Զորի Բալայան > Նորություններ > "Հայոս-Քարթլոս. ավելին քան լեգենդը" |
Հայոս-Քարթլոս. ավելին քան լեգենդը |
Ապագան կանխատեսում են ոչ թե պատգամախոսները ու մարգարեները, այլ իմաստունները... Էրազմ Ռոտերդամցի Ես հաճախ եմ լինում Վրաստանում, որտեղ շատ մերձավորներ ունեմ: Հատկապես Ջավախքում կամ Սամցխե-Ջավախեթիում: Նրանց մեջ քիչ չեն վրացիները: Հայկական գյուղերից մեկում, որտեղ ապրում են էրզրումահայերի սերունդներ, հանդիպել եմ վրացիների, ովքեր ազատորեն խոսում են տեղի հայկական բարբառով: Նրանցից մեկին հարցրեցի. “Ե՞րբ ես սկսել հայերեն խոսել”: “Կարծում եմ, մոտ 150-200 տարի առաջ”, հնչեց պատրաստի պատասխանը: Հետո ավելացրեց. "Ծնողներս եւ նրանց ծնողները նույնպես տիրապետում էին հայերենին եւ դարձյալ մանկուց": Ընկերներիցս մեկ ուրիշն ասաց, որ հայերի համար ավելի հեշտ է. նրանք վրացերեն սովորում են ոչ միայն փողոցում եւ բակում, այլեւ դպրոցում: Բալանտա գյուղում նիհարակազմ եւ ճերմակամորուս մի ծերունի ինձ ասաց, որ երբ պատանեկության տարիներին իմացել է, որ հարեւան Բեժանո գյուղի Վանցյան ազգանունով օդաչուն դարձել է Խորհրդային Միության հերոս, ինքը հպարտությամբ է համակվել իր ամբողջ երկրամասի համար: Ես ուշադրություն դարձրի, որ հոգումս ամենից շատ տպավորվում են հանդիպումները հասարակ մարդկանց, գյուղացիների հետ: Նրանք քաղաքաբնակներից, քաղաքական գործիչներից եւ պաշտոնյաներից կտրուկ տարբերվում են Վրաստանի ու Հայաստանի եւ մանավանդ վրացիների ու հայերի հարաբերությունների իրենց գնահատականներով: Չեմ ընկալում այն փաստը, որ մեր ժողովուրդների միջեւ գոյություն ունեն ինչ-ինչ լուրջ խնդիրներ: Համենայնդեպս գտնում եմ, որ չի կարող պատահել այնպիսի բան, որը կհանգեցներ խռովության եւ թշնամանքի: Մեծ մասը կարծում է, որ անհնար է դարավոր բարեկամին փոխանակել դարավոր թշնամու հետ: Իսկ ալաթումանցի ճերմակամորուս ծերունին մի առիթով փիլիսոփայորեն ասաց. “Ամեն ինչ սկսվել է դեռ 19-րդ դարի ռուսական հեղափոխությունից”: Հենց այդ ժամանակ էլ հիշեցի իմ ընկերոջն ու գործընկերոջը՝ Վրաստանում "Լիտերատուրնայա գազետայի" սեփական թղթակից, սրամիտ եւ հեգնող Էդուարդ Ելիգուլաշվիլուն, ում հետ հաճախ էինք խոսում նրա սահմանած հետեւյալ թեմայով. “Վերջերս մեզանում տարօրինակ բան է կատարվում”: Եվ ես աճապարեցի նրան տալ իմ մեկնաբանությունն այն մասին, թե երբվանից է սկսել տեղի ունենալ “տարօրինակ բանը”: Ես ասացի, որ մեր բոլոր վեճերը, վիճաբանությունները եւ անհարթություններն սկսվել են ոչ թե հեղափոխությունից, այլ Ռուսաստանի համատարած հեղափոխականացումից: Եվ այդ ժամանակ ես ու Էդիկը հնարեցինք մի յուրօրինակ ոչ այն է խաղ, ոչ այն է բանաձեւ: Մենք սկսեցինք հնարել բառեր, որոնք ավարտվում էին “ացում”-ով: Եվ սկիզբ առավ ծննդաբանությունը, Հեղափոխականացումից (ինչպես Հին կտակարանում). Հեղափոխականացումը ծնեց Կուսակցականացմանը, Կուսակցականացումը ծնեց Բոլշեւիկացմանը, Մենշեւիկացմանը, Գաղափարակա¬նացմանը: Դրանց հաջորդեցին Ազգայնացումը, Ինքնավարացումը, Ինդուստրացումը, Կոլեկտիվացումը, իսկ կուլակացման փոխարեն հայտնվեց ԳՈՒԼԱԳ-ացումը... եւ այդպես շարունակ: Եվ այս ամենը հանգեցրեց Մղձավանջացմանը: Իսկ վերջում (ԽՍՀՄ -ի փլուզումից հետո) ծագեց հասարակության ամենաահավոր Քաղաքականացումը, որը հանգեցրեց բուն էթնոսի, բուն ժողովրդի ներքին հրեշավոր պառակտմանը: Սակայն երկրի, ժողովրդի ներսում ծագած այդ պառակտումը, հին տերմինաբանությամբ ասած, այսօրվա բանվորներն ու գյուղացիները լրջորեն չեն ընդունում: Ավելին, չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Ուստի, երբ խոսում ենք պառակտման մասին, ապա, համոզված եմ, համենայնդեպս Հայաստանում եւ Վրաստանում խոսքը ոչ թե բուն ժողովրդի ներքին դիմակայության մասին է, այլ քաղաքականացված եւ կուսակցականացված հասարակության կառույցների մասին, որը մտահոգ է ոչ թե վաղվա, այլ միայն այսօրվա հոգսերով: Կյանքի նկատմամբ նման մոտեցումն ընդհանուր ոչինչ չունի ժողովրդի փիլիսոփայության հետ: Քանզի ոչ ոք չունի ապագայի համար մտահոգության այնպիսի սուր զգացում, ինչպես ժողովուրդը: Հենց այդ պատճառով, աչքի անցկացնելով ամեն անգամ Վրաստան այցելելուց հետո կատարածս նշումները, ուզում եմ հասցեագրել ոչ թե առհասարակ վրացի ժողովրդին, այլ քաղաքականացված հասա¬րակությանը: Տարբեր ժամանակներում արված գրառումներն իրենցից ներկայացնում են յուրօրինակ պատրաստուքներ՝ առանձին թեմատիկ հոդվածների համար, որոնք երբեմն լրացնում կամ նույնիսկ ժխտում են իրար: Դրանցում շատ է թերի ասվածը, բայց գլխավորը հայեցակարգերն են: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ-որ մեկին պարտադրեմ տեսանելի ապագայի առնչությամբ ինձ անհանգստացնող մտքերը: Բայց ստեղծված բարդ, եթե չասենք նույնիսկ շատ բարդ իրավիճակում չեմ կարող լռել, երբ տեսնում եմ, թե ինչպես մանկուրտության (պատմական հիշողության կորստի) վարակիչ մանրէները կարող են հանգեցնել ընդհանուր աղետի, որը, ինչպես պնդում էին մեր նախնիները, ավելի հեշտ է կանխել, քան հաղթահարել: Երբ նախահեղափոխական Ռուսաստանի կազմի մեջ մտած պատմական Հայաստանի տարածքի մի մասում բոլշեւիկներն ստեղծեցին պետական նոր կազմավորում՝ Ադրբեջանի մահմեդական սոցիալիստական հանրապետություն, որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում հարց տալ, թե դա ո՞ւմ հողն է կամ ո՞վ է դրա իսկական տերը: 1922-ին ԽՍՀՄ ծնած 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունն ինքնավստահ կերպով "առհավետ" սահմանեց հողը որպես ընդհանուր խորհրդային տարածք: Դա նշանակում էր, որ միութենական եւ ինքնավար հանրապետությունների սահմանները պայմանական են: Իսկ տարածաշրջանում նոր խորհրդային սոցիալիստական հանրապետություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված էր լոկ հեղափոխության արտահանման բոլշեւիկյան գաղափարն իրագործելու փորձով: Այստեղից էլ՝ այն ժամանակներում