորը և Էդվարդը, ծնված 1957, 1960 թվականին, դուստրը՝ Իրինան, ծնված 1961 թվականին։ Սումգայիթում, Վորոնեժում, Մոսկվայում տեղի ունեցած դատավարությունների ժամանակ ականատեսները ցուցմունքներ են տվել, որոնց համաձայն բոլոր հինգ Մելքումյաններին ծեծից ու ծանակումներից հետո ողջ-ողջ վառել են հենց փողոցում։ Նրանք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ջիլան փոքրիկ գյուղից էին։ Արցախի իրենց հայրենիքում հիմա մնացել են միայն մի քանի հեռավոր ազգականներ։ Այդպես 1988 թվականի փետրվարի 29-ին անհետացավ մի ողջ տոհմ։ Հենց սա է ցեղասպանությունը (գենոցիդ)։ Հունարենից թարգմանված "գեն"՝ նշանակում է "տոհմ", իսկ լատիներեն "ցիդ"՝ "սպանել, ոչնչացնել"։ Նրանք վերջին զոհերից էին։ Գուցե յուրովի ճի՞շտ էր Գորբաչովը. եթե զորքերը երեք ժամ շուտ գային, կփրկվեին եղբայրներ Վալերի և Ալբերտ Ավանեսյանները, հայր և որդի Արմո և Արթուր Արամյանները, շատ-շատերը։ Ի դեպ, Արամյանները ծնունդով արցախյան Քյաթուկ գյուղից էին և իմ ազգականները՝ մայրական գծով։ Դժվար է նկարագրել մորս վիճակը այն արյունոտ օրերին։
Ականատեսները պատմում են, որ անպատժելիությունը այդ հոգեառների ժամ առ ժամ ավելի լկտի ու համարձակ էր դարձնում։ Պատահական չէ, որ ամենից շատ զոհեր ու ջարդեր եղան հենց չորրորդ օրը, փետրվարի 29-ին։ Եթե Տուլայի օդադեսանտային դիվիզիայի 137-րդ ռյազանյան գունդը վերջապես չհասներ Սումգայիթ, ապա զոհերի թիվն անհաշվելիորեն կաճեր։ Գնդապետ Ալեքսանդր Լեբեդը, որը մարտին ընդունեց դիվիզիայի հրամանատարությունը, Սումգայիթ եկավ այն ժամանակ, երբ դեռ օդում ճենճերահոտ էր կանգնած։
Իր "Տերության համար եմ ցավում" գրքում արդեն գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող Լեբեդը գրելու էր. "Այն ժամանակ, 1988 թվականի փետրվար-մարտին սկսեց գրվել անկանխատեսելի, անսպասելի, վայրի, տեղ-տեղ՝ արյունոտ, տեղ-տեղ էլ ծայրահեղ ստոր էջ և՛ զինուժի, և՛ հայրենիքի պատմության, և՛ իմ անձնական կենսագրության մեջ։ Ամենացավալին կայանում է նրանում, որ միջոցների ընտրության մեջ ստորությունը, անազնվությունն ու տհասությունը բխում էին մարդկանցից, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում պետությունում։ Նրանք այնտեղ, վերևներում ինչ-որ սեփական բարձր ռազմավարական նպատակներ էին հետապնդում, խարդավանքներ հյուսում, կնքում ցանկացած գործարքներ, այդ թվում նաև սատանայի հետ, իսկ ներքևում, հենց նրանց մատուցմամբ, նրանց ակտիվ մասնակցությամբ կամ դիտավորյալ անմասնությամբ տեղի էր ունենում ժողովուրդների թունավորումը, աճում ու ծավալվում էր արյունալի անօրինությունը, դրվում էին մեծ պետության փլուզման ու կործանման հիմքերը (եթե կարելի է դրանք հիմքեր անվանել)…Սումգայիթում ես առաջին անգամ Աֆղանստանից հետո, իմ հարազատ հողի վրա (այն ժամանակ այդպես էի կարծում) տեսա հրկիզված բեռնատարներ ու ավտոբուսներ, այրվող տներ, մարդկանց բնականից սև, բայց կրած սարսափներից ճերմակած մազեր և աչքեր, աչքեր…Այդ ժամանակ էլ առա միջնադարյան սադիզմի հոտը, գազանային, անմարդկային դաժանության հոտը, թանձր միայուսված տխմարության հետ…"։
Թվում է, թե իր ողջ էությամբ "սումգայիթը" պետք է բացեր վերակառուցման նախաձեռնող Գորբաչովի աչքերը, որն ուներ թե՛ իրական (եթե չասենք՝ անսահմանափակ) իշխանություն, և՛ դրա կիրառման շոշափելի մեխանիզմներ, որպեսզի ոչ միայն վճռականորեն պատժեր չարին, այլև այն ժամանակվա լավագույն լուծումը գտներ Ղարաբաղի և Նախիջևանի հարցերը լուծելու համար։ Հանուն արդարության պետք է ասել, որ քաղբյուրոյի փետրվարի 29-ի վերը նշված նիստում Միխայիլ Գորբաչովը բավական հանգամանորեն խոսեց Նախիջևանի հայկական ինքնավար հանրապետության խիստ սրված խնդրի մասին. "Ես հարցնում եմ Վիկտոր Միխայլովիչին (ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Չեբրիկովը - Զ.Բ.)՝ ի՞նչ ես դու այնտեղ արել սահմանային գծի հետ։ Նա ինձ ասում է, թե Նախիջևանում, որտեղ անցնում է սահմանագիծը, մեր սահմանապահներն ունեն իրենց հողաշերտը, որի վրա տեղադրված են ուղեկալները։ Իսկ սահմանամերձ գոտու ողջ խորությունը որոշում են տեղական մարմինները, տվյալ դեպքում՝ հանրապետական (ադրբեջանական - Զ.Բ.)։ Եվ ի՞նչ որոշում է ընդունվել։ Ողջ Նախիջևանը համարվել է սահմանամերձ գոտի։ Ազատ մուտքն այնտեղ արգելվել է։ Բայց չէ՞ որ այնտեղ թաղված էին ցեղասպանության զոհերը, այնտեղ են նրանց գերեզմանները։ Այնտեղ հայկական մշակույթի 90 հուշարձան կար, որից միայն մեկն է մնացել։ Եվ վե՛րջ։ Ոչ մեկին թույլ չեն տալիս այն պատճառաբանությամբ, որ դա սահմանամերձ գոտի է"։
Ի դեպ, նա չգիտես ինչու ոչինչ չասաց Ջուղայում ոչնչացված հազարավոր ու հազարավոր շիրմաքար-խաչքարերի մասին։ Չէ՞ որ ես իրեն այդ մասին էլ էի ասել։
Սումգայիթյան ջարդերից հետո առաջին օրերին Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունը շոկի մեջ էր։ Տրամաբանորեն նրանք սպասում էին մի ինչ-որ քաղաքական գնահատականի՝ դրանից բխող կազմակերպչական և իրավաբանական հետևություններով։
Սակայն բառացիորեն մեկ օր անց կենտրոնական թերթերը, ասես պայմանավորված, սկսեցին գրել բացառապես "Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների և դրանց շուրջ"։ Ավելի շատ գրում էին ժողովուրդների բարեկամության մասին։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի ուրախ հարսանիք, որտեղ փեսան ադրբեջանցի էր, հարսը՝ հայուհի։ Նորապսակ "արտիստները" խցիկի առջև բոցաշունչ ինտերնացիոնալիստական ճառեր արտասանեցին։ Հանցագործության հետքերը ջնջելու գծով առանձնակի ակտիվություն հանդես բերեց ԽՍՀՄ Դատախազությունը։ Ավելի ու ավելի հաճախ էին ասում. "Եղել են զոհեր՝ տարբեր ազգությունների ներկայացուցիչներից"։ Զանգվածային սպանությունների օրը (փետրվարի 28-ին) "Սումգայիթի կոմունիստ" թերթը առաջնորդող հոդվածում գրում էր. "Սումգայիթցիների, ինպեսև մեր հանրապետության բոլոր աշխատավորների շրջանում ջերմ արձագանք գտավ ԽՍՀՄ Կենտկմի գլխավոր քարտուղար Գորբաչովի դիմումը Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովրդին։ Հազարավոր մարդիկ լսում էին այն աշխատանքային կեսօրին, քննարկելով աշխատավայրում և տանը, գործընկերների և բարեկամների հետ։ Բառացիորեն մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հաղորդվեց Միխայիլ Գորբաչովի դիմումը, սկսեցին խմբագրություն գալ տարբեր ազգությունների մարդիկ…"։ Այդ փարիսեցիությունն ու լկտիությունը շարունակվեցին հետագա բոլոր օրերի ընթացքում։ Իսկ 1988 թվականի մարտի 4-ին "Սումգայիթի կոմունիստ" թերթը տպագրեց տեղեկատվություն այն մասին, որ "ստեղծվել է կառավարական հանձնաժողով Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Սեիդովի գլխավորությամբ։ Լուծվում են բոլոր հարցերը՝ կապված բնակելի տների և հասարակական շենքերի վերանորոգման հետ"։ Ահա թե ինչպիսի "բոլոր հարցեր" էին լուծվում այն ժամանակ, երբ անմեղ զոհերի արյունը դեռ չէր հասցրել չորանալ քաղաքի ասֆալտի վրա։
Բաքվի կուսակցական և կոմերիտական թերթերում տպվում էին նյութեր, որտեղ հայի կերպարը տրվում էր որպես Ադրբեջանի երդվյալ թշնամու։ Իսկ ջարդարաներին վերագրվում էր այն մեղքը, թե"Սումգայիթը վերածվեց բնապահպանական դժոխքի"։ Եվ արդեն բոլորովին սանձարձակվեցին, երբ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նիստին Գորբաչովը, ամբողջովին մերժելով "ցեղասպանություն" տերմինը "սումգայիթի" առումով, ողջ երկրով մեկ հայտարարեց. "Ցեղասպանությունը կազմակերպված հանցագործություն է, իսկ Սումգայիթում գործել են ընդամենը հասարակության թափթփուկները։ Եվ դա ասում է ղեկավարը այն պետության, որը վավերացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված համաձայնագիրը "Ցեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասին"։ Իսկ չէ՞ որ դրա մեջ ընդգծվում է. "Ցեղասպանության տակ պետք է հասկանալ հետևյալ գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգային, ռասայական կամ կրոնական խումբ լիովին կամ մասնակիորեն որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով. նման խմբի անդամների սպանությունը, նման խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ կամ հոգեկան խանգարումներ պատճառելը"։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահը որպես փաստարկ բերում էր նաև զոհերի թիվը։ Իբր, երեսուներկու սպանվածները քիչ են։ Մինչդեռ, համաձայն Գլխավոր Ասամբլեայի համաձայնագրի "քանակական բնութագիրը որոշող չէ ցեղասպանության հանցագործության դեպքում։ Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե այդ սպանությունը կատարված է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով"։ Այնպես որ, հայերի զանգվածային սպանությունները, զանգվածային ճնշումները և վտարումները Խորհրդային Ադրբեջանի կազմ մտած նրա պատմական հայրենիքից, ինչպես նաև Սումգայիթից և Բաքվից, համաձայն միջազգային բոլոր օրենքների, որակվում են որպես ցեղասպանություն։