մոդայիկ դարձած “Համաշխարհային հեղափոխություն” բառակապակցությունը: Ընդսմին, Լենինը, հավատալով Աթաթուրքի շողոքորթ կարգախոսներին եւ աղվեսի խոստումներին, որոշեց առաջին հերթին "իր" հեղափոխությունն արտահանել դեպի Արեւելք, Թուրքիա: Պատահական չէ, որ խորհրդային պաշտոնական քարոզչությունը բոլոր 7 տասնամյակների ընթացքում մշտապես ընդգծում էր, որ "Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ Թուրքիայում ծավալվեց ազգային-ազատագրական, այսպես կոչված, քեմալիստական հեղափոխություն Մ. Քեմալի (Աթաթուրքի) ղեկավարությամբ, որն ավարտվեց իմպերիալիստների նկատմամբ Թուրքիայի հաղթանակով...": Եվ ահա "Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք" ձգողական կարգախոսով բոլշեւիկները Թուրքիային օգնում էին ոչ միայն ոսկով, այլեւ զենքով եւ կենդանի ուժով: Դե իհարկե, չէ՞ որ խորհրդային ժողովուրդը հավատում էր, որ "եղբայրական Թուրքիան հեղափոխություն է ծավալել իմպերիալիստների դեմ": Չէ՞ որ Թուրքիան գործով ապացուցել էր իր նվիրվածությունը բոլշեւիկներին. առաջինն էր ճանաչել Խորհրդային Ռուսաստանը, 1920-ին հաստատելով դիվանագիտական հարաբերություններ: Հենց նույն թվականին հիմնվեց Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: Ոչինչ, որ նվազ քան երեք տարի անց թուրք կոմունիստները հայտնվեցին ընդհատակում: Ինչպես ընդգծվում է Խորհրդային մեծ հանրագիտարանում, Ռուսաստանից ստանալով այն ամենը, ինչ իրեն հարկավոր էր, Թուրքիան ոչ միայն պայքար չծավալեց իմպերիալիստների դեմ, այլեւ "միակողմանի կարգով փոխեց կողմնորոշումը հենց դեպի իմպերիալիստական տերությունները": Մինչդեռ Լենին-Աթաթուրք բարեկամության մասին մեզ անդադար հեքիաթներ էին պատմում ամբողջ 70 տարի, նույնիսկ վերակառուցման թեժ պահին: Կարելի էր կարդալ, որ "հակաիմպերիալիստական պայքարում թուրք ժողովրդին Խորհրդային Ռուսաստանի ցույց տված օգնությունն ինտերնացիոնալիզմի դրսեւորում էր": Ուստի, իբր սարսափելի չէ, որ հենց այդ օգնությունը վերջնականապես ազատ արձակեց Թուրքիայի ձեռքերը եւ նրան թույլ տվեց վերջին հարվածը հասցնել Հայաստանին, որը ցեղասպանություն էր տեսել ոչ միայն Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի վարչակարգերի ժամանակ, այլեւ հենց Աթաթուրքի օրոք: Ահավոր ոչինչ չկա նույնիսկ նրանում, որ հենց այդ բոլշեւիկյան օգնության շնորհիվ Թուրքիան ոչ միայն հասավ բուֆերային պանթուրքական Ադրբեջանի Հանրապետության ստեղծմանը, այլեւ դրա կազմում հայկական մարզերի ընդգրկմանը. Նախիջեւան, Ղարաբաղ, Գարդմանք, Գյուլիստանի (Շահումյանի) երկրամասի հետ: Կրեմլի լուռ համաձայնությամբ Թուրքիան զավթեց հայկական հսկայական տարածքներ, որոնք Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ մտնում էին Ռուսաստանի կազմի մեջ: Բավական է հիշեցնել, որ այդ տարածքների մեջ էր Կարսի մարզը Կարս մարզկենտրոնով, որտեղ հայկական եկեղեցիներից, դպրոցներից, մշակութային հաստատություններից բացի կային ռուսական դպրոց (ի դեպ, այնտեղ է սովորել մեծն Չարենցը), գերեզմանոց, մշակութային կենտրոն, ռուսական երկաթուղի, զինվորական օբյեկտներ, որոնք այնքան կարեւոր են ռուսական ռազմավարական հեռանկարային մտքի իրագործման հարցերի համար: Այնպես որ, "թուրք ժողովրդին հատկացվող օգնությունը", ինչպես պարզվեց, Աթաթուրքն օգտագործել էր ոչ թե իմպերիալիզմի դեմ պայքարելու, այլ, կրկնում եմ, հոգեվարք ապրող հայ ժողովրդի "վերջը տալու" եւ պատմական Հայաստանի տարածքները զավթելու նպատակով: Իսկ Լենինի եւ Աթաթուրքի վաղանցիկ բարեկամության ձանձրալի պատմությունը գործում էր քարոզչական նպատակով նույնիսկ այն ժամանակ, երբ Թուրքիան, ինչպես նշվում էր խորհրդային պաշտոնական փաստաթղթում, "Երկրորդ աշխարհամարտի ժամանակ օգնում էր ֆաշիստական Գերմանիային": Ներկայիս սերունդը (խոսքը տվյալ դեպքում հայերի եւ վրացիների մասին է) հազիվ թե հիշի Խորհրդային Միության մարշալ Ա. Մ. Վասիլեւսկու այն հիշատակությունը, թե ինչ կպատահեր հայ եւ վրացի ժողովուրդներին Ստալինգրադի անկման դեպքում: Իր "Հուշերում" Ալեքսանդր Միխայլովիչը, որը Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի հանձնարարությամբ համակարգում էր խոշոր ճակատամարտերում (այդ թվում Վոլգայի ճակատամարտում) մի շարք ռազմաճակատների գործողությունները, գրում էր, որ թուրքերի հետ Հիտլերի պայմանավորվածության համաձայն, Ստալինգրադի անկումից անմիջապես հետո Թուրքիան պետք է առանց պատերազմ հայտարարելու անցներ ԽՍՀՄ -ի սահմանը, այսինքն՝ Հայաստանի եւ Վրաստանի սահմանները, եւ իր ճանապարհին ոչնչացներ ամեն ինչ: Ահա թե ինչպես էր պատասխանում Թուրքիան "հակաիմպերիալիստական պայքարում թուրք ժողովրդին հատկացվող օգնությանը", բոլշեւիկների բազմաթիվ փրկարարական ձեռնարկումներին, այդ թվում նաեւ՝ "Սեւրի պայմանագրի թաղմանը": Դրա հետեւանքով մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ունենք նվաճողի տիպիկ համախտանիշի անվերջանալի դրսեւորումներ. անասնական ատելություն նրանց հանդեպ, ում հողերը նվաճված են, եւ կործանարար ատելություն հողի տերերի "բնիկությունը" հաստատող պատմամշակութային բոլոր փաստարկների նկատմամբ: Այստեղից` եկվորների գազանային վանդալիզմը, որոնց մեջ ժամանակի ընթացքում հայտնվում է մեկ գերխնդիր՝ հնեցնել սեփական պատմությունը: Իսկ դրա համար նախ եւ առաջ հարկավոր է ավերել գերեզմանատները, հողին հավասարեցնել տաճարներն ու եկեղեցիները: Եվ եթե դա ոչ միշտ է հաջողվում, ապա, ինչպես դա անում են եկվոր ադրբեջանցիները, կարելի է պարզապես վերանվանել տաճարները եւ հայկականն անվանել հունական կամ աղվանական: ...