Պատահական չէ, որ հենց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1988 թվականի տխրահռչակ նիստից հետո, որը հեռարձակվեց Կենտրոնական հեռուստատեսությամբ, հայտնվեցին հրապարակումներ, որտեղ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրում էին հենց զոհին։ Սումգայիթի փախստականներին վռնդում էին փողոց։ Հայերի դեմ վիրավորական հարձակումների կարելի էր հանդիպել ոչ միայն խորհրդային, այլև արտասահմանյան մամուլում։ Ադրբեջանական բանաստեղծը գրում էր "Ֆիգարո"-ում (1988 թվականի հոկտեմբերի 24). "Եթե նույնիսկ չլիներ "սումգայիթը", հայերը կհորինեին այն։ Հայ ժողովուրդը մազոխիստ է։ Նրան պետք է հավերժ պայքարել, արբել մահով և դժբախտությամբ"։ Պատահական չէ, որ 1989 թվականի փետրվարին, ողբերգության առաջին տարելիցին, Բաքվի ցույցերում սումգայիթյան մարդասպանները հայտարարվեցին հերոսներ, և նրանց պատվին քեֆեր կազմակերպվեցին։ Հիրավի, որքա՜ն ճիշտ էր Փյոդոր Տյուտչևը. "Եվ նորից ճիշտը խնջույքի նստած դահիճն է, իսկ զոհերը հանձնված են չարախոսության"։
Կազմակերպված հանցագործության անպատժելիությունը, որը համատարած կեղծիքի, բռնության և ազգային հարցերը լուծելու գործուն նախադրյալներ է ստեղծում, դարձավ ահռելի երկրում սկիզբ առած "սումգայիթների" շղթայական ռեակցիայի նախապատճառ։ Երևանի համալսարանի պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, հենց միայն պարզվեց, որ Կրեմլը չի էլ մտածում ցավակցություն հայտնել Սումգայիթի զոհերի հարազատներին ու մերձավորներին, առաջիններից մեկը թվարկեց գալիք "սումգայիթների" անունները. Շուշի, Կիրովաբադ, Օշ, Թուրքմենիա, Ֆերգանա, Հյուսիսային Կովկաս։
Ցավոք, վերակառուցման նախաձեռնողն այդպես էլ չհասկացավ, որ այլընտրանք չունի "սումգայիթին" քաղաքական և իրավաբանական գնահատական տալուն։ Որպես խորհրդային վերջին պառլամենտի ժողովրդական պատգամավոր ինձ շատ անգամներ է վիճակվել հանդիպել Գորբաչովի, Յակովլևի, Լուկյանովի և պետության այլ ղեկավարների հետ։ Եվ ամեն անգամ ապարդյուն փորձել եմ համոզել նրանց, որ "սումգայիթի" ու "սումգայիթների" անպատժելիության ամենասարսափելի և վտանգավոր հետևանքներից մեկն այն է, որ ժողովուրդն արդեն խառնում ու միևնույն կույտի մեջ է նետում "խորհրդային" և "ռուսական" հասկացությունները։ Հակառուսական տրամադրությունները և նույնիսկ դրանց եզակի բռնկումները Երևանի բազմահազարանոց ցույցերում, մեզ համար անհավատալի երևույթ էին, եթե չասենք՝ հիմարություն։ Իսկ սադրիչ հրապարակումներից ու հեռուստահաղորդումներից, կամ պետական այրերի չմտածված ելույթներից հետո, "սումգայիթի" կազմակերպիչների նկատմամբ դատավարական զավեշտից հետո սկսեցին հնչել թեկուզ թույլ, բայց հակառուսական նոտաներ։ Միաժամանակ դժվար չէր գուշակել. "սումգայիթների" տարածումը երկրում հանգեցնելու է նրան, որ և՛ դժբախությունը, և՛ արյունահեղության մեղքն ու նույնիսկ պատասխանատվությունը գցելու են ռուսների վրա, եթե նույնիսկ բռնելու էլ լինեն հանցագործների ձեռքը, ինչպես դա եղավ (ճիշտ է, դարձյալ մեծ ուշացումով) հունվարին, Բաքվում, որտեղ իրականացավ Գորբաչովի "մարգարեությունը". կազմակերպված ցեղասպանության զոհեր դարձան 207 հազար բաքվեցի հայեր։ Իսկ խորհրդային (ռուսական) զինվորները, որոնք փրկում էին հրաշքով ողջ մնացած մարդկանց, օգնելով նրանց հասնել Կրասնովոդսկ, Մոսկվա և Երևան, ամեն տարի հունվարի 20-ին հեռուստաէկրաններից հայտարարվում են "Ադրբեջանում ժողովրդավարությունը սպանողներ"։ Ի մեծագույն ափսոսանք, շուտով քաղաքական շատ գործիչների և ժուռնալիստների համար հենց այդպիսի "հակառուսական" մոտեցումը "թեժ" կետերում կատարվածի գնահատման նկատմամբ դարձավ համարյա թե նորաձևություն, եթե չասենք՝ համարձակության դրսևորում։
1988-1989 թվականների Բաքվի հակահայկական ցույցերում կոչ էր արվում. "Պետք է ողջ Ադրբեջանը, Նախիջևանը, Ղարաբաղը մաքրել հայերից, որպեսզի նրանց զրկենք վրիժառության հնարավորությունից"։ Ահա այսպես միմյանց ձայնածեցին "սումգայիթի" կազմակերպիչները և երիտթուրքական գաղափարախոսության ջատագովներից մեկը՝ Բահաէդդին Շաքիրը, որը 1915 թվականի հայերի ցեղասպանության հրեշավոր ծրագրի քննարկման ժամանակ նախազգուշացրեց. Մենք ստանձնել ենք շատ կարևոր, ծանր պարտականություն և եթե այն չկատարենք մինչև վերջ, ապա համոզված եղեք, որ չենք փախչելու հայերի վրեժխնդրությունից"։ Ինչպես հայտնի է, հենց այդ չարագուշակ միտքը դարձավ ուսումնական ձեռնարկ հետլերականների համար, որոնք կազմակերպեցին Հոլոքոստը։
Գիտակցելով հայտնի ճշմարտությունը, թե դահիճների հանդեպ խղճահարությունը վերաճում է դաժանության զոհի նկատմամբ, հայերն այնուամենայնիվ չդիմեցին վրեժխնդրության։ Ժողովուրդը, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, չէր կարող չիմանալ, որ թշնամանքը որպես ինքնանպատակություն, ուղիղ ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում։ Իսկ զենք վերցրեց միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղին պատերազմ պարտադրեցին։ Շատ բան արվեց, որպեսզի ժողովուրդը ո՛չ "սումգայիթին", ո՛չ "բաքվին" կրոնական բնույթ չվերագրի։ Այդ բախումն իրոք, կրոնական չէր, և ոչ էլ նույնիսկ տարածքային, քանզի խոսքը ոչ թե տարածքի մասին է, որպես այդպիսին, այլ հայերի պատմական հայրենիքի։
Պատժի անխուսափելիությունը հանդիսանում է օրենքի գերխնդիրը։ Իսկ ցեղասպանության նկատմամբ կիրառելի չէ վաղեմության սկզբունքը։ Ահա արդեն քառորդ դար սումգայիթյան ցեղասպանության զոհերը՝ ողջ, թե մեռած, սպասում են դատի՝ մարդկության դեմ այդ ծանրագույն հանցագործության իսկական կազմակերպիչների նկատմամբ։ Չկա ապագայի համար ավելի վտանգավոր բան, քան ներկայի կարճ հիշողությունը։
Հիշենք, թե ինչպես էր Հիտլերը 1939 թվականի օգոստոսին իր դահիճներին ճանապարհում Լեհաստան, նրանց հետքից գոչելով. "Մի՛ վախեցեք պատմության դատից։ Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին"։ Եվ մոլորակի յոթանասուն միլիոն բնակիչներ դարձան չպատժված չարի շղթայական ռեակցիայի զոհեր։
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի "Ցեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասին" համաձայնագրի 1-ին հոդվածի, պետությունները, որոնք ընդունել են այն, պարտավոր են կանխել և պատժել հրեշավոր չարագործությունը։ Եվ միաժամանակ գիտակցել, որ մեծագույն հաստատակամությունն էլ հենց մեծագույն գթասրտությունն է։ Եվ միայն հատուցում չստացած չարիքն է ծնում չարիք։
Այսօր, նշելով "սումգայիթի" քսանհինգ տարին, պետք է ամուր գիտակցենք, հիշենք և հիշեցնենք Թուրքիայում և ապա թուրքական Ադրբեջանում պետական մակարդակով կազմակերպված և իրագործված հայերի ցեղասպանությունների աշխարհում չլսված ողբերգական շարքի մասին։ Պատրաստվելով միջազգային մակարդակով նշելու բազմաթիվ երկրների կողմից ճանաչված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարյուր տարին, մենք պետք է հիշենք ու հիշեցնենք աշխարհին, որ 1915 թվականի ապրիլի 24-ը պայմանական տարեթիվ է։ Դա իրոք, անմարդկային հրեշավորությամբ ահավոր մի օր է մարդկության պատմության մեջ։ Սակայն նման երեսուն հազար արյունալի օրեր են եղել Օսմանյան կայսրության մեջ, սկսած 1893 թվականից մինչև 1923 թվական։ Խոսքը չի վերաբերվում կոտորածին, ջարդերին, զոհերին, որոնք թիվ ու քանակ չունեն, խոսքը ցեղասպանության մասին է, որը պաշտոնապես բարձրացվել է պետական քաղաքականության աստիճանի՝ Աբդուլ Համիդի, երիտթուրքերի, Աթաթուրքի օրոք։
Այս թեմային ես հաճախ եմ անդրադարձել։ Եվ այսօր, սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք պետք է ազնվորեն խոստովանենք. մենք ինքներս ենք մեղավոր նրանում, որ վերջին հիսուն տարում խոսելով հայերի ցեղասպանության մասին, միշտ չգիտես ինչու շեշտը դրել ենք միայն 1915 թվականի վրա։ Քանի՜ անգամ ենք ականատես եղել, երբ Թուրքիայի և նրա լոբբիստների դրդմամբ տարբեր պառլամենտներում և տարբեր միջազգային համաժողովներում, որտեղ քննարկվել է հայերի ցեղասպանության հարցը (հենց 1915 թվականը), անփոփոխ շահարկվել է այսպես կոչված "պատերազմական ժամանակի" գործոնը, նկատի ունենալով, որ 1915 թվականը Առաջին համաշխարհային պատերազմի թեժ տարին էր, երբ Թուրքիան պատերազում էր Ռուսաստանի դեմ, որ հայերը Ռուսաստանի կողմից էին, որ Թուրքիան՝ պատերազմական ժամանակի օրենքներով ստիպված էր տեղահանել հայերին, իբր՝ նրանց ռազմական գործողությունների թատերաբեմից հեռացնելու համար, որ վերաբնակեցման ժամանակ լինում են նաև դաժանություններ, և որ Թուրքիային պետք է պատժել իբր միայն դաժանության, բայց ոչ ցեղասպանության համար։ Ի դեպ, այդ "փաստարկը" տարիներ առաջ լկտիորեն բարձրաձայնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբոտ-Ուոտը, առաջարկելով "ցեղասպանություն" բառը փոխարինել "դաժանություն" բառով։ Իսկ հետաքրքիր է իմանալ, այդ ի՞նչ մի համաշխարհային պատերազմ էր ընթանում Ստամբուլում 1893-95 թվականներին, որտեղ զանգվածաբար կոտորեցին հայերին։