Եկվորներին դեռ կարելի է հասկանալ: Վերջ ի վերջո նրանք պետք է գոնե մի կերպ հաստատվեն ուրիշի տարածքում, ուրիշի հայրենիքում: Դեռ լավ է, որ խորհրդային իշխանությունն "իր" միջոցներով, առանց բացառության, բոլոր միութենական հանրապետություններում բացեց այսպես կոչված ազգային ակադեմիաներ, գիտահետազոտական ինստիտուտներ, գիտական լաբորատորիաներ: Եվ սեփական, հապճեպորեն "աճեցված" գիտական կադրերի օգնությամբ յուրովի սրբագրվում էր բնիկների կենսագրությունը, եւ վերաձեւվվում աշխարհագրությունը, ամեն ինչ վերագրվում էր իրենց: Այնպես որ, բարբարոսների տրամաբանությունն իրոք կարելի է հասկանալ: Բայց մեր եւ վրացիների ինչի՞ն է պետք, որ, ասենք, ինչ-որ մեկը համարձակվի թունավոր ձյութով պատված սալաքար նետի մեր կենարար խմելու ջրի ընդհանուր ջրհորների մեջ: Հենց այս հարցն այսօր մեզ համար թերեւս ամենակարեւորն է: Հենց այդ պատճառով այսքան երկար ու հանգամանորեն անդրադարձա եկվորների վարքագծին, որոնց հարցում կարծես թե ամեն ինչ հասկանալի է մեզ համար: Նրանք ստիպված են ավերել տապանաքարերն ու խաչքարերը, որպեսզի յուրացնեն ուրիշի հողը: Նրանք չեն ուզում հաշվի նստել այն բանի հետ, որ մեզ համար խոսքը ոչ թե վարչական տարածքի, այլ հայրենիքի մասին է: Լավ հայտնի է, որ նախահեղափոխական Ռուսաստանում վրացիներն ու հայերը կարիք չունեին հնեցնելու իրենց պատմությունը միմյանց հաշվին: Բազմաթիվ ասքերի, երգերի, լեգենդների, ավանդազրույցների եւ առակների մեջ մեր նախնիները միայն մեկ դեպք գիտեին հայերի ու վրացիների սկզբունքային թունդ վեճի մասին: Ավելի ճիշտ, մեր նախապապերի՝ երկվորյակ եղբայրներ Հայոսի եւ Քարթլոսի վեճի մասին: Իսկ վեճի իմաստն այն էր, թե երկվորյակ եղբայրներից որ մեկն է մյուսից մի քանի րոպե շուտ աշխարհ եկել: Եվ դա հարկավոր էր պարզել միայն նրա համար, որ ավագության իրավունքով առաջինը մերկացնեին թուրը եւ մարտի ելնեին ընդհանուր թշնամու դեմ: Մենք չենք հնարել այդ լեգենդը, եւ ոչ էլ մեր հայրերն ու պապերը: Լեգենդներն, առհասարակ, չեն հնարվում: Իմաստուններից մեկը վաղուց նկատել է, որ լեգենդը կերտում է ամբողջ գյուղը, իսկ գիրքը գրում է միայնակ խենթը: Եթե լեգենդը պահպանվել է ժողովրդի մեջ, նշանակում է` հարկավոր է հենց ժողովրդին, որն էլ այն հագեցնում է իր կյանքով եւ էությամբ: Եվ դրա բուն արժեքն այն է, որ ունի շարունակություն, լեգենդի շարունակություն: Մեր պատմությունն ունի բազմաթիվ իրական փաստեր, որոնք մարմնավորում են Հայոսի ու Քարթլոսի լեգենդի կենսականությունը: Արաբ հայտնի պատմաբան Թաբարին նկարագրում է վրացիների համար բախտորոշ ճակատամարտը, երբ 9-րդ դարում կամ ավելի ստույգ 853-ին Արաբական խալիֆայության հորդաներն իրենց ճանապարհին ամեն ինչ հրկիզելով, հարձակվեցին Տփղիսի վրա, որպեսզի քաղաքը ջնջեն երկրի երեսից: Այն ժամանակ Վրաստանի մայրաքաղաքի պաշտպանությանն ամենաակտիվ մասնակցությունն ունեցան հայկական բանակի բազմաթիվ ջոկատներ: Դրա բազմաթիվ օրինակները պատմում են, թե ինչպես Քարթլոսի եւ Հայոսի սերունդները դժնդակ տարիներին միմյանց օգնության էին շտապում, ինչպես դա անում են իսկական եղբայրները: Ու թեեւ պատմությունը չի սիրում պայմանական եղանակ, բայց այդուհանդերձ ասենք. ո՞վ գիտե, ինչպես կդասավորվեին մեր ճակատագրերը, եթե ծանր ժամանակներում կողք կողքի չլինեինք: ... Մեզ այսօր հարկավոր չէ միմյանց աչքերին նայելով քնեցնել սեփական պատմությունը, հնարել այն էջերը, որոնք չեն եղել մեր իրական բազմադարյան կենսագրության մեջ: Բոլոր վիճելի հարցերը մենք կարող ենք լուծել բանակցությունների սեղանի շուրջը, եղբայրաբար: Երբ եկվորները, որպիսիք են կովկասյան թաթարները (հեղափոխությունից առաջ այդպես էին անվանում այն մահմեդականներին, որոնց հետագայում, ինչպես գրում էր պատմաբան Պախոմովը, պայմանականորեն անվանեցին "ադրբեջանցիներ"), բուլդոզերներով Ջուղայում ավերում են բազմահազար խաչքարեր, պայթեցնում տաճարներն ու եկեղեցիները Ագուլիսում (Նախիջեւանի Հանրապետություն), Գյուլիստանի երկրամասում, Գարդմանքում, Արցախում եւ հայկական մյուս պատմական մարզերում, որոնք բոլշեւիկները մտցրին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ, ապա դա դեռ կարելի է մի կերպ հասկանալ: Նրանք իրոք եկվորներ են, եւ սրանով ամեն ինչ ասված է: Եվ նրանք իրոք պետք է հաստատվեն ուրիշի հողում, դրանով իսկ կուրորեն կատարելով թուրքական (ֆաշիստական) գաղափարախոսության՝ պանթուրքիզմի ծրագրերը: Ավելին, թուրքական ծրագրերի շրջանակներում Նախիջեւանի, Մեղրիի, Զանգելանի եւ ամբողջ Ղարաբաղի զավթման հարցում Թուրքիան պարզապես այլընտրանք չունի, քանզի խոսքն այստեղ, հավակնություններից բացի, Ռուսաստանը շրջանցելով, Ղազախստանից Եվրոպա նավթ եւ գազ հասցնելու մասին է: Այնպես որ, ադրբեջանցիների համար պարզապես սարսափելի է բոլշեւիկների նվիրած պատմական հայկական տարածքում գտնել թեկուզ մեկ խաչքար, չխոսելով արդեն տաճարների ու եկեղեցիների մասին: Բայց չէ՞ որ վրացու բնավորության մեջ չկա եւ չի կարող լինել վանդալիզմի նմանօրինակ դատապարտվածություն, քանզի վրացու մասին է մեծ բանաստեղծ եւ մտածող Հովհաննես Թումանյանն ասել. ամեն վրացի բանաստեղծ է, բանաստեղծ վրացին կրկնակի բանաստեղծ է: Իսկ բանաստեղծները միշտ պետք է լինեն մարգարեներ, էլ չենք խոսում "կրկնակի բանաստեղծի" մասին: Եվ այս կապակցությամբ ես միանգամայն հանգիստ եմ, որ վաղ թե ուշ Վրաստանում եւ Հայաստանում վերստին կգա մի պահ, երբ երկու ժողովուրդներն ամեն րոպե իրոք կհիշեն իրենց արմատների, իրենց մարգարեների մասին: Եվ այդ ժամանակ, անկասկած, պարզապես անհնար է հիշել այնպիսի միջադեպ, որը պատահեց ասենք Սամսար գյուղում, երբ մանկուրտությամբ տառապող պատանիները (եւ ոչ մի այն նրանք) սրբապղծությամբ էին զբաղվում Սբ. Գեւորգ տաճարում: Այդ ժամանակ անհնար կլինի պատկերացնել շատ բաներ: Օրինակ, հանուն իրենց երեխաների ապագայի, հանուն ուսման եւ կարիերայի, մարդիկ ստիպված չեն լինի չինովնիկների մեղքով փոխել սեփական ազգանունները կամ հաղթահարել մայրենի լեզվի ուսումնասիրմանը խանգարող զանազան խոչընդոտներ: Դա վրացական եւ հայկական դպրոցների ուսուցիչների անհավասար վարձատրությունն է, որի պատճառով մասնագիտական առարկաների գծով նկատվում է հայ մանկավարժների սուր պակաս: Դա նաեւ հայերի համահավաք բնակության վայրերում ինքնակառավարման մարմինների ընտրությունների խնդիրն է, ինչպես նաեւ աշխատատեղերի եւ անվտանգության երաշխիքների խնդիրը, հատկապես Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո... Այս ամենը եւ շատ այլ բաներ հանգեցնում են հակամարտությունների, որոնք տրամաբանական շղթայական ռեակցիայի սկզբունքով վերաճում են երկու ժողովուրդների համար անցանկալի եւ շատ վտանգավոր երեւույթների ինքնավարության եւ գոյատեւման ու անվտանգության մյուս երաշխիքների պահանջներով: Հիշեցնենք նաեւ, որ նման ձեռնարկումների բնական հակազդեցությունը հենց սադրիչների կողմից ինքնաբերաբար ընկալվում է որպես ծայրահեղականության, ազգայնականության եւ (որ էլ ավելի անհեթեթ է) երախտամոռության եւ անջատողականության դրսեւորում: Սակայն որքան էլ շատ լինեն նման միջադեպերը, յուրաքանչյուր առանձին դեպքում խոսքը կանոններից բացառության մասին է: Քանզի խորամուխ լինելիս պարզվում է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում խոսքը նրանց մասին է, ովքեր դարձել են ոչ այնքան համակարգի, որքան սադրանքների զոհը: Այնինչ, իսկական մեղավորները, այսինքն՝ սադրիչները որեւէ ընդհանուր բան չունեն փիլիսոփայության, բարոյականության, մեր ժողովուրդների ողջախոհության հետ: Վերջիվերջո, միամտություն է եւ ամոթ է կարծել, թե նախ, այսպես կոչված, սոցիալիզմը եւ ապա, այսպես կոչված, կապիտալիզմն արդեն հանգեցրել են մեր էության եւ մեր աշխարհաքաղաքականության հիմքերի ու փրկարար ողջախոհության կտրուկ ու անվերադարձ փոփոխմանը, ողջախոհություն, որը դեռ Շեքսպիրը համարում էր քաջության լավագույն գիծը: Հենց այդ մասին նույնպես կուզենայի խոսել մեր վրացի եղբայրների հետ: ...Հիշում եմ, "Դժոխքի եւ դրախտ" գրքիս վերջնամասը գրելիս (դա 1994-ին էր՝ Ղարաբաղի պատերազմի հրադադարի վերաբերյալ Բիշքեքում փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո) ուշադիր հետեւում էի մեծարգո Ալեքսանդր Իսաեւիչ Սոլժենիցինի "երկար" երթուղուն, որը քսանամյա ճգնակեցությունից հետո տուն էր վերադառնում, անցնելով ամբողջ Ռուսաստանով՝ սկսած Հեռավոր Արեւելքից: Ամենուրեք նրան ընդունում էին որպես մարգարեի: Մեծ հաշվով նա այդպիսին է եղել ամբողջ կյանքում: Բայց երեւի գտնվելով իրենց ոչ այնքան հասկանալի կովկասյան (տվյալ դեպքում անդրկովկասյան կամ հարավկովկասյան) իրադարձությունների թարմ տպավորությունների ներքո, նա ինչ-որ մեկի սադրիչ լրագրողական հարցին պատասխանեց. "Ես մեր ցարերի սխալն եմ համարում այն, որ ռուս ժողովրդի ուժերը հյուծել են, խառնվելով հարեւանների հետ Վրաստանի, Հայաստանի վեճերին": Ես չէի կարող չարձագանքել, եւ նրան նամակ գրեցի: ...Բաց թողնենք "Դժոխքի եւ դրախտ" գրքում հրապարակված իմ բաց նամակի մանրամասնությունները: Բայց նամակ գրելն ինձ ստիպեց քանիերորդ անգամ փորձել բացահայտել "Հայաստան եւ Վրաստան", "հայեր եւ վրացիներ" թեման: Այն ժամանակ վերոհիշյալ գրքում գրեցի, որ աշխարհաքաղաքական առումով փոխադարձաբար կախված եւ փոխլրացնող բաներ կան ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլեւ Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Ես առհասարակ շատ լուրջ եմ վերաբերվում Հայոսի եւ Քարթլոսի լեգենդին եւ ոչ այնքան լուրջ՝ Վրաստան- Հայաստան ոչ անկեղծ հարաբերություններին վերաբերող զառանցանքներին: Քանզի լավ եմ հասկանում, որ քաղքենին սովորաբար նկատի է ունենում "հայ բոլշեւիկների" եւ "վրացի մենշեւիկների" հարաբերությունների իներցիան, ինչը բնավ չի արտացոլում երկու ժողովուրդների բազմահազարամյա պատմությունը, որի էությունն ու իմաստն արտահայտել է իմաստնագույն Իլյա Ճավճավաձեն դեռ նախանցյալ դարում. "Մենք լավ գիտենք, որ Վրաստանի անզորությունն սկսվեց այն չարաբաստիկ օրերից, երբ ընկավ Հայաստանը... Քանի դեռ կար Հայաստանը, թշնամիները կարող էին Վրաստան ներխուժել միայն այնտեղով անցնելով: Ուստի մեր մեծ արքաներն ու պետական գործիչները հնարավոր ամեն ինչ անում էին հարկ եղած դեպքում Հայաստանին օգնելու համար": Ինչ վերաբերում է Սոլժենիցինի` մեզ համար անսպասելի "ռուսական ցարերի սխալներին", կարող եմ ասել, որ Ռուսաստանում ապրել են ոչ պակաս մեծ մարգարեներ, որոնք այս կապակցությամբ ունեցել են միանգամայն ուրիշ տեսակետ, չխոսելով արդեն բուն պատմական անվիճելի փաստերի մասին: Դժվար է պատկերացնել 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական արվեստը առանց ռուսական ազգային ոգու հիրավի մեծ կրող Վլադիմիր Վասիլեւիչ Ստասովի: Առասպելական "Հզոր խմբակի" (ռուս կոմպոզիտորների ընկերակցության) եւ Պերեդվիժնիկների ընկերության (նկարիչների ռուսաստանյան դեմոկրատական միավորման) գաղափարախոսը եւ եռանդուն մասնակիցը, արվեստագիտական հիմնարար մենագրությունների հեղինակը պնդում էր, որ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստան եկել են ոչ դատարկ ձեռքերով: Խոսքը, իհարկե, ոչ թե Ռուսաստանի համար շահավետ ձեռնարկչության եւ առեւտրի մասին է, այլ զինվորական եւ պետական անդաստանում անձնվեր ծառայության մասին: Խոսքն արվեստի եւ հատկապես ճարտարապետության մասին է: Ահա թե ինչ էր գրում Ստասովը. "Հայկական եւ վրացական արվեստը հայտնի ժամանակաշրջանում ուժեղ ազդեցություն ունեին ռուսական արվեստի վրա դրա ձեւավորման ընթացքում, եւ ներկայումս էլ անհնար է ճարտարապետության կամ գեղարվեստական նախշազարդման, մասամբ նաեւ գեղանկարչության առումով ռուսական արվեստի նախնական փուլերն ուսումնասիրելիս մի կողմ թողնել հայկական եւ վրացական արվեստը: Ընդսմին միայն բյուզանդական արվեստը հիշելը, միայն դրանում մեր ազգային արվեստի նախնական ակունքները գտնելը, միայն դրանում մեր գեղարվեստական ձեւերի բոլոր նախատիպերը տեսնելը մեծագույն մոլորություն է: Բոլոր դեպքերում, թերեւս ամենից շատ ռուսական ճարտարապետության մեջ նախնական ազդեցությունը եղել է ոչ միայն բյուզանդական, այլեւ հայ-բյուզանդական եւ վրաց-բյուզանդական": Ալեքսանդր Սոլժենիցինն իրավացի է միայն նրանում, որ խոսելով Անդրկովկասի մասին, բերում է միայն երկու աշխարհագրական անվանում. Վրաստան եւ Հայաստան (վերհիշենք նաեւ այն, որ Անդրկովկասի արդեն հանրահայտ քարտեզում, որը կախված էր Լենինի կրեմլյան բնակարանում, նույնպես նշված է երկու երկիր` Վրաստանն ու Հայաստանը): Ով ով, բայց հանճարեղ "Արշիպելագ ԳՈՒԼԱԳ"-ի հեղինակը փայլուն գիտեր առաջին հերթին նորագույն պատմությունը: Պատահական չէ, որ Ղարաբաղյան շարժման ամենաթեժ պահին նա գրում էր. "Ախր այն տարիներին համարում էին, թե բնավ կարեւոր չէ, թե որտեղով կանցնեն սահմանները: Քիչ էր մնում, որ բոլոր ազգերը միավորվեին: Խորաթափանց Իլյիչը սահմանների հարցը համարում էր "նույնիսկ տասներորդական": Այդ ձեւով Ղարաբաղը միացրին Ադրբեջանին. իբր ինչ տարբերություն, թե որտեղ է: Այդ պահին հարկավոր էր հաճոյանալ Ստալինի սրտագին բարեկամ Թուրքիային": Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հին պատմությանը, այստեղ բնավ չի կարելի համաձայնվել Ալեքսանդր Իսաեւիչի հետ, քանզի դեռ ռուսական ցարերից շատ առաջ քրիստոնեական Ռուսաստանի ապագա հիմնադիրները` ռուս իշխանները Անդրկովկաս էին եկել ոչ թե "ռուս ժողովրդի ուժերը հյուծելով" Հայաստանն ու Վրաստանը փրկելու, այլ միանգամայն ուրիշ նպատակով: Քանզի նրանց նպատակներն ու գերխնդիրները ի սկզբանե ուրիշ էին: Այդ մասին ուրիշներից լավ ասել է մեկ ուրիշ հանճարեղ մարգարե ու փիլիսոփա` Սերգեյ Բուլգակովը, որին անսահմանորեն պաշտում էր Սոլժենիցինը: Ահա թե ինչ էր գրում Բուլգակովը. "Ռուսաստանի ամբողջ պատմությունը վկայում է, որ Կոնստանդնուպոլիսը պետք է մերը լիներ: Բայց պատմությունը սպիտակ ձեռնոցներով չի կերտվում: Եվ նրա հերոսն էլ դպրոցի ուսուցիչը չէ: Թագավորությունները կերտվում եւ կործանվում են ճակատամարտերի որոտների ներքո, երկրաշարժերում: Եվ երբ սկսվեց երկրաշարժը, երբ մենք ներքաշվեցինք Թուրքիայի հետ պատերազմի մեջ, ամենքի համար պարզ դարձավ, որ պատմությունն առաջ է քաշել Ցարգրադի հարցը: Իսկ այն, թե որն է Ռուսաստանի պատմական դարաշրջանի սրբազան խորհրդանիշը, մենք հաստատ գիտեինք ավելի վաղ: Մենք չպիտի նշանակեինք ժամանակն ու ժամկետները եւ ոչ էլ հակադրվեինք դրանց": Մնում է հիշեցնել, որ Ցարգրադը Կոստանդնուպոլիսն է՝ ներկայիս Ստամբուլը, եւ որ 860-ից սկսած Ռուսիայի բոլոր արշավանքները դեպի Բյուզանդիա պատմության մեջ մտել են որպես "ցարգրադյան արշավանքներ": Դեռ դպրոցում անցել ենք, որ իշխան Օլեգը 907-ին իրականացրեց հարձակում "ծովից եւ ցամաքից": "Ցամաքից" նշանակում էր Վրաստանով ու Հայաստանով: Իշխան Իգորը Ցարգրադը պաշարեց 971-ին: Ցարգրադի արշավանքների վերաբերյալ պատմության մեջ կարելի է հայտնաբերել հետեւյալը. "Արեւելյան սլավոնների եւ մյուս ժողովուրդների զորքը պաշարեց Ցարգրադը": "Մյուս ժողովուրդների" մեջ մտնում էին բուլղարները, վրացիները եւ հայերը: Դա քրիստոնեական ռուսական պետության պաշտոնական ծննդի ժամանակաշրջանն էր մոտ հազար տարի առաջ: Կիեւյան Ռուսիայի հայտնվելուց առաջ եւ դրանից հետո որեւէ փաստաթղթում չի խոսվում "հարեւանների հետ Վրաստանի ու Հայաստանի վեճերի" մասին, որոնք հաղթահարված լինեին Ռուսաստանի օգնությամբ, "ռուս ժողովրդի ուժերի ջլատմամբ": Փոխարենը կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք պատմում են, թե ռուսական ցարերն ինչպես են հայերին եւ վրացիներին, ժամանակակից տերմինաբանությամբ խոսելով, շնորհել առավել բարենպաստ կարգավիճակ: Այդ էր պահանջում ոչ այնքան քրիստոնեական համերաշխությունը, որքան ռազմավարական ու տնտեսական ընդհանուր շահերը: Իսկ ինչ վերաբերում է "հարեւանների հետ վեճերին", Բյուզանդիայի հիմքի ու հարստությունների վրա Օսմանյան կայսրության հայտնվելուց հետո, Հարավային Կովկասի երկու քրիստոնյա ժողովուրդների բոլոր վեճերը ոչ թե վերացական հարեւանների հետ էին, այլ կոնկրետ Թուրքիայի հետ, որի դեմ ռուսական ցարերն անվերջանալի պատերազմներ էին մղում: Իսկ հարեւանների (այսինքն՝ օսմանցիների) հետ վեճերի պատճառը գլխավորապես մեր բարեկամությունն էր Ռուսաստանի հետ: Իհարկե, այդ մեծ ու հզոր քրիստոնեական երկրի հետ բարեկամությունը քանիցս փրկել է մի շարք ժողովուրդների, այդ թվում վրացիներին ու հայերին: Բայց դա տեղի էր ունենում ոչ թե ինչ-ինչ մասնավոր "վեճերի" ընթացքում, այլ պարտադրված ռուս- թուրքական պատերազմների ընթացքում, որոնք մղվում էին անչափ պարզ պատմական սխեմայով. "Դեպի Սեւ ծով Ռուսաստանի ելքի համար", "Ղրիմի թաթարների արշավանքները կասեցնելու համար", "Մերձսեւծովյան եւ կովկասյան նախկին տիրույթները վերադարձնելու նպատակով", "Բալկաններում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ": Այնպես որ, ռուս ժողովրդի ուժերը ջլատվել են հանուն Ռուսաստանի հզորության, որի հարաբերությունները մասնավորապես Վրաստանի ու Հայաստանի հետ ավելի քան փոխշահավետ էին: ...Այդ մասին մոռանալը ոչ միայն ամոթ է, այլեւ վտանգավոր է թե՛ մեկ եւ թե՛ մյուս կողմի համար, ինչպես վրացիների, այնպես էլ հայերի եւ ռուսների համար: Չի կարելի մոռանալ մանավանդ այն ժամանակ, երբ գալիս է խառնակ ժամանակ, որը վերաճում է մոռացության ժամանակի: Եվ ես այս ամենը մանրամասն հիշեցրի գլխավորապես այն կապակցությամբ, որ մանկուրտության այդպիսի ժամանակներ, ավա՜ղ, կարծես թե սկսվել են թե՛ Հայաստանում եւ թե՛ Վրաստանում: Էլ չեմ խոսում Ռուսաստանի մասին, քանզի իմ նոթերի թեման այսօր միայն Վրաստանն ու Հայաստանն են: Հենց այդ պատճառով ձեռնամուխ եղա իմ գրառումների հրապարակմանը, դրանք հասցեագրելով առաջին հերթին իմ վրացի եղբայրներին: Իմ խորին համոզմամբ, եթե ոչինչ չձեռնարկվի, ապա մեր ավանդույթները, մեր պատմական հիշողությունը, մեր մտայնությունը եւ նույնիսկ, եթե կարելի է այդպես արտահայտվել, մեր ազգային խառնվածքը մեր աչքերի առջեւ կփոխվեն ամենագո Եվրամիության, ՄԱԿ-ի