Այդ ի՞նչ պատերազմ էր ընթանում երիտթուրքերի օրոք, երբ Ադանայում միանգամից ոչնչացրեցին երեսուն հազար հայերի։ Եվ այսպես, երեք տասնամյակ անընդմեջ իրագործված ցեղասպանություն։ Եվ ամեն անգամ կազմակերպիչները մանրազնին նախապատրաստվել էին, ծրագիր կազմել, ճշտել հայերի հասցեները, դահիճներին բաժանել երկաթե ձողեր և շշերով բենզին՝ հրկիզումների համար։
Ինչպես տեսնում ենք, լրիվ "մեկին մեկ"՝ Սումգայիթի և Բաքվի թուրքական աշակերտների հետ։ Այնպես որ, այսօր թուրքերն ու լոբբիստները համառորեն շահարկում են հենց տասնհինգ թվականը, վկայակոչելով հայերի կողմից ընդունված օրենքը։
Չէ՞ որ հրեաների առջև ապաշխարած Գերմանիան չդիմեց ո՛չ լկտի արդարացումների, ո՛չ նենգ շահարկումների։ Գերմանիան, իհարկե, Թուրքիա չէ։ Եվ հրեաներն էլ իրենց ողբերգական Հոլոքոստը (հունարեն՝ "հիմնահատակ վառված տուն") ընդամենը մի որևէ կոնկրետ (ընդհանրական, խորհրդանշական) տարեթվով չեն նշում, այլ մշակել ու օրենք են մտցրել ցեղասպանություն տերմինի ծավալուն սահմանումը՝ հոլոքոստ, որը "հրեաների մեծ մասի (ավելի քան 60 տոկոսի կամ 6 միլիոն 100 հազարմարդու) ոչնչացումն էր գերմանական ֆաշիստների և նրանց հանցակիցների կողմից 1933-1945 թվականներին"։
Իսկ մենք մեր բոլոր հրապարակումներում և բանավոր ելույթներում, բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական փաստաթղթերում անփոփոխ և ընդգծված նշում ենք ընդամենը մեկ, արդեն դոգմա դարձած բանաձև. "1915 թվականի Հայոց ցեղասպանություն"։ Նույնիսկ օրենքը (ոչ թե մի ինչ-որ ենթաիրավական ակտ կամ որոշում), որն ընդունվել է 1988 թվականի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի կողմից, այդպես էլ կոչվում է՝ "Օրենք Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայոց ցեղասպանության դատապարտման մասին"։
Այսօր մեր Ազգային ժողովը պարզապես աներկընտրանք պարտավոր է ճշգրտում մտցնել (ընդամենը ճշգրտում) և ուղղել այդ հիրավի վտանգավոր անճշտությունը գործող օրենքում, առաջին հերթին փոխելով անվանումը, որը նոր խմբագրմամբ պետք է հնչի. "Հայաստանի Հանրապետության օրենք 1893-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և Արևելյան Հայաստանում հայոց ցեղասպանության դատապարտման մասին"։
Վերջիվերջո խոսքը մի ինչ-որ ինքնանպատակ քայլի մասին չէ, այն մասին չէ, որ հնարավորինս շատ երկրներ ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Խոսքն առաջին հերթին առանց բացառության մեր բոլոր հայրենակիցների պայծառ հիշատակի հանդեպ մեր սրբազան պարտականության մասին է, նրանց հիշատակի, ովքեր զոհ գնացին ոչ միայն սև 1915 թվականին, ոչ միայն Օսմանյան կայսրությունում, որի կազմի մեջ էր մտնում Արևելյան Հայաստանը, ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլև Սումգայիթում և Բաքվում։



Զորի ԲԱԼԱՅԱՆ