կառույցների, միջազգային ֆինանսական եւ մյուս հիմնադրամների, ԱՄՆ-ի եւ առհասարակ Արեւմուտքի հանդեպ Վրաստանին նենգորեն պարտադրված պարտավորությունների կապակցությամբ: Կարող են ինձ ընդդիմախոսել, թե իբր ի՞նչ վատ բան կա այստեղ, ինչո՞ւ չփոխենք մեր ավանդույթներն ու սովորույթները, որպեսզի դառնանք իսկական եվրոպացիներ, որպեսզի ապրենք "մարդավայել": Այս ամենի համար հարկավոր է միայն ընդունել Եվրամիության պարտադիր պայմանը, այսինքն՝ մեսխեթցի թուրքերին տեղավորել հենց Ջավախքում: Համոզված եմ, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ ԱՄՆ -ը գաղափար անգամ չունեն, թե ովքեր են այդ մեսխեթցի թուրքերը, որտեղից են հայտնվել այնտեղ, որքան են եղել եւ առհասարակ ինչ է թաքնված "մեսխեթցի թուրք" նենգ բառակապակցության տակ: Ընթերցողին առաջարկում ենք թերթել ոչ թե մասնագիտական մենագրություններ, այլ ընդամենը մատչելի հանրագիտարանային բառարաններ. "Մեսխեթիան պատմական մարզ է Հարավային Վրաստանում (Ախալքալաքի երկրամաս): Նվաճված է Թուրքիայի կողմից: 1829-ին միացված է Ռուսական կայսրությանը": Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիան ոչ թե սոսկ նվաճել է Մեսխեթիան, այլ ավերել է Արեւմտահայաստանը եւ Վրաստանի ամբողջ հարավը: Այսպիսով ուրիշի հողում, ուրիշի տանը հաստատվել են օսմանցի թուրքեր, որոնք ապրում էին ամենուրեք՝ թե՛ Աջարիայում, թե՛ բուն Թբիլիսիում եւ թե՛ Հայաստանի Հանրապետության հյուսիսում՝ Ամասիայում եւ երկու հանրապետությունների շատ ուրիշ շրջաններում: Անշուշտ, քաղաքականության մեջ տերմինները հսկայական կարեւորություն ունեն: Հայտնի է, որ երկրի կամ ժողովրդի անունը յուրօրինակ կոդ է, որը շատ բան է որոշում: Եվ պարտադիր չէ պատգամախոս լինել, որպեսզի ասենք, որ մոտ ապագայում մենք կարող ենք լսել նոր կոդ-տերմիններ, ասենք մառնեուլցի թուրքեր (ադրբեջանցիներ), բոլնիսցի թուրքեր, դմանիսցի թուրքեր, գարբանցի թուրքեր: Իսկ գուցե հարմարության համար այս ամենը վերցնեն ու միավորեն քվեմոքարթլեցի թուրքերի, սամցխեջավախեցի թուրքերի մեջ: Եվ այդ ժամանակ ի հայտ կգան նոր էթնիկական վրացիներ, որպիսիք վաղուց արդեն համարում են մեսխեթցի թուրքերին: ...Բռնի ձուլված վրացիների եւ հայերի հարցն արդեն այլ խոսակցության թեմա է: ԵՄ պահանջը կատարելով, թուրքերին հայերի տներում տեղավորելու համար հարկավոր է կամա թե ակամա ստեղծել անտանելի պայմաններ, որոնք տանտերերին կստիպեն թողնել իրենց կացարանները: Բնականաբար, դրանցում կապրեն ոչ թե մեսխեթցի թուրքերը, ինչպես պահանջում է Եվրամիությունը, այլ ադրբեջանցի թուրքերը: ԵՄ կամ նույնիսկ Վրաստանի ղեկավարությունը հազիվ թե իմանան, որ դեռ ղարաբաղյան շարժման արշալույսին մեսխեթցի թուրքերի անվան տակ ղարաբաղյան Խոջալուում տեղավորեցին կացարանի կարիք ունեցող ադրբեջանցիների: Ստեփանակերտցիներին վիճակվել է զրուցել նրանցից շատերի հետ: Պարզվել է, որ նրանց մեծ մասը չգիտե անգամ Մեսխեթիայի տեղը: Ստալինի օրոք Վրաստանից արտաքսված թուրքերի թիվն այսօր կարելի է մատների վրա հաշվել: Մինչդեռ տերմինը եւ ուռճացված հիմնահարցը շարունակում են գործել, մնալով շահարկման առարկաներ: Թուրքիային պետք է տեսանելի ապագայում ամեն գնով բնակեցնել Վրաստանի ամբողջ հարավը: Հայերն, իհարկե, չեն լռի: Չէ՞ որ խոսքը, ի թիվս այլ բաների, մեր սահմանի մասին է, այսինքն՝ մեր անվտանգության մասին: Ամբողջ հույսն այն է, որ Վրաստանը վաղ թե ուշ կգիտակցի թե՛ Հայաստանի մտահոգության պատճառները եւ թե՛ մեր ժողովուրդներին սպառնացող ընդհանուր վտանգը: ...Բնականաբար, ոչ ոք ինքնակամ չի թողնի հայրական տունը: Այստեղից էլ օրինաչափ դիմակայությունները, որոնք, որպես կանոն, հանգեցնում են հակամարտությունների: Նման դեպքերում միշտ էլ գտնվում են հրձիգներ եւ կրակի վրա յուղ լցնողներ: Իսկ հետո Հին կտակարանի ոգով կլինի "ակն ընդ ական, ատամն ընդ ատաման": Եվ ի հայտ կգա մի սերունդ, որը կմոռանա սեփական ակունքների, նախահայր եղբայրների, ընդհանուր Աստծո մասին: Դե ինչ, եվրամիությունների եւ նորահայտ սորոսների ամեն տեսակ պայմանների ստրկական կատարման դեպքում օգնության ներհոսը միառժամանակ կշարունակվի: Իսկ ի՞նչ կլինի հետո: Հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, համատեղ դիմացել հազար ու մի փորձանքի ու դառնության, եւ հանկարծ մեկ սերնդի կյանքի ընթացքում տեղի է ունենում այն, ինչին հավերժորեն ձգտել էր ընդհանուր թշնամին: Արդեն այսօր Վրաստանի ու Հայաստանի սահմանները հարուցում են ոչ միայն հայերի երկյուղները: Երկու կողմերը լավ գիտեն, որ սահմանի մոտ այսպես կոչված հայկական տարրի առկայությունը երկու ժողովուրդներին հույս է ներշնչում որպես յուրօրինակ մարտունակ սահմանային ուղեկալ: Հենց որ սահմանի երկայնքով տեղաբաշխեն մեսխեթցի թուրքերին, անմիջապես կսկսվի պանթուրքիզմի նենգ ծրագրերի իրականացումը: Իսկ այդ ծրագրերը մեզ վաղուց եւ շատ լավ հայտնի են: Բազմիցս մեջբերել եմ թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի խոսքերը, որը դեռ 1918-ին Բաթումում Անդրկովկասյան սեյմինիստում ցինիկորեն ասաց, որ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիային դուրս մղեցին Աֆրիկայից, որ երկիրը հարկադրաբար հեռացավ Բալկաններից, եւ որ այժմ արդեն ճակատագիրը մատնանշում է Արեւելքը, որտեղ թուրքերի արյունն է, նրանց հավատը եւ լեզուն: Եվ որ այդ բախտորոշ ճանապարհին թուրքերին խանգարում են հայերը, ովքեր "պետք է մի կողմ քաշվեն": Ընդսմին, նա նշում էր նաեւ այն մարզերը, որոնք այժմ մտնում են Վրաստանի կազմի մեջ: Մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, թե Թուրքիան այսօր կհրաժարվի իր չարանենգ ծրագրերից: ...Պետք է ասել, որ Վեհիբ փաշան փաստորեն զբաղվում էր գրագողությամբ: Դեռ 1915-ին երիտթուրքական բոլոր ֆյուրերները միմյանց ընդհատելով հնչեցնում էին իրենց գլխավոր ռազմավարական խնդիրը, որը հետեւյալն էր. քրիստոնյաներին հարկավոր է ոչնչացնել արդեն այն պատճառով, որ նրանք կանգնած են պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի սրբազան իդեալների իրականացման ճանապարհին: Իսկ պանթուրքիզմի ջատագովներից Բեհաեդդին Շաքիրը գլխավոր խոչընդոտի՝ հայերի մասին խոսելուց հետո հետեւյալ ամփոփումն արեց. "Մենք ստիպված ենք մեր ճանապարհին ոչնչացնել այն ամենը, ինչը կարող է խոչընդոտ դառնալ մեր սրբազան ազգային իդեալների իրականացման գործում": Ընդսմին, թե՛ Շաքիրն ու Վահիբը եւ թե նրանց նմանները չէին թաքցնում, որ իրար դեմ կհանեն իրենց թշնամիներին. ոմանց՝ քծնանքով, ոմանց էլ՝ կաշառքներով: Այսօր թուրքը վրացու բարեկամի պարեգոտ է հագել: Այստեղ ինչպես չհիշես պայծառագույն Շոթա Ռուսթավելուն, ով դարերի խորքից նախազգուշացնում է մեզ. "Թշնամիների մեջ ամենից վտանգավորն այն թշնամին է, որը բարեկամ է ձեւանում": 1915-ին թուրքերը վերհիշեցին իրենց հայրերի նողկալի ձեւակերպումը. "Թուրքիան չունի Անգլիայի ռազմանավերը, չունի Գերմանիայի երկաթն ու պողպատը, չունի Ռուսաստանի անթիվ-անհամար կազակներին, բայց Թուրքիան ունի փետուրե փափուկ բարձ, որը դնելով մեծ տերությունների ղեկավարների գլուխների տակ, կքնեցնի նրանց եւ կլուծի իր բոլոր հարցերը": Իհարկե, թունավոր փետուրով լի թուրքական բարձին գումարվում են նաեւ աշխարհի պես հին թուրքական զենքերը՝ կաշառքն ու քծնանքը, որոնք կիրառվել էին Բյուզանդիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Սերբիայում, Հյուսիսային Իրանում, Արցախում, Գարդմանքում, Արեւմտահայաստանում եւ որոնք այսօր ավելի, քան երբեւէ կիրառվում են Վրաստանում, որպես զավթողական զենք օգտագործելով ժողովրդագրական պայթյունները: Բավական է դիտել վերջին տասնամյակներում Վրաստանի էթնիկական կազմի փոփոխության ընթացքի ժողովրդագրական ցուցանիշները, եւ կհամոզվենք, թե ինչպիսի աղետ է սպասում ամենքիս: Հենց "ամենքիս": 1959-ին Վրաստանում կար 150 հազար ադրբեջանցի, 20 տարի անց՝ 250 հազար: 1989-ին (ԽՍՀՄ վերջին մարդահամարը) նրանք 300 հազարից ավելի էին: Կրկնում եմ, որ խոսքն ազգանուններով գրանցվածների մասին է: Հայաստանում մենք փորձով լավ գիտեինք, որ իրական կյանքում թվերն անհամեմատ մեծ են: Բայց կա նաեւ մեկ ուրիշ, ոչ պակաս վտանգավոր միտում, դա պետականակերտ ազգի՝ վրացիների ծնելիության աղետալիորեն նվազող ցուցանիշներն են թուրք-ադրբեջանցիների աղետալիորեն բարձր ծնելիության պայմաններում: Բանն այն է, որ տոկոսային առումով դեռ վերջերս Վրաստանում ադրբեջանցիներն էթնիկական բոլոր խմբերի մեջ չորրորդ տեղում էին, իսկ այժմ երկրորդ տեղում են եւ շատ առաջ են անցել հայերից ու ռուսներից: ...1990-ի մարտին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի նիստի ժամանակ ես իմ պատգամավոր գործընկերոջ՝ Բորիս Դադամյանի հետ պայմանավորվեցի ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեի հետ հանդիպման մասին: Հանդիպումը կայացավ նույն օրը, նրա աշխատասենյակում: Ի թիվս այլ բաների, խոսվեց Թուրքիայի մասին, որն արդեն այն ժամանակ վերակառուցման քողի ներքո, իբր առեւտրի համար, կամուրջներ էր սարքում Արաքսի վրա դեպի Նախիջեւան եւ դեպի թուրք-վրացական ծովային սահմանը: Վրաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար եւ ապագա նախագահ Շեւարդնաձեն այն ժամանակ ասաց. "Փորձը ցույց է տվել, որ առեւտուրը մերձեցնում է ժողովուրդներին": Դժվար էր չհամաձայնել այդ հին ճշմարտությանը: Բայց ես Շեւարդնաձեին ասացի մեկ ուրիշ ճշմարտություն: Թուրքերը վրացիներին կվերավաճառեն բանաններ, իսկ ադրբեջանցիներին կնվիրեն ավտոմատներ: Ես չզլացա նրան նաեւ հիշեցնել, որ (դա հայտնի էր Հայաստանում) թուրք դերվիշները գաղտնի այցելում են ադրբեջանցիների տները նրանց համահավաք բնակության վայրերում եւ ներգործուն կերպով խրախուսում են ծնելիությունը: Նման մի մոլլայի հետ հանդիպել եմ Հայաստանում եւ մեր վեճի տեքստը զետեղել "Օջախ" գրքում: ԽՍՀՄ արտգործնախարարը խորը հոգոց հանեց, շունչը փոքր-ինչ պահեց եւ մեղմորեն ասաց. "Այո, դա, իհարկե, մեծ խնդիր է": ...Ես Շեւարդնաձեին հիշեցրի նաեւ այն, որ երբ Ղարաբաղյան շարժման առաջին օրերին Գորբաչովն ընդունեց ինձ եւ Սիլվա Կապուտիկյանին, մենք նրա սեղանին դրեցինք ԽՍՀՄ աշխարհագրական քարտեզ, որը թուրքական դպրոցների ուսումնական ձեռնարկ էր: Խոսքն այն քարտեզի մասին է, որն այսօր արդեն մեծ չափով մարգարեական է դարձել: Ամբողջ Հյուսիսային Կովկասը, Պովոլժիեի մեծ մասը, ամբողջ Միջին Ասիան, Ղազախստանը, Սիբիրի մեծ մասը ծածկված են կանաչ գույնով: Ահա Անդրկովկասի հետ կապված մի բավական հետաքրքրական մանրամասնություն. առկա է Երեւան անունը կրող մի փոքրիկ դեղին շրջան, իսկ մնացյալը ներկված է կանաչ գույնով: Թուրքիայում հրատարակված քարտեզի վրա Վրաստանն առհասարակ չկա: Սա զարմանալի չէ: ՆԱՏՕ-ի գաղափարախոսներն ու հիմնադիրներն իրենց համար որոշել էին. Թուրքիայի արժեքն այն է, որ ԽՍՀՄ-ին սահմանակից միակ կապիտալիստական երկիրն է: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը Թուրքիան անվանել է ԱՄՆ-ի ամենաարեւելյան սահման կամ 51-րդ նահանգ: Քանզի ԽՍՀՄ-ը հասկացվում էր որպես բուն Ռուսաստան: Այսօր Թուրքիան այլեւս սահմանակից չէ Ռուսաստանին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա զրկվել է Արեւմուտքի համար ձգողական այդ արտոնությունից: Վերոհիշյալ քարտեզի հեղինակներն անչափ լավ գիտեին, որ վաղ թե ուշ խորհրդային կայսրությունը կփլուզվի, ինչպես փլուզվել էին աշխարհի բոլոր հզոր կայսրությունները: Պատահական չէ վերլուծաբանների այն պնդումը, որ Թուրքիան վերստին երազում է Ռուսաստանի հետ ցամաքային նոր սահման ունենալ Վրաստանի միջոցով, որպեսզի հետագայում բռնակցի այդ երկիրը: Կարծում եմ, քաղաքագետներն իզուր են հաճախ մեջբերում Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերը, որը 2005-ի ամռանն ասել էր. "Իհարկե, Կարս -Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցումը Վրաստանի ներքին գործն է, որը ձգտում է երկաթուղային հաղորդակցություն ունենալ Թուրքիայի հետ: Միաժամանակ կարծում եմ, որ ավելի էժան կլիներ Կարս-Գյումրի-Թբիլիսի հաղորդակցության վերականգնումը, քան նոր ուղեգծի կառուցումը": Ընդսմին, հանգուցյալ վարչապետը շատ լավ գիտեր, որ Թուրքիան հետապնդում է բնավ էլ ոչ զուտ տնտեսական նպատակներ: Ախալքալաքով երկաթգծի անցկացումը, ղազախական նավթն Ադրբեջանով ու Վրաստանով Թուրքիա հասցնելը, թուրք-վրացական համատեղ ռազմավարական նախագծերը եւ շատ այլ բաներ տնտեսության հետ կապված են միայն առաջին հայացքից: "Անդունդ" գրքում ես մեջբերել եմ մամուլում հրապարակված այն փաստերը, թե ինչպես 1998-ից (Ռուսաստանի հասարակության աներեւակայալի պառակտման եւ քաոսի տարվանից) Ռուսաստան եւ ԱՊՀ մյուս երկրներ (այդ թվում Վրաստան) հորդացին թուրքական շինարարական բրիգադները: Բայց քչերը գիտեին, որ դրանք առաջին հերթին խաղում էին տեղերում թուրքական գարուն բերող "ծիծեռնակների" բարդ դերը: Նա եւ քչերը գիտեին, որ թուրք խոպանչիների ֆինանսական ծախսերն ստանձնել են ոչ թե ինչ-ինչ շինարարական ֆիրմաներ, այլ... Թուրքիայի կրթական հիմնադրամները, որոնք լիցեյներ են ֆինանսավորում Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրներում: Դժվար չէ գուշակել, որ այդ լիցեյներում Աստծո խոսքը չի դասավանդվում: Ռուսաստանի իրավապահ մարմինները բացահայտել են տվյալ հիմնադրամների հասցեները. "Ուֆուկ", "Սարխաթ", "Թորոս", "Տոլեռանս", "Էֆլակ" եւ այլն, որոնք պանթուրքական բնույթի "Նուրջալար" կրոնածայրահեղական իսլամական աղանդի կառուցվածքային ստորաբաժանումներն են: Լավագույն աշակերտներին Թուրքիա են ուղարկում կրթությունը շարունակելու: Աղանդի առաջնորդ Ֆահթոլլահ Գյուլենը, որն անմիջականորեն մասնակից է թուրքական դպրոցների կազմակերպմանը, բնավ էլ չի թաքցնում պանթուրքիզմի ծրագրերը: "Մեր խնդիրն է արդի փուլում տարածել իսլամական աշխարհայացքը: Հենց այդ ձեւով մենք կկարողանանք գրավել մեր հողերն առանց որեւէ ջիհադի", ասում է նա: Միաժամանակ խոստովանում է, որ Թուրքիային օդի պես անհրաժեշտ է սահման ունենալ Ռուսաստանի հետ, եւ որ այդպիսի սահման պետք է դառնա Վրաստանի ամբողջ տարածքը, ինչպես որ խորհրդային ժամանակներում սահման էր հայտարարվել Նախիջեւանի ԻԽՍՀ-ի ամբողջ տարածքը: Դրա համար անհրաժեշտ է կարողանալ ներգործուն կերպով սպասել: Նույնիսկ դպրոցականը կհասկանա, որ հեռու չէ այն օրը, երբ կդատարկվի Վրաստանով Թուրքիա մտնող նավթամուղը: ԱՄՆ -ի ու ԵՄ-ի օգնությունը նույնպես չի կարող երկար տեւել: Պարզ է, որ այդ ժամանակ տարածաշրջանում քաոս կծագի (եւ ոչ միայն մեր տարածաշրջանում): Իսկ մինչ այդ թող թուրք երեխաներն ուսումնասիրեն այն քարտեզը, որի վրա չկա Վրաստանը, թող ընտելանան: Նման հեռանկարը ձեռնտու չէ առաջին հերթին Հայաստանին, որն զգալով մանկուրտության (հուսով եմ, ժամանակավոր) վտանգը, ոչ պակաս վտանգավոր փոխադարձ թյուրըմբռնումը (հուսով եմ, դարձյալ ժամանակավոր), հնարավոր եւ անհնար ամեն ինչ կանի ընդհանուր աղետը կանխելու համար: Այստեղ ինչպես չհիշես իմաստուն եւ անմոռանալի Սիլվա Կապուտիկյանին, ով մեր ընդհանուր ակունքներին վերաբերող լեգենդի կրքոտ ջատագովներից էր: Եվ ամեն անգամ, երբ տագնապով ու ցավով լի խոսք էր բացվում Վրաստանի ու վրացիների մասին, նա, իրեն բնորոշ սթափ վստահությամբ, ասում էր. "Ես հանգիստ եմ, քանզի գիտեմ, որ ամենաանհրաժեշտ պահին մեզ կփրկեն մեր նախապապերի հետ կապված ընդհանուր հիշողությունը եւ մեր ժողովուրդների ապագայի հանդեպ պատասխանատվության համատեղ ու մեծ զգացումը": Անհրաժեշտ վերջաբան Բանակցությունների սեղանի շուրջը սովորաբար նստում են թշնամիները, մեղմ ասած՝ հակառակորդները։ Թող չորանա հայի և վրացու լեզուն, եթե թույլ տան իրենց միմյանց թշնամի կամ հակառակորդ համարել։ Մենք կարող ենք և պետք է մեր նախնիների բացած սեղանի շուրջը նստենք ոչ միայն հյուրասիրության, այլև իրար հասկանալու համար։ Այդպես է ասել իմ Մարկոս պապը, ում կարծիքով՝ անգամ հարազատ եղբայրները կարող են թշնամի լինել, եթե նրանց միջև բացակայի փոխըմբռնումը։ Մարկոս պապս տատիս հետ ավելի քան 60 տարվա համատեղ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի վիճել։ Տատիս ամեն մի փնթփնթոցին, անգամ կոշտ խոսքին, ինչպես ինքն էր խոստովանում, պատասխանել է ոչ թե սոսկ լռությամբ, այլ ըմբռնումով. ասել է, թե կինը՝ կին է, թեկուզև՝ ամուսնացած։ Պապս տատիս շատախոս չէր համարում։ Նա լավ գիտեր, որ մասնակի դժգոհությունը հատուկ է յուրաքանչյուր տնային տնտեսուհու։ Հեշտ գործ չէ սովի դաժան տարիներին երեք որդի և երկու դուստր դաստիարակել և հետն էլ միշտ հանգիստ ու բարեհամբույր լինել։ Պապս այդ մասին լավ գիտեր։ Գիտակցում էր, որ անհասկացողությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ ընտանիքի համար։ Իմաստուն գրող Լիոն Ֆոյխթվանգերը, մանրամասն ուսումնասիրելով հասկանալու և չհասկանալու խնդիրը, հանգել է կարճ, բայց տարողունակ բանաձևի. "Անհասկացողությունը բարեկամներին թշնամի է դարձնում"։ Ինչպես տեսնում ենք, գործ ունենք ոչ միայն պապենական փիլիսոփայության, այլև ռազմավարական խնդրի հետ։ Իմ վրացի ժամանակակիցներին, դարաշրջանի հարևաններին հասցեագրված ներկա նամակում կոնկրետ ոչինչ չկա հասկանալիության և անհասկացողության վտանգի մասին։ Պարզապես մտահոգ եմ երկու ժողովուրդների վաղվա օրվա համար, որոնք դարերի ընթացքում ոչ թե լավ, այլ շատ լավ են հասկացել մեկը մյուսին, սակայն այսօր, ասես զրկված լինելով հորիզոնից, ապագան վատ են տեսնում և այնքան էլ չեն գիտակցում, որ փոխըմբռնումն այլընտրանք չունի։ Նոր սերունդը, ավաղ, տառապում է պատմական հիշողության կորստով, որի համար օբյեկտիվ պատճառներ էլ կան։ Եվ այժմ պարզապես դատապարտված ենք, որպեսզի հայը հասկանա վրացու հոգին, վրացին հասկանա հայի հոգին։ Սրանից է սկսվում հասկացողությունը, որը համաձայնության սկիզբն է։ Զորի Բալայան |
![]() ![]() ![